Հանդգնում են կեղծ ցուցմունք տալ ինձ նման անձնավորության դեմ

Հանդգնում են կեղծ ցուցմունք տալ ինձ նման անձնավորության դեմ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին ՊՊԾ գունդը գրավելուց հետո՝ օգոստոս ամսին, կանչել են և հարցաքննության և ոստիկանների հետ առերեսման գործընթացին, ոստիկաններն էլ նշել են, որ բոլոր հավաքներից գիտեն Անի Զախարյանին. «Ես նույն հագուստով, նույն կարգավիճակով գնացել եմ, որ ճանաչման գործընթացը տեղի ունենա: Բնականաբար ճանաչել են, որ այո, Անի Զախարյանն է, այո, այն անձն է, որին մենք տեսել ենք խոսափողով կանգնած, հետո առերեսում է տեղի ունեցել առանձին-առանձին բոլոր ոստիկանների հետ և էնպիսի ոստիկաններ են դիմացս նստած, երբ որ դու հարց ես տալիս, թե ինչ հոդվածով կորակեիք կատարված միջադեպը, պատասխանը զրո է: Բացի այդ, ես բավականին լուրջ հարցադրումներով կարողացա հասկանալ, թե իմ դիմաց ինչ մակարդակի մարդիկ են կանգնած: Ես հարց եմ տալիս՝ որևէ հոդված ՀՀ օրենսգրքից որպես ոստիկան, որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ կարո՞ղ եք մեջբերել, պատասխանը կրկին եղավ՝ ոչ: Այսինքն մարդիկ, ովքեր ընդհանրապես օրենսդրությանը չեն տիրապետում, այսօր տեղ են զբաղեցնում իրավապահ մարմիններում և հանդգնում են կեղծ ցուցմունք տալ ինձ նման անձնավորության դեմ: Ես այս պահին վկա եմ հանդիսանում, բայց քննիչի հետևյալ խոսքերը, թե ինչ-որ փորձագիտական եզրակացության պիտի ենթարկեն տեսանյութի մեջ եղած ձայները, այն էլ մի տեսանյութի, որը ավտոմեքենաների խախտումները ֆիքսելու համար տեղադրված տեսախցիկներից, կներեք, բայց սա մի տեսակ աբսուրդ է: Ինչպե՞ս կարելի է այդ աղմուկ-աղաղակը, այն էլ այդ հեռահար տեսախցիկների միջոցով ինչ-որ կանացի ձայներ որակել ու հասկանալ՝ այստեղ ինչ է կատարվում: Դրա համար, որպեսզի գործընթացը հնարավորինս թափանցիկ լինի, հասարակության համար հասանելի լինի և եթե այնուհետ լուրջ հունի մեջ մտնի, ենթադրենք՝ մեղադրանք առաջադրվի, դատական պրոցես սկսվի, ես կարողանամ համապարփակ ձևով, բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ այդ գործընթացի միջով անցնել և ապացուցել, որ ես ընդհանրապես կապ չունեմ այդ միջադեպի հետ»:



-Նույն փողոցում տեղի ունեցած դեպքերից որևէ մեկով Ձեզ կանչե՞լ են ոստիկանություն:



Հատուկ քննչական ծառայություններում մի քանի քննիչների մասնակցությամբ քրեական գործ է հարուցված, որը պիտի ամբողջապես քննության առնի Խորենացու կատարված բոլոր դեպքերը: Եվ այդ շրջանակում ես որպես տուժող կողմ եմ հանդես գալիս, թե տեսանյութեր եմ տրամադրել, որ ինձ անօրինական ձևով բերման են ենթարկում, և արդեն 2 ամիս է անցնել, առայժմ ոչ կանչել են, ոչ ճանաչման գործընթաց է տեղի ունեցել ոստիկանների հետ, այսինքն՝ երբ իրենց շրջանին վերաբերող խնդիրներ են, դրանք կարելի է քնեցնել, իսկ երբ քաղաքական գործիչներին է վերաբերում, ովքեր այսօր պայքարի են դուրս եկել հանուն հասարակության, հանուն պետություն ունենալու, միանգամից կենտրոնանում են, բոլոր միջադեպի մասնակիցների հետ կապված որևէ քննություն չի ընթանում այս գործով, որևէ մեկը բացահայտված չէ: 5 ոստիկանների կեղծ ցուցմունքն է կենտրոնում, որը ասում է՝ իբր թե ես ասում եմ՝ կոտրեք ոստիկանական մեքենաները:



-Անդարդառնալով Ձեր քաղաքական դիրքորոշմանը, առաջիկայում ԱԺ ընտրություններ են, Ձեր կուսակցություն ինչպե՞ս է մասնակցություն ունենալու:



Ես արդեն պլանավորում եմ բազմակողմանի հանդիպումներ ունենալ համապետական ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունների ղեկավարների հետ: Բոլոր այն կուսակցությունների, որոնց քիչ թե շատ առողջ եմ համարում, այդ թվում կարող եմ նշել Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կարող եմ նշել «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը, առայժմ այս երեքին եմ այսպես ասած առանձնացրել, և նաև «Ժառանգություն»-ից էլ ինչու ոչ 1-3 մարդկանց հետ հանդիպումներ կարող է տեղի ունենալ: Կարծում եմ, որ լրջության հարկ կա և կոչը պետք է լինի հետևյալը՝ միասնական ցուցակով հանդես գալու պատրաստակամություն դրսևորել: Ոչ միայն դաշինքով, այլև մեկ կուսակցության շրջանակում հանդես գալ, թե որ կուսակցության անունը կհնչի, ես կարծում եմ՝ դա չի էականը: Ի վերջո, այսօր մոբիլիզացիայի կարիք կա, ամբողջ հանրային ռեսուրսի մեծ մասը, վարչական ռեսուրսների մեծ մասը կենտրոնացված են Հանրապետական կուսակցությունում: Եվ այս թևում, մնացել են ընդամենը ցաքուցրիվ, քիչ թե շատ առողջ կամ ինքնակազմակերպված քաղաքական ուժեր, հիմա եթե մենք այս վճռորոշ պահին՝ ընդամենը 4 ամիս առաջ չկարողանանք ճիշտ ձևով, ռացիոնալ մոբիլիզացնել այս ռեսուրսը, ուրեմն կարող ենք ասել, որ «Հանրապետական»-ը իր նպատակներին հասել է և կարելի է ընտրությունների ելքը կանխորոշված համարել: Բայց ես իմ միջամտությամբ, իմ ակտիվությամբ ուզում եմ հավատալ, որ մենք կկարողանանք, եթե ոչ իշխանափոխություն իրականացնել, գոնե մի առողջ կորիզ մտցնել Ազգային Ժողով, որը ոչ թե շոուների, կազմակերպչական նմանատիպ բաների հետևից կընկնի, այլ իսկապես առարկայական պայքար կմղի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:



-Օրերս «Հանրապետական» կուսակցությանը 7000 հոգի անդամակցեց, եթե հավատանք այդ թվին, դա խոսո՞ւմ է «Հանրապետականին» վստահելու մասին:



Չեմ կարծում՝ «Հանրապետականին» վստահեն, և հետո այդ 7000 թիվը ընդամենը հրապարակային հնչեցված թիվ է և մենք բացարձակապես փաստ չունենք, որ այդպիսի զանգվածային հոսք հնարավոր էր այդ կարճ ժամանակահատվածում տեղի ունենար դեպի «Հանրապետական», բայց այն, որ ենթադրենք Կարեն Կարապետյանի ընդգրկվածությամբ որոշակի պատրաստակամություններ, բանավոր զրույցներ տեղի ունեցած կլինեն, դա կարելի է ենթադրել, դա կարող է լինել 2 տասնյակի հասնող մի թիվ, բայց 7 հազարը որոշ դեպքերում, ինչպես իրենք են ասում՝ որքան ուզենք, կխփենք, դա այդ շարքին է պատկանում:



-Վարչապետի անդամակցությունը իշխող կուսակցությանը որքանո՞վ էր սպասելի:



Դա ինձ համար սպասելի էր, Կարեն Կարապետյանին, որքան էլ վարչախմբին սպասարկող լրատվամիջոցները փորձեն լուսավոր տեսանկյունից ներկայացնել, ոչ մի խելացի մարդու համար գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանը այդ թիմից և նա էլ չի թաքցրել այդ հանգամանքը:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ