Պաշտոնյա օբյեկտները նյարդայնանում են

Պաշտոնյա օբյեկտները նյարդայնանում են

Ժամանակները փոխվում են, իսկ հայ պաշտոնյաները մնում են նույնը՝ անտաշ, բռի, կոպիտ, վերամբարձ, իրենք իրենց մասին շատ բարձր կարծիքի: Մի հնար լիներ հայ պաշտոնյաներին անցկացնել մաղով, լավ ու վատ ջոկել իրարից, վառելունը վառել, պահելունը պահել: Ավաղ այդպիսի մաղ չկա: Փոխարենը ամեն պաշտոնյայի թիկունքում մի ուրիշ պաշտոնյա կա նստած, որ կրծքով է պաշտպանում իր հովանավորյալին, փոխանակ ժողովրդի ձայնին ականջալուր՝ ազատվի հասարակության համակեցության պարամետրերը խառնած, իրեն վերին արտի ցորեն երևակայող այդ հաբռգած երևույթից:



Վերջերս հայ պաշտոնյաներն ավելի նյարդային են դարձել, կորցրել չափի զգացումը: Հավանաբար, վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատաոճում ինչ-որ բան դուրները չի եկել կամ նրա հայտարարություններից ինչ-որ վտանգ են զգացել: Սա, իհարկե, նյարդայնանալու լուրջ պատճառ է, բայց դա չի նշանակում, որ պաշտոնյաները պետք է նյարդայնանան նաև իրենց տներից դուրս՝ հասարակության առաջ և վիրավորեն մարդկանց:



Փոխքաղաքապետ Կամո Արեյանին թույլ նյարդեր ունեցող պաշտոնյա չես համարի: Թրծված, տարիների բովով անցած մարդ է, աշխարհ ու տարատեսակ ղեկավարներ տեսած: Բայց նույնիսկ նրա նյարդերն են տեղի տվել, երբ Tert.am-ի թղթակիցը փորձել է հետաքրքրվել, թե Երևանի քաղաքապետարանը մեղքի բաժին չունի՞ թիվ 1 տպարանի 100-ամյա շենքը պայթեցման եղանակով քադելու մեջ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել հասարակության շրջանում: Կամո Արեյանն ուղղակի պոռթկացել է. «Ոչ, պատասխանում եմ՝ ոչ: Ով քաղաքապետարանին կմեղադրի էդ հարցով, գլուխը պատով կտա»: Սա ի՞նչ նոր ձև է խոսելու, և, առհասարակ, ո՞վ է մեղավոր, որ քաղաքապետարանը շենքի քանդման թույլտվություն տալուց հետո նույնիսկ չի հետաքրքրվել, թե ինչպես են քանդելու այն:



Ժամանակին Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում նույն անմեղությամբ կրպակներ ու բուտիկներ տեղադրելու թույլտվություն էր տվել: Սակայն Սերժ Սարգսյանը տեսավ դա և ասաց. «Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի»: Բուտիկներն անմիջապես ապամոնտաժվեցին, բայց եթե հետևենք Կամո Արեյանի մտածողությանը, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանին հանած, մյուս երևանցիները գլուխները պատն էին տալիս, որ «բալգարկաներն» առած կտրատում էին երկաթներն ու քաղաքապետարանին մեղադրում քաղաքն այլանդակելու մեջ:



Ի դեպ՝ Կամո Արեյանին հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը տպարանի շենքի պայթեցման կապակցությամբ դեռ չի խոսել, և ի՞նչ է անելու բազմափորձ պաշտոնյան, եթե նաև Սերժ Սարգսյանը մեղադրի քաղաքապետարանին և մի պարզ հարց տա՝ մի՞թե ձեզ չի հետաքրքրել, թե ինչպես են քանդելու մետրոյի թունելների վրա, բնակելիների և կառավարության 3-րդ մասնաշենքի բակում գտնվող տպարանի շենքը:



Այսինքն այս ի՞նչ է կատարվում, հարգելի քաղաքապետարան, Երևանի կենտրոնում օրը ցերեկով պայթյուն են իրականացնում, իսկ դուք տեղյակ չե՞ք: Իսկ ո՞վ պետք է շրջակա շենքերի բնակիչներին և պետական շենքերում նստած մարդկանց նախազգուշացներ, որ հիմա-հիմա սալյուտ են տալու, այն էլ ներսում: Քաղաքապետարանը հո միայն փողոց մաքրող չէ՞: Բայց այս ոլորտում էլ մի բան չեն: Երկու փաթիլ ձյուն եկավ՝ քաղաքի կեսը պարալիզացվեց: Իսկ ի՞նչ է լինելու ձմռանը: Ո՞ւմ կհրամայեք մեղդրել, պարոն Արեյան, որ գլուխներս պատով չտանք:



Էդիկ Անդրեասյան