Բաց նամակ բոլորին

Բաց նամակ բոլորին

Հայաստանում մնալու եւ պայքարելու պատճառները շատ են: Նախեւառաջ՝ Հայաստանում կյանքն ուրախ է: Ոչ մի տեղ մարդիկ այնքան երջանիկ չեն, որքան Հայաստանում: Երբ համեմատում ես մեր հասարակության եւ, ենթադրենք, Նորվեգիայի հասարակության աշխուժությունը, տեսնում ես, որ նորվեգացիները մեր համեմատությամբ ուղղակի սառած տոլմա են: Կյանքն այնտեղ այնքան միապաղաղ է, որ ոչ ոք չի մտածում, թե ինչպես է լույսի ու գազի փող տալու, ինչպես է իր թոշակով ծայրը ծայրին հասցնելու, թե ինչ է հագնելու երեխան, որ դպրոց գնա… Վերջապես՝ Նորվեգիայում ոչ ոք չի նկատում, թե ինչպես է ինքը պահում բանակը: Չէ, մեզ մոտ լավ է: Ուղեղդ անընդհատ աշխատում է ու պատրաստ է անգամ ամենաանսպասելի շրջադարձերի դեպքում ելք գտնել իրավիճակից:



Ես երկար եմ մտածել այս ուղղությամբ եւ եկել եմ եզրակացության, որ Նորվեգիայի հասարակությունն անհոգ կյանքով է ապրում, որովհետեւ այնտեղ հասարակություն-իշխանություն շփումները հասցված են մինիմումի: Երեւի ընտրությունից ընտրություն են հանդիպում կամ նույնիսկ՝ ավելի ուշ-ուշ: Իսկ մեզ մոտ իշխանությունը չի թողնում, որ ձանձրանանք: Մեր իշխանությունները նույնիսկ ընտրությունների միջակայքում մեզ չեն մոռանում:



Վերջին մի քանի տարում իշխանությունից ամենաակտիվը Վլադիմիր Գասպարյանն է: Դա բնական է նախեւառաջ այն պատճառով, որ նրա մոտ է Հայաստանի բնակիչների ցուցակը: Բոլորին գիտի անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան թվով, հասցեով, համակարգչի գրանցման համարով եւ նույնիսկ՝ ավտոմեքենայի տեխնիկական անձնագրով: Հիմա կասեք` բա ի՞նչ ես ուզում, 21-րդ դարն է: Թեկուզ 22-ը լինի, դա չէ հարցը: Հարցն այն է, որ Վլադիմիր Գասպարյանն այդքան ինֆորմացիայով չի բավարարվում եւ պարբերաբար շփվում է մեզ հետ: Օրինակ, մեկ էլ որոշում է տեսնել, թե 100 հազար դրամ ստացող մարդը, իր կոմունալ ծախսերը կատարելուց, երեխայի հետ դպրոցի նախաճաշիկ դնելուց, իր ստամոքսը մի բան գցելուց հետո չի՞ կարող, արդյոք, շատ չէ՝ մի 10 հազար էլ տալ ի պետս ախպերության: Եվ քեզ առավոտյան, երբ արդեն աշխատանքի վայրում ես, զանգահարում են.



- Ալո, էս պոչտայից ա…



- Այո, լսում եմ:



- Նամակ ունեք, անցեք, որ ստանաք:



Եվ կյանքը, որ մինչ այս զանգը տաղտկալի էր թվում, միանգամից փոխվում է: Ուղեղդ անմիջապես սկսում է աշխատել սոցիալական ուղղությամբ` տեսնես ինչքա՞ն է տուգանքը, կկարողանա՞մ տեղավորել ծախսերիս մեջ: Ուղեղի հետ, հասկանալի է, արագանում է նաեւ սրտիդ աշխատանքը: Ձեռքդ տանում ես վալիդոլի սրվակին, իսկ այնտեղ ընդամենը երկու փափլիկ հաբ է մնացել… պետք է դեռ դեղատուն էլ մտնես: Այդ պահին հեռախոսիդ «սաաբշենի» է գալիս` «Յու քոմը» հարցնում է` չես մոռացել, չէ՞, որ ամսի 20-ին պետք է վճարես հեռախոսի համար: Ու մինչ կարդում ես, հեռախոսիդ էկրանին հայտնվում է կնոջդ անունը` զանգում է. «Չմոռանաս բանկ մտնել, լվացքի մեքենայի վարկի օրն է»:
Նայում ես ժամացույցին` դեռ 9-ն անց 30 է… Ինչի՞ց սկսել: Իհարկե, առաջինը բանկ պետք է մտնել, որովհետեւ վարկառուի բարի համբավը վտանգել՝ նշանակում է ամոթով մնալ ազգի առաջ: Բանկի ճանապարհին` զանգ գյուղից…



- Ա բարի օր, լիս քեզ տենողաց…



- Բարեւ, բարեւ, էդ ո՞նց տեհար ինձ, ես` Ըրեւան, դու` գեղըմը…



- Ա դե, խոսք ա՝ ասըմ ենք, էլի, ե՞փ տես գալ ղավրմեն տանես, ցլիկը մորթել ենք, հո միս չի, հո միս չի, անցյալ տարվանը հիշըմ ե՞ս, սա դհա լավն ա, յուղը՝ արդար…



- Վաղո, ըս տարի մեզ ղավրմա պետք չի, ֆինանսը չի ներըմ:



- Ո՞նց թե, բա թեզ ասեիր՝ անասունը չէի մորթի, քեզ հմար եմ մորթել…
Զգում եմ` Վաղոյի ուղեղն էլ այնտեղ է սկսել աշխատել, շնչառությունն արագանում է… Ի՞նչ անեմ։



- Լավ, մի բան կմտածեմ, Վաղո ջան, դեկտեմբերի փողը ստանամ՝ կգամ:



- Հեռախոսի համարն ասեք. բանկի աղջիկն է: Ղավուրմայի հետ կապված՝ մտավոր հաշվարկների մեջ` չեմ էլ նկատել, որ հասել եմ պատուհանին:
Ասում եմ հեռախոսի համարը, կտկտացնում է ստեղնաշարն ու աչքերը չռում վրաս.



- Ձեր գույքի վրա կալանք կա:



- Ի՞նչ կալանք, նման բան չի կարող լինել, ես պարտաճանաչ…



- Չգիտեմ, ահա, ցույց է տալիս, 9 հազար՝ պլյուս 4 հազար 500, ընդամենը 13 հազար 500-ի կալանք, ԴԱՀԿ-ն է դրել:



Իմ վիճակի մարդուն կատարյալ երջանիկ լինելու համար ԴԱՀԿ-ն էր պակաս՝ իր գեղատեսիլ նախարարով: Մի քիչ հարցուփորձ արեցի բանկի աղջկան, պարզվեց, որ Վլադիմիր Գասպարյանը ժողովրդի հետ շփումներին մասնակից է դարձնում նաեւ իր մյուս գործընկերներին: Ինքն ինձ գաղտագողի 9 հազար է տուգանել, հետո պաս է տվել Արփինե Հովհաննիսյանին, որ մի երկու կոպեկ էլ արդարադատության ախպերությունը (քուրությունն) աշխատի: Բայց ի՞նչ անեմ, հո թեւաթափ չե՞մ լինելու: Վճարում եմ ապառիկը, իսկ ԴԱՀԿ-ն թողնում եմ, որովհետեւ 3 օր ժամանակ են տվել, իսկ դա մի ամբողջ հավերժություն է: Մորս խոսքը հիշեցի այդ պահին` մի լույս կբացվի:



Արդեն մի քանի ամիս է՝ մեր ուրախ կյանքն ավելի է ուրախացել նոր վարչապետով ու նոր կառավարությամբ: Ամբողջ երկիրն ընկել է մի տեսակ դրայվի մեջ, որի մասին, եթե թումանյանաբար արտահայտվենք, կարելի է ասել` հինը մի բան չէր, նորն էլ չգիտենք, թե ինչ է բերել: Բայց ինչ էլ լինի, ուրախության դոզան մեծացել է, մարդկանց ուղեղները գործարանի պես են աշխատում, սիրտը` ռիթմիկ արագ, իսկ մաթեմատիկայի գծով, որ առանց այդ էլ առաջինն էինք աշխարհում, գերազանցել ենք ինքներս մեզ: Նոր կառավարությունն արդեն հայտարարել է, որ թոշակ ու աշխատավարձ չի բարձրացնելու, բայց դեմ չէ լրացուցիչ հարկատեսակներ դնելուն: Սա նշանակում է, որ մեր գոտիներն ավելի ենք ձգելու: Ինչպե՞ս: Շատ պարզ: Իրենք են մեզ օրինակ տալիս: Ավելորդ հաստիքները կրճատում են, եղած-չեղածը՝ ծախում: Նկատենք, որ կյանքը բավականին ուրախ է դարձել նաեւ տասնամյակներով նույն աթոռին ձանձրույթից ննջած չինովնիկների համար, որոնք՝ հոպ, հայտնվել են փողոցում: Ի՛նչ տղերք համալրեցին սովորական մահկանացուների շարքերը եւ հիմա զոռ են տալիս ուղեղներին:
Այո, բայց մենք չենք կարող գնալ վարչապետի ճանապարհով եւ կրճատել մեր ընտանիքի անդամներին, որոնք նույն բյուջեի վրա են նստած: Հետեւաբար, չենք կարող նաեւ կառավարության հանգույն թեթեւացնել մեր հոգսը: Մնում է մի ելք` անընդհատ մտածել 100 հազարի մեջ տեղավորվելու մասին: Չտեղավորվես` նոր վարչապետը կասի` «էս ինչ բառադի ես, արա», բողոքես` պիտի ասի «շանտղություն» ես անում, բա քո մեջ իսկի մենեջմենթ չկա՞:



Մի խոսքով, ժողովուրդ ջան, մենեջմենթությունդ լարի ու այս վերջին 1000 դրամանոց հարկատեսակն էլ «սեյվ» արա 100 հազարիդ մեջ, տակն էլ ինչ մնա` քոռուփուչ չանես, որովհետեւ, կարող է պատահի գնաք աշխատանքի, եւ Վլադիմիր Գասպարյանը ձեզ զանգահարի, թե պոչտայում նամակ ունեք: Թեպետ արդար չէ, որ օրինակները միայն Վլադիմիր Գասպարյանի վրա բերեցինք: Արանքում Երեւանի քաղաքապետն էլ է մեկ-մեկ երակ մտնում, թե կարմիր գծերիս մեջ կանգնել՝ չես վճարել: Երբ նախագահը կանչել, մատ էր թափ տալիս նրանց վրա, ես, ճիշտն ասած, տխրեցի: Հետաքրքիր մարդ է մեր նախագահը, էդ մի ուրախությունն ունենք, էդ մի հնարավորությունը՝ իշխանությունների հետ շփվելու, դա էլ է ուզում գլխներիցս կտրի: Եվ լավ է, իհարկե, որ Վլադիմիր Գասպարյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ մյուսները, որոնք այդ օրը վրաերթի էին ենթարկվում նախագահականում, սրտից այնքան էլ թույլ չեն եւ շարունակում են լավ-լավ լուրերով մեզ ուրախացնել:



Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք նույնիսկ 100 հազար չեն ստանում եւ փայլուն մենեջմենթի շնորհիվ անգամ չեն կարողանում տեղավորվել ստացածի մեջ: Սրանք, ես կասեի, այն կատեգորիայի մարդիկ են, որոնք այլեւս պատրաստ են երջանկությունից ղզղնել եւ, մեկ էլ տեսար, մի բան այնպես չարեցին: Հասկանում եք, չէ՞, այնտեղ փայտ է, եղան է, ինքնաբուխ բունտ է, բան է… Սա նշանակում է, որ մեր պետությունը պետք է մի քիչ էլ ընդառաջ գնա նրանց: Չէ, ոչ թե հարկուտուրքը, տուգանքը քչացնի, այլ, օրինակ, ճանապարհային երթեւեկության խախտումների տուգանքները, ԴԱՀԿ-ի կալանած գույքի ու գումարների մասին ծանուցումները, հնարավորության դեպքում, ուղարկի իր ընչազուրկ քաղաքացիների բարեկամներին, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլուր, որտեղից, հասկանում ես, տրանսֆերտ են ուղարկում: Դրանից նաեւ Սփյուռքի կյանքը երջանիկ կդառնա, եւ մեր սփյուռքահայ բարեկամները կդադարեն ուղեղներն անջատած, մեզ այստեղ մոռացած ապրել:
Առջեւում Նոր տարի է: Մեծարգո նախագահ, հարգելի վարչապետ, մեր նորանշանակ անզուգական նախարարներ, մեր շատ սիրելի 130+Գալուստ Գրիգորիչ, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ դիմում եմ ձեզ` մինչեւ Նոր տարի նեղանալ չլինի: Որ մենք էլ իրարից նեղանանք, ո՞ւմ տունն եք խլելու, ո՞ւմ աշխատավարձը չեք տալու, ո՞ւմ եք տուգանելու, ո՞ւմ եք կալանավորելու: Էն է, Նորվեգիայում ինչի՞ նման է նրանց իշխանության կյանքը: Ժողովուրդն այնտեղ իրենց ղեկավարներին չի էլ ճանաչում: Մինչդեռ Հայաստանում բոլորը գիտեն, թե որտեղ է աշխատում, օրինակ, վարչապետի նախկին տեղակալի մորաքրոջ աղջկա տղայի աներձագի ընկերը: Ուզում եմ ասել` շարունակեք այս կուրսը, համ մենք ենք ուրախ, համ դուք տխրելու առիթ չունեք… Սա է կատարյալ երջանկությունը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ