Ֆուտբոլային պարտության պատճառները մեկը չեն, մի քանիսն են

Ֆուտբոլային պարտության պատճառները մեկը չեն, մի քանիսն են

Հոկտեմբերի 8-ին Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի ջախջախիչ պարտությամբ՝ 5։0։ Եվ նորից ողջ ֆուտբոլային հանրությունը հարձակվեց Հայաստանի հավաքականի, մարզչի եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի վրա՝ նրանց մեղադրելով պարտության մեջ։ Եվ ճիշտ էլ արեց, իսկ ո՞վ է մեղավոր պարտության համար՝ հավաքականի խաղացողնե՞րը, որ լավ չեն խաղում, հավաքականի մարզի՞չը, որ վատ խաղացողների է դաշտ մտցրել, եւ ֆեդերացիա՞ն, որ մարզիչ է նշանակել մեկին, ով չգիտի՝ ում մտցնի դաշտ, որ կեսից շունչը չփչի-ընկնի, կամ որ գնդակը մոտը գա, կարողանա ընդունել, պաս տալ, երբեմն էլ՝ գոլ խփել։ Մեր հավաքականում ստեղծվել է մի իրավիճակ, որ գնդակը ծուռ չխփելն էլ է մեծ հերոսություն դարձել։ 



Ո՞րն է այս իրավիճակի պատճառը, ովքե՞ր են մեղավոր, որո՞նք են օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները, որոնց վերլուծելով միայն կարելի է լուծումներ գտնել։



Բանն այն է, որ մենք իրականում այս պահին չունենք լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներ։ Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, Էդգար Մանուչարյան, Յուրա Մովսիսյան, Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան եւ այլք։ Նրանց մի մասը վնասվածք ուներ, ովքեր տեղափոխվել են այլ ակումբներ, պահեստայինի կարգավիճակում են գտնվում եւ ֆուտբոլ ուղղակի չեն խաղում, լավ մարզավիճակում չեն, ինչպես ասում են։ Հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանը թեեւ փորձել էր նրանց միջից ընտրել քիչ թե շատ լավ մարզավիճակում գտնվողների, բայց արդյունքը փայլուն չէր։ Յուրա Մովսիսյանին, պարզվում է, հրավիրել են հավաքական, բայց չի եկել։ Ասում են՝ պատճառն անցած տարի Ռուբեն Հայրապետյանի արտահայտած կասկածներն էին, որը նա հայտնել էր Հայաստան-Ալբանիա խաղից հետո, երբ Հայաստանը կրկին պարտվեց։ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ դավաճաններ են եղել մեր հավաքականում։ Դրանից հետո երեք խաղացողներ այլեւս չհավիրվեցին հավաքական։ Նրանցից մեկը Յուրա Մովսիսյանն էր, մյուսը՝ դարպասապահ Գեւորգ Կասպարովը, եւ երրորդը՝ Ռոբերտ Արզումանյանը։ Այսինքն՝ այս երեքին էին կասկածում խաղում «ծախվելու», թիմին դավաճանելու մեջ։ Չորս «դավաճանների» մեջ էր նաեւ Գեւորգ Ղազարյանը, ով հետո մասնակցեց խաղերին։



Վարուժան Սուքիասյանը խաղից հետո տված ասուլիսում փորձեց բացատրել, թե ինչու Մովսիսյանը չի եկել հավաքական. «Ինքներդ կարող եք հարցնել Մովսիսյանին, թե ինչու հավաքականում չէ: Ես իր հետ հանդիպելու պայմանավորվածություն ունեի՝ չեկավ»։



Կարող էր հրավիրել նաեւ Ռուսլան Կորյանին, բայց նրան եւս չհրավիրեց։ Այսօր տեղի է ունենալու Լեհաստան-Հայաստան խաղը, որին արդեն Կորյանը հրավիրվել է։ Բայց Հայաստանի հավաքականի մարզչի մեղքը ոչ միայն ֆուտբոլիստների սխալ ընտրության մեջ էր, այլեւ սխալ մարտավարության։ Այս մասին խոստովանեց հենց ինքը՝ Սուքիասյանը։ «Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղալ 5 պաշտպանով, իսկ այս խաղում պետք է ավելի մեծ ուժերով գրոհեինք եւ օգտագործեցինք 4 պաշտպան, բայց սխալվեցինք: Կրկնում եմ՝ պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,- ասել էր նա: Սակայն ֆեդերացիայում նրա հրաժարականի հարցը չեն քննարկել, այդ մասին կարող է որոշում կայացնել միայն ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Սուքիասյանն ինքն էլ նման մտադրություն չունի։ «Եթե այս ծանր վիճակը չլիներ, հաստատ հրաժարական կտայի»։ Բայց եթե ֆեդերացիան պահանջի, հրաժարական կտա։



Ֆուտբոլի երկրպագու, լրագրող Շանթ Խլղաթյանը, գնահատելով խաղը, ասաց. «Չեմ կարծում, որ կլինի մի երկրպագու, որ կհավանի այն խաղը, որը ցուցադրեց Հայաստանի հավաքականը Ռումինիայի դեմ խաղում եւ ոչ միայն Ռումինիայի, այլ ընդհանրապես, դրանից առաջ՝ Դանիայի դեմ, նաեւ Չեխիայի դեմ ընկերական խաղում»։ Նրա խոսքով՝ մեր հավաքականն սկսել է անատամ ֆուտբոլ ցուցադրել, իսկ պատճառները, ըստ նրա, մեկը չեն, մի քանիսն են։ «Նախ՝ ես խիստ կասկածներ ունեմ, որ մեր հավաքականը գլխավորող մարզիչը՝ Վարուժան Սուքիասյանը, այն մարդն է, որը պետք է հավաքականին, եւ, երկրորդ՝ մենք ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, բայց չգիտեմ ինչ-ինչ խնդիրների՝ ֆեդերացիայի նախագահի հետ կամ այլ անձնանց հետ ունեցած խնդիրների պատճառով չեն հրավիրվում հավաքական վերջին մի քանի խաղերին, ինչը շատ լուրջ ազդեցություն է ունենում մեր թիմի խաղի վրա։ Նրանց փոխարեն հրավիրվում են ավելի շատ անփորձ ու երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք չեն կարողանում ու չեն կարողանալու նաեւ անել այն, ինչ անում էին նրանք, ովքեր այսօր հավաքականի կազմում չեն»,-ասաց Շանթ Խլղաթյանը։



Նա այսօրվա Լեհաստան-Հայաստան խաղի հետ էլ մեծ հույսեր չի կապում։ «Ռումինիայի հետ խաղից հետո Լեհաստանի դեմ խաղի համար մեկ ֆուտբոլիստ է ավելացել մեր թիմում՝ Ռուսլան Կորյանը, որին չէին հրավիրել Ռումինիայի հետ խաղին։ Մարզչի խոսքով՝ Կորյանը պատրաստ չէ 90 րոպե ֆուտբոլ խաղալ, բայց պարտությունից հետո երեւի հասկացան, որ Ռուսլան Կորյանն ավելի պատրաստ է, քան իրենց հրավիրած բոլոր ֆուտբոլիստները»,-ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով միայն Ռ. Կորյանին հրավիրելը քիչ է, որպեսզի Լեհաստանի հավաքականի դեմ կարողանան մերոնք լավ ֆուտբոլ խաղալ։ «Որքան էլ ցավալի է, ես չեմ ակնկալում, որ մեր հավաքականը կկարողանա գոնե մեկ միավոր հավաքել»,-եզրափակեց Խլղաթյանը։



Ի դեպ, կարեւոր խնդիր է նաեւ պրոֆեսիոնալ մարզիչների հարցը։ Մենք ունենք 13 պրոֆեսիոնալ մարզիչ, որոնք միջազգային Pro (professional) տեսակի լիցենզիա ունեն։ Այժմ էլ 25 մարզիչ քննություն է հանձնում՝ լիցենզիա ստանալու համար։ Բայց մեր մարզիչներից որեւէ մեկը որեւէ լուրջ ակումբ չի մարզում։ Հայաստանն այսքան մարզիչներից չի կարողանում ընտրել մեկին, ով լավագույնս կմարզի մեր թիմը։
Այսինքն՝ խնդիրները շատ ավելի խորքային են։ Այստեղ մեղքի բաժին ունեն բոլորը։ «Արարատ-73»-ի լեգենդար հուշերով ֆուտբոլ չես զարգացնի։ Այսօր հայ ֆուտբոլիստների ու նաեւ մարզիչների վրա ծախսվում է հսկայական ռեսուրս, ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, վաղուց արդեն դուրս են եկել 90-ականների հողածածկ դաշտերի պայմաններում մարզվելուց, բայց փաստն այն է, որ մենք այսօր ֆուտբոլային աստղաբույլում միայն մեկ հայի անուն կարող ենք հպարտորեն տալ՝ Հենրիխ Մխիթարյան։ Թե ինչն է խանգարում մեր ֆուտբոլիստներին ձգտել ու հասնել նրան, որ ամեն մեկն իր հերթին մի-մի Հենրիխ Մխիթարյան լինի, այլ խնդիր է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ