2007թ. ես ուզում էի լինել ԱԺ-ում, բայց կեղծեցին, դուրս հանեցին. Արշակ Սադոյան

2007թ. ես ուզում էի լինել ԱԺ-ում, բայց կեղծեցին, դուրս հանեցին. Արշակ Սադոյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։



- Պարոն Սադոյան, առջեւում, 2017թ., սպասվում են խորհրդարանի ընտրություններ։ Ձեր ղեկավարած կուսակցությունը պատրաստվու՞մ է մասնակցելու ԱԺ ընտրություններին։



- Կուսակցությունը, ճիշտն ասած, բարվոք վիճակում չէ, թաղված է ֆինանսական եւ այլ դժվարությունների մեջ։ Բայց ԱԺ ընտրություններից առաջ մենք երեւի փորձենք գնալ միավորման ճանապարհով։ Առաջին հերթին դրանք կլինեն ազգային ժողովրդավար ուժերը, նկատի ունեմ՝ ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն (որի նախագահը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է) եւ մենք։



- Բայց ժամանակին Դուք եւ Շավարշ Քոչարյանը տարաջատվեցիք Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ից եւ հիմնեցիք առանձին կուսակցություններ՝ ԱԺԴ-ն եւ ԱԺԿ-ն։



- Մենք այն ժամանակ անջատվեցինք՝ պահպանելով ԱԺՄ-ի գաղափարներն ամբողջությամբ։ Մեր բաժանման պատճառը որոշ մարդկանց այլ տիպի գործունեությունն էր, որին ես չեմ ուզում նորից անդրադառնալ, երեւի Դուք գիտեք։ Մենք պահպանել ենք ԱԺՄ-ի բոլոր գաղափարները, դրանից հետո շատ լուրջ համագործակցության մեջ ենք։ Հիմա էլ ես եւ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդում ենք, ինքը նախագահ է, ես էլ՝ անդամ, մեր հարաբերությունները շատ նորմալ են։ Ասեմ ավելին. սրանից 20 տարի առաջ, սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահի ընտրություններում մենք լուրջ հաջողություն ունեցանք եւ կարողացանք հաղթել այն ժամանակ, մեր թեկնածուն պետք է նախագահ դառնար, բայց կեղտոտների պատճառով չդարձավ, ես մեկ տարի փախուստի մեջ էի։ 1996 թ. քսանամյակը մենք մեր համախոհներով նշեցինք, երեւի մի 60 մարդ կար։ Այդ մասին նույնիսկ «Անկախ» թերթում կար հոդված։ Մենք լուրջ տարաձայնություններ չունենք, եւ եթե առաջիկայում մասնակցենք քաղաքական գործունեության, ապա կմասնակցենք միասին։



- Իսկ Դուք ունե՞ք ֆինանսական եւ մարդկային բավարար ռեսուրսներ՝ մասնակցելու ԱԺ ընտրություններին։



- Բնական է, որ մենք լավ վիճակում չենք մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից, բայց դեռ ժամանակ կա առաջիկայում։ Մենք կփորձենք մեր ազգային ժողովրդավարների գաղափարները տարածել։ Չգիտեմ՝ Դուք տեղյա՞կ եք, թե՞ ոչ, բայց մենք վերջերս Հանրային խորհրդի եւ մեր կողմից առաջ քաշեցինք «10 միլիոնի պետություն» ստեղծելու գաղափարը։ Ես նկատի ունեմ, որ հայերն աշխարհով մեկ մոտ 11 միլիոն են, եւ շատ ճիշտ կլինի, որ մենք կազմակերպենք աշխարհով մեկ ազգ կազմակերպություն՝ իր օրենսդիր մարմնով, եւ այդ ազգ-կազմակերպության ստեղծման պրոեկտը մենք արդեն ներկայացրել ենք իշխանություններին։



- Պարոն Սադոյան, կխնդրեի, որ Ձեր ղեկավարած կուսակցությունից հանրությանը հայտնի մի քանի անձանց անուններ նշեք։



- Բաց տեքստով ասում եք՝ մեզ չեն հետաքրքրում գաղափարները, մեզ հետաքրքրում են մարդիկ, նրանց միջի ինտրիգները։



- Բայց չիմանա՞նք, թե ովքեր են այդ գաղափարները կրող մարդիկ։



- Ուրեմն այդ գաղափարները կրող մարդիկ շատ-շատ են։ Իսկ ես իրավունք չունեմ ուրիշների անունները տալու իմ հայտարարության մեջ։ Բայց նրանք, որոնք մեր հանդիպումներին մասնակցում են, ակտիվ են, կլինեն մեր գաղափարակիցները։ Իսկ ժամանակից շուտ անուններ տալ չեմ ցանկանում։



- Դուք 1990-95թթ. եղել եք Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր։ Դուք մշտապես եղել եք ընդդիմադիր գործող իշխանություններին, նույնիսկ Ձեզ անվանում էին «4-րդ խոսափող»...



- «4-րդ խոսափողը» հիմա դրված է Հանրային խորհրդում, իմ սենյակում, Արթուր Բաղդասարյանից եմ նվեր ստացել։



- Հիմա Դուք տեղափոխվել եք այլ ոլորտ։



- Որտե՞ղ եմ տեղափոխվել, Դուք ուզում եք ցեխ շպրտել...2007թ. ես, Մանուկ Գասպարյանը, Աղասի Արշակյանը միավորվեցինք, ստեղծեցիքն դաշինք, մասնակցեցինք ընտրություններին, մեր ձայները գողացան, կեղծեցին, չթողեցին դառնալ պատգամավոր։ Հիմա Դուք ասում եք... Մենք ուզում էինք լինել ԱԺ-ում, բայց կեղծեցին, դուրս հանեցին։ Ես որպեսզի քաղաքականությամբ մի քիչ օգուտ տամ իմ ժողովրդին, Հանրային խորհրդում եմ, դա ի՞նչ է նշանակում... Եթե ԱԺ-ում չեմ, ուրեմն՝ վե՞րջ։



- Հիմա Դուք կրկին ուզու՞մ եք ընտրվել ԱԺ պատգամավոր։



- Իհարկե, ուզում եմ, բայց տարիքս մեծ է, կան դժվարություններ։ Եվ բացի այդ, ինձ համար անձը չէ կարեւոր, ես թքել եմ այն մարդկանց վրա, որ մտածում են իրենց մասին։ Երբ ես ունեմ գաղափար՝ ստեղծելու «ազգ-պետություն», «ազգ-կազմակերպություն», եւ այդտեղ խանգարող հանգամանք չկա, ես դա չանե՞մ եւ հայ ժողովրդին դատապարտեմ ստորաքարշ վիճակի՞։