Մենք հիմա էնպիսի ադրբեջանցի ընկեր ունենք, որ հարյուր հայի հետ չենք փոխի (լուսանկարներ)

Մենք հիմա էնպիսի ադրբեջանցի ընկեր ունենք, որ հարյուր հայի հետ չենք փոխի (լուսանկարներ)

Վրաստանում երեկ խորհրդարանական ընտրություններ էին։ Մասնակցում էին 26 կուսակցություն։ Երե ամբողջ օրը մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում նախընտրական մթնոլորտ առանձնապես չէր զգացվում։ Ընտրությունների մասին հուշում էին միայն կանգառներում, շենքերի պատերին ու գովազդային վահանակներին փակցված նախընտրական պաստառները։ 26 կուսակցություններից, սակայն, միայն երկուսի՝ 41 համարի տակ հանդես եկող իշխող «Վրացական երազանք» և 5 համարով նշվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների պաստառներին հանդիպեցինք։ Հենց նրանք էլ երեկվա ընտրության արդյունքներով հավաքեցին ամենաշատ ձայները, մյուսներն անգամ 5 տոկոսի շեմը չհաղթահարեցին։



Նշենք, որ «Վրացական երազանքի» հիմնադիրը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է, «Ազգային միացյալ շարժման» հիմնադիրը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Հիմնական մրցակցությունը հենց այս երկու ուժերի միջև է ընթացել, և նրանք էլ անցել են խորհրդարան։ «Վրացական երազանքը», նախնական տվյալներով, հավաքել է ձայների 51.39 տոկոսը՝ ձևավորելով մեծամասնություն խորհրդարանում, իսկ Սահակաշվիլու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» օգտին քվեարկել է ընտրողների մեկ քառորդը՝ 25.74 տոկոսը։



Բայց եթե Թբիլիսիում գոնե արտաքուստ խաղաղ իրավիճակ էր, ապա Թբիլիսիից մի քանի կմ հեռու գտնվող հիմնակականում ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում բացահայտ լարված էր։ Տեղի արդրբեջանական Կիզլի-Աջլո գյուղում, ըստ տարածված տեղեկատվության, «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցների միջև բախում է տեղի ունեցել, գյուղ են ժամանել հատուկ ջոկատայինները, և ընտրության ավարտից րոպոներ առաջ դադարեցվել է քվեարկությունը։ Պարզվում է՝ «Վրացական երազանքի» կողմնակիցները փորձել են տվյալ ընտրատեղամասում «հայկական կարուսել» և կրկնակի քվեարկություն իրականացնել։ Ուշագրավ է, որ վրացիներն այդ տեխնոլոգիան հենց այդպես էլ անվանել են՝ «հայկական կարուսել»։



Մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում նաև հայեր են ապրում։ Այստեղ յոթ հայաբնակ գյուղ կա, որոնց մի մասը ամբողջությամբ հայաբանակ, հայկական ու հայերեն անվանումներով են, օրինակ՝ Շահումյան, Կարմիր գյուղ։ Հայաբնակ գյուղերից Իմիրի բնակչուհի Մարիետա Նիկողոսյանը, ով Շուլավերի ճանապարհին առևտրով է զբաղվում, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նախապատվությունը տվել են 41-ին՝ Իվանիշվիլու «Վրացական երազանքին»։ Բայց, նրա խոսքով, իրենց շրջանում ժողովրդի մեծամասնության նախապատվությունը «նացիոնալների»՝ Սահակաշվիլու կուսակցության կողմն է։ Համամասնական ընտրակարգով կուսակցություններին ձայն տալուց զատ՝ Մառնեուլի շրջանի բնակչությունն ընտրել է նաև իր ընտրատարածքի մեծամասնական թեկնածուին։ Տիկին Մարիետան ասաց, որ իրենց շրջանում թեկնածուների մեծ մասը ադրբեջանցիներ են, մեկ էլ մի սվան թեկնածու կա՝ Թամազ Նավերյանը (սվանները վրացական ցեղ են)։ «Մենք Թամազ Նավերյանին ենք ընտրել՝ ազգությամբ սվան, դե վրացի, էլի»,-ասաց Մարիետա Նիկողոսյանը՝ նշելով, որ նա էլ է «Վրացական երազանք» կուսակցությունից։



Մեր հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում տեղի իշխանությունները, հատկապես ադրբեջանցի ղեկավարները իրենց, արդյոք խտրականություն զգացվու՞մ է տեղի հայերի նկատմամբ, Վրաստանում ապրող մեր հայ զրուցակիցն ասաց․ «Չէ, տարբերություն չեն դնում։ Միայն Գամսախուրդիայի ժամանակ էին տարբերություն դնում։ Կարող է պատահի՝ մի բանով դիմես, եթե չօգնեն էլ, սիրալիր ճամփու կդնեն։ Մենք հիմա էնպիսի ադրբեջանցի ընկեր ունենք, որ մեզ փողով օգնում է՝ առևտուր անենք, որ հարյուր հայի հետ չենք փոխի, լավ տղա է, ոսկի տղա է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ