Կառավարության նիստը՝ լուսանկարներով

Կառավարության նիստը՝ լուսանկարներով

Այսօր կառավարության հերթական նիստին նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ շնորհակալություն հայտնելով նրանց համատեղ աշխատելու պատրաստակամության համար և մաղթեց արդյունավետ աշխատանք: Այնուհետև գործադիր ղեկավարը անցավ հանձնարարականներ տալուն: Նա կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին առաջարկեց Երևանի քաղաքապետին 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ. «Ինչի՞ մասին է խոսքը, մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»:



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ: Սպորտի ոլորտի հետ կապված հանձնարարվեց  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը:



Վարչապետը նաև առաջարկեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին:



Ձեզ ենք ներկայացնում կառավարության նիստից մեր ֆոտոշարքը: