«Արմենիան» իրականացրեց Երևան-Վորոնեժ առաջին չվերթը (լուսանկարներ)

«Արմենիան» իրականացրեց Երևան-Վորոնեժ առաջին չվերթը (լուսանկարներ)

Այսօր «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին չվերթը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաք: Թռիչքից առաջ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին չվերթով Երևանից թռչում է 67 ուղևոր, իսկ նույն օրը Վորոնեժից վերադառնում 104 ուղևոր: Տոմսերի արժեքն սկսվում է 49 եվրոյից: Ինքնաթիռը Boing 737-500 տեսակի է: «Արմենիա»-ն ունի նաև մի փոքր ավելի տարողունակ ու բարձր դասի` Boing 737-700 տեսակի ինքնաթիռ: Սրանք երկուսն էլ ընդամենը 6-7 տարվա հնության են: Շաբաթական երկու չվերթ կլինի Երևան-Վորոնեժ և հակառակ ուղղությամբ` երեքշաբթի և ուրբաթ օրերին:



Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ուրիշ ինչ ուղղություններով է «Արմենիան» թռիչքներ իրականացնում, նաև ինչ մակարդակի ծառայություններ են մտնում տոմսի գնի մեջ: Ընկերության գլխավոր տնօրենն ասաց, որ այս պահին իրենք իրականացնում են թռիչքներ Մին Վոդի, Թեհրան, այսօրվանից` Վորոնեժ, իսկ ապրիլից կլինի չվերթ նաև դեպի Բեյրութ:
«Ամենացածր` 49 եվրո արժեքով տոմսի մեջ ուղեբեռ չի մտնում, նաև տոմսի վերադարձ չի նախատեսվում: Իսկ էկոնոմ դասի սովորական տոմսը, որ կարող են գնել 120 եվրոյից սկսած (Երևան-Վորոնեժ մեկ ուղությամբ), դրա մեջ մտնում է 25 կգ անվճար ուղեբեռ բեռնախցիկում, 10 կգ ձեռքի ուղեբեռ, ամեն տեսակի խմիչք, այդ թվում` ալկոհոլային խմիչք, որն առաջարկվում է ինչպես էկոնոմ, այնպես էլ բիզնես դասում» -ասաց Ռ. Օգանեսյանը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ