Վրաստանում երեք հայ պատգամավոր կունենանք, որից երկուսը՝ հին դեմքեր

Վրաստանում երեք հայ պատգամավոր կունենանք, որից երկուսը՝ հին դեմքեր

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ էին։ Մասնակցում էր 26 կուսակցություն։ Ֆավորիտներն էին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունը եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Հենց նրանց միջեւ էլ թեժ պայքար ընթացավ։ Սահակաշվիլին ցանկանում էր այս ընտրությունների միջոցով նորից վերցնել Վրաստանի իշխանությունն իր ձեռքը։ Իվանիշվիլու «Վրացական երազանքը» դժվարությամբ, բայց կարողացավ պահպանել դիրքերը։ Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների՝ «Վրացական երազանքն» ստացել է ձայների 49 տոկոսը, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27 տոկոսը։ 5 տոկոսի շեմը կարողացել է հաղթահարել նաեւ «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների ալյանսը»։ Մյուսները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Այսպիսով՝ Վրաստանի խորհրդարանում ներկայացված կլինի երեք կուսակցություն։ Նկատենք, սակայն, որ Ախալցխա-Ադիգեն միասնական ընտրատարածքում թե՛ կուսակցություններից, թե՛ նրանց ներկայացրած մեծամասնական թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին։ Հետեւաբար, այստեղ երկրորդ փուլ կանցկացվի։ Թեպետ դժվար թե նոր արդյունքներն էապես ազդեն ընդհանուր պատկերի վրա, եթե կրկին երկրորդ փուլի խնդիր չառաջանա։ 



Վրաստանի խորհրդարանական ընտրությունները մեզ համար առավել հետաքրքրական էին հատկապես հայ թեկնածուների ընտրության մասով։ Քանի որ մենք ունենք Վրաստանում, մասնավորապես՝ հայաբնակ Ջավախքում մեծ հայ համայնք, այս տարածքից սովորաբար հայ թեկնածուներ են առաջադրվում եւ ընտրվում պատգամավոր։ Ջավախքի նման է պատկերը նաեւ Վրաստանի մեկ այլ՝ Մառնեուլի շրջանում, պարզապես այստեղ էլ հակառակն է։ Մառնեուլում մեծամասնությունն ադրբեջանցիներ են, մի որոշ տոկոսն էլ՝ հայեր։ Եվ այս շրջանի մեծամասնական թեկնածուները հիմնականում ադրբեջանցիներ են լինում, այս տարի էլ էր այդպես։ Այստեղ հայեր չեն առաջադրվում, քանզի ադրբեջանական համայնքում հայ թեկնածուի առաջադրումն անիմաստ է։



Իսկ Ջավախքում բոլոր կուսակցություններից էլ մեծամասնականով հայ թեկնածուներ կային առաջադրված։ Ֆավորիտը, սակայն, իշխող «Վրացական երազանքի» թեկնածու Հենզել Մկոյանն էր։ Վրաստանի իշխանություններն այս անգամ որոշակի վարչատարածքային փոփոխություն իրականացրին ընտրատարածքներում։ Ջավախքի մի շարք շրջաններ եթե նախկինում հանդես էին գալիս որպես առանձին ընտրատարածք, այս անգամ զույգ-զույգ միավորվեցին մեկ ընտրատարածքի մեջ։ Արդյունքում կրճատվեց մեծամասնական թեկնածուների թիվը, ըստ այդմ՝ քանակական առումով ազդելով հայ պատգամավորների ներկայացվածության վրա։ Ահավասիկ, եթե մինչ այդ, օրինակ, Ախալքալաքի շրջանը, որպես մեկ ամբողջական ընտրատարածք, ուներ իր մեծամասնական թեկնածուն, այս անգամ Ախալքալաքի մի մասը միացավ Նինոծմինդայի շրջանի հետ, իսկ մյուս մասը՝ Բորժոմիի։ Ստացվեց նախկին 3 ընտրատարածքից 2 մեծամասնական պատգամավոր։ Եվ եթե Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից բոլոր մեծամասնական թեկնածուներն էլ հայ էին, ապա Ախալքալաքի 17 գյուղերի ու Բորժոմիի շրջանի միավորված ընտրատարածքում հայ թեկնածու չկար։ Այս իմաստով հայերը տուժեցին, քանզի բուն Ախալքալաքից հայ պատգամավոր չունեցան։ Թեպետ ընտրության արդյունքները փաստեցին, որ նախկինի նման այս տարի էլ կունենանք 3 պատգամավոր, իսկ չորրորդի հարցն էլ պարզ կդառնա մանդատների բաշխումից հետո։



Ընտրության արդյունքներով այս տարածքից (Ախալքալաք-Նինոծմինդա) ընտրված միակ հայ պատգամավորը Հենզել Մկոյանն է՝ առաջադրված իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից։ Նա ծնունդով Նինոծմինդայի շրջանից է, Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր, որն այս անգամ եւս վերընտրվեց։ Մկոյանը Ջավախքում հայտնի է ավելի շատ որպես գործարար, հետո՝ պատգամավոր։ Հայ շատ օլիգարխների նման՝ նա էլ պատգամավոր է դարձել երեւի «դե էլ ինչ բիզնեսմեն, որ դեպուտատ չդառնա» տրամաբանությամբ։ Ու ինչպես մեր խորհրդարանում հայ օլիգարխները, Վրաստանի պառլամենտում էլ Մկոյանն այս տարիների ընթացքում ակտիվությամբ աչքի չի ընկել, հայանպաստ որեւէ նախաձեռնությամբ, որեւէ ելույթով ու հայտարարությամբ հանդես չի եկել։ Թեպետ ասում են՝ հանձնաժողովների նիստերին մասնակցություն ունեցել է։
Ուշագրավ է, որ Մկոյանը 2012-ին պատգամավոր էր ընտրվել Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից։ Բայց իշխանափոխությունցի հետո, երբ Իվանիշվիլու «Վրացական երազանքը» դարձավ մեծամասնություն, նա ճամբարափոխ եղավ ու այս ընտրություններին ընտրվեց արդեն այս կուսակցության քվոտայով։



Հավանաբար, Հայաստանի փորձը խորը ազդեցություն է թողել մեր ջավախքցի հայրենակիցների վրա։ Ցավոք՝ Հայաստանից լավ բաները չէ, որ ընդօրինակում են։ Մկոյանի հետ պատգամավոր էր նաեւ Սամվել Պետրոսյանը, ով եւս նախկինում Սահակաշվիլու, այժմ արդեն Իվանիշվիլու կուսակցությունից է։ Այս ընտրություններին նա չառաջադրվեց մեծամասնականով, ասում էր՝ հոգնել է, փոխարենն ուզում էր որդուն դարձնել պատգամավոր։ Բայց կուսակցությունից որոշեցին Մկոյանին առաջ քաշել, իսկ Պետրոսյանի որդուն անգամ համամասնական ցուցակում չընդգրկեցին։ Սրանից խիստ նեղսրտել էր Սամվել Պետրոսյանը՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել էր Ախալքալաք ու չէր ներկայացրել իր որդուն որպես համամասնական ցուցակի թեկնածու։ Անգամ աղմուկ բարձրացրեց վարչապետի ներկայությամբ, ինչը ոչ մի օգուտ չտվեց նրան, իսկ վարչպետն էլ կեսից թողեց-հեռացավ։ Մկոյանին այս տարածքում մրցակից էին եւս 7 հայ մեծամասնական թեկնածուներ՝ առաջադրված տարբեր կուսակցություններից։



Հիմնական մրցակիցն «Ազգային միացյալ շարժման» թեկնածու Արսեն Կարապետյանն էր, ով Նինոծմինդայի նախկին ոստիկանապետն էր։ Բայց հաղթեց Մկոյանը։ Հայ մեծամասնական թեկնածուներ կային առաջադրված նաեւ այլ շրջաններից՝ Թբիլիսիի երեք տարբեր ընտրատարածքներից՝ մեկական թեկնածու, Ծալկայի եւ Դմանիսի միացյալ ընտրատարածքից՝ եւս մեկ թեկնածու։ Մյուսներում, անգամ Ախալցխայում, հայ մեծամասնական թեկնածու որեւէ կուսակցությունից չի եղել։ Փոխարենը հայ թեկնածուներ կային տարբեր կուսակցությունների համամասնական ցուցակներում։



Ամփոփելով արդյունքները․ Վրաստանի խորհրդարանում մենք կրկին կունենանք 3 պատգամավոր, եթե Ախալցխայում Սահակաշվիլու կուսակցությունը երկրորդ փուլում ավելի շատ ձայներ հավաքի, եւ ավելանա նրա մանդատների քանակը, ապա հնարավոր է ցուցակի 31-րդ համարում ընդգրկված հայ թեկնածուն եւս անցնի խորհրդարան։ Մյուս երկու թեկնածուները կրկին «Վրացական երազանքից» են՝ ընտրված արդեն համամասնական ցուցակով։ Մեկը գործող պատգամավոր Ռուսլան Պողոսյանն է՝ թբիլիսահայ, մյուսը՝ Սամվել Մանուկյանը՝ Ախալքալաքից։



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ