«ՀԺ». Ազգային անվտանգության սպառնալիք է. ԱՄՆ դեսպանը՝ Կարեն Կարապետյանի մասին.

«ՀԺ». Ազգային անվտանգության սպառնալիք է. ԱՄՆ դեսպանը՝ Կարեն Կարապետյանի մասին.

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խիստ տարօրինակ, սենսացիոն հայտարարություն է արել: Խոսելով Կարեն Կարապետյանի մասին, նա ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաև, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին և ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է և մտահոգված է այս ամենի մասին»:



Պատրաստ ենք աշխատել իր հետ, կաջակցենք, նրա մոտեցումները հուսադրող են. դեսպանի խոսքի այս հատվածները լիովին հասկանալի են: Բայց ի՞նչ է նշանակում հետևյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:



Ի՞նչ է ուզում սրանով ասել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հիշեցնենք, մինչև բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր: Վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ ըստ արևմտյան կենտրոնների բոլոր հետազոտությունների, պետական համակարգն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն՝ արևմտյան մտածողության տեսակետից, լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա, մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:



Եթե ճիշտ ենք ըմբռնում Ռիչարդ Միլսի մտքերի ընթացքը, ուրեմն նա Կարեն Կարապետյանին համարում է ռուսական կոռումպացված պաշտոնյա, որին Հայաստանի վարչապետ նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է: Բնականաբար, այս հայտարարության հասցեատերը միայն Կարապետյանը չէ: Սա նաև Սերժ Սարգսյանին ուղղված խոսք է, որովհետև ի վերջո Կարապետյանին նա է հրավիրել Հայաստան»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում