Իմ «սխալը», ՅՈւնԵՍԿՕ-ի «ճիշտը» եվ ակադեմիկոս-քարտուղարի «վիշտը»

Իմ «սխալը», ՅՈւնԵՍԿՕ-ի «ճիշտը» եվ ակադեմիկոս-քարտուղարի «վիշտը»

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին www.hraparak.am կայքում հրապարակված «Կամ՝ իմպրովիզացիա «վարչապետն ու գիտությունը» թեմայով» իմ հոդվածին պատասխանել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը՝ «Սխալ է գրել» հոդվածով: Հոդվածից թափանցող ներքին «վիշտը», նյութի խորքային իմացությունը եւ հեղինակի «դատապարտված» լինելու զգացողությունը մոտս «արգելակում» առաջացրեցին: Մի կերպ դուրս գալով այդ վիճակից`պատասխանում եմ:



Մաս առաջին` «սխալը»: Հոդվածի սկզբում հատուկ նշել էի․ «Եվ ամբողջ իմացությունս ՀՀ կառավարության կայքի նյութերն են»: Եվ մեջբերում էի արել կայքից «քոփի-փեստ» արված, Ռ. Մարտիրոսյանին պատկանող արտահայտությունը․ «Նշվել է, որ, ըստ միջազգային գնահատականի, սեւծովյան ավազանի 10 երկրների թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները» (նյութի աղբյուրը` այստեղ): Հայերենի միջին իմացություն ունեցող ոչ անմեղսունակ ամեն մեկը հասկանում է հետեւյալ կերպ` 2016-ին Հայաստանը կրկնապատկել է, այսինքն՝ 2 անգամ շատացրել է գիտական արդյունքը: Ինչի՞ համեմատ: Եթե նշված է տարեթիվը, եւ չի նշվում, թե որ թվականի համեմատ, միակ տարբերակը «նախորդ» տարին է, մեր դեպքում՝ 2015 թ.-ն: Մյուս բոլոր տարեթվերը, սկսած «Նիկոլի թվից», դուրս են մնում համեմատությունից: Չօգտագործելով «քոսոտ» կամ նման «ակադեմիական» բառեր, պարզապես գրել եմ, որ սուտ է, եւ թվերով ցույց տվել: Եթե ՀՀ ԳԱ-ն, ի դեմս ակադեմիկոս-քարտուղարի, «ճշտի-սխալի բազառի» կարիք ունի, ապա թող դիմի ՀՀ կառավարության կայքին: Ես շարունակում եմ պնդել, որ «սուտ են» բերված թվերը, եւ դրանից հետո եղած քննարկումները գիտության ապագայի մասին պարզապես «խոսակցություն են»՝ հաշվետվության համար:



Մաս երկրորդ` ՅՈւնԵՍԿՕ-ի «ճիշտը»: Ես արդեն վարժվել եմ, որ իմ հոդվածներին պատասխանում են՝ «վրես մարդ բերելով»: Օրինակ, ի պատասխան իմ մեղադրանքների, որ Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը «փող է ծամում, անմեղսունակ է, գիտության մեջ ոչնչությունների դիկտատուրա է հաստատել» (բոլոր մեջբերումներն իմ հոդվածներից են), հայտնվում են տարբեր մասնագիտություն ունեցող հոխորտացող մարդիկ, որոնք փորձում են ինձ վախեցնել: «Քուչի տղա ու միլիցա» եղել են, դատախազ ու դատավոր` լիքը, մեկ-մեկ էլ՝ «հերոս լրագրողներ»: Օրինակ՝ վերջերս իմ ուղիղ տեքստով մեղադրանքին, որ Ս. Հարությունյանն զբաղվում է գրագողությամբ եւ գիտության առանց այն էլ քիչ փողերը ծախսում է Բելառուսից անհեթեթ «գիտություն» գնելով, նրա մեղսակից բելառուս ընկերը Թայվանում փորձում էր իմ դեմ քրեական գործ հարուցել, թե իբր իրեն եւ Ս. Հարությունյանին ուզում եմ սպանել: Մի խումբ ողորմելի հայեր էլ կողքից վնգստում էին` այո, նա կարող է: Մակարդակ եմ ասել․ սովետական ԿԳԲ-ն անմահ է: Բայց որ «վրես միջազգային ավտարիտետ» բերեն, այն էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի մակարդակով` սա արդեն հերոսական քայլ է: Չեմ ուզում ցիտել այն բոլոր իմ հոդվածները, որոնք վերաբերում են գիտությունը Հայաստանում թվերով գնահատելու իմ ջանքերին: Եթե գտնվի մեկը, որն ավելի շատ բան է արել այս ուղղությամբ, այն էլ՝ հասարակական հիմունքներով, պատրաստ եմ «գլխարկ հանել» նրա առջեւ: Ասեմ միայն, որ սկսած 2007 թ.-ից, երբ ես ստացա Web Of Science կայքի մուտքի իրավունք (ինչի համար շնորհակալ եմ իմ ամերիկյան ընկերներին` կայքը վճարովի է), բոլոր տվյալները նախ տրամադրել եմ ԳՊԿ-ին եւ ՀՀ ԳԱ-ին, հետո նոր հրապարակել: ԳՊԿ-ն, ոչինչ չհասկանալով, սխալ էր օգտագործել` շառը գցելով իմ վրա, իսկ ակադեմիան լռում էր: Չեմ կարծում, թե ՅՈւՆԵՍԿՕ-ի 820 էջանոց «2030-ի ուղղությունները» վերնագրով գիտական հաշվետվությունը կարդացել եւ հասկացել են ինձ պատասխանողները: Ամբողջ հայաստանյան գիտական արդյունքի եւ հարեւան Թուրքիայի եւ Պարսկաստանի մեկական համալսարանի տված արդյունքների համեմատությունն արել եմ 2014-ին:



Պարզապես հիշեցնեմ, որ համեմատել եմ լավագույն տասնյակից դուրս գտնվող, 11-րդ տեղն իրենց երկրում գրաված համալսարանների հետ: Իսկ մեկ շնչին ընկնող գիտության գաղափարի ջատագովներին պարզ բացատրեմ: ՅՈւՆԵՍԿՕ-ն գրում է զարգացման տեմպերի մասին: Այսինքն՝ եթե Պողոսիկն այս տարի ունի 1 խնձոր, իսկ հաջորդ տարի` 2, ապա նա կրկնապատկել է «խնձորային արդյունքը»: Իսկ եթե Պետրոսն ունի 100, իսկ եկող տարի՝ 101 խնձոր, ապա նրա աճը 1% է: Այդ տեմպերով, այն է՝ տարին 1 խնձոր ավելացնելով, Պողոսիկը Պետրոսին չի հասնի, չնայած զարգացումը ֆորմալ ավելի արագ է: Ակադեմիկոս-քարտուղարի ցիտած հաշվետվության էջերից 2-3 էջ ներքեւ ուրիշ ֆորմալ պարամետրով Վրաստանն է դուրս գալիս առաջին տեղ: Եթե ՀՀ գիտության պատասխանատուներն իրենց բնագավառի մասին կարծիք են կազմելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հաշվետվությունից, այն էլ՝ վատ հասկանալով, թե այնտեղ ինչ է գրված, ապա «Ողբամ զքեզ, հայոց գիտություն»:



Մաս երրորդ` ակադեմիկոս-քարտուղարի «վիշտը»: Պարոն Հրանտ Մաթեւոսյան, թույլ տվեք անձամբ Ձեզ պատասխանել «միջազգային» ոճով: Ըստ ամենահեղինակավոր Web Of Science կայքի, որից օգտվում է նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ն, Ձեր տվյալները հետեւյալն են. 6 տպագրված գործ, 20 հղում եւ h-index 3: Ըստ միջազգային նորմերի, սրանք թեկնածուականը պաշտպանելուց հետո առաջին տարին աշխատող postdoc-ի տվյալներ են: Ես չգիտեմ, թե ինչպես են Հայաստանում դառնում ակադեմիկոս (կամ էլ գիտեմ, բայց ձեւ եմ անում), բայց նման տվյալներով սկզբում դառնալ դոկտոր, հետո՝ ակադեմիկոս, հնարավոր է միայն արհամարհված գիտություն ունեցող եւ ավելիին չձգտող երկրում: Բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել Ձեր առաջխաղացման համար, պետք է լուրջ ստուգել: Գաղտնի գիտության մասին բոլոր անհեթեթությունները, որն իբր չի կարելի տպագրել, թողեք հերթական կիսագրագետի պաշտպանության բանկետին, դրանք շատ եմ լսել: Եվ, որպեսզի Ձեզ մենակ չզգաք, խոստանում եմ բոլոր ականավոր գիտնականների տվյալները հերթով ուղարկել կառավարության կայք: Եթե դրանից հետո էլ այնտեղ չհասկանան, որ ոչ բոլորն իրավունք ունեն խոսել գիտության զարգացման ուղիներից եւ միջոցներից, ես էլ ի՞նչ անեմ: Մնում է ասել, որ «ճշտի-սխալի» քննարկմանը միշտ պատրաստ եմ, որպես արգումենտ տարբեր պատվոգրերն ու շքանշաններն այնքան էլ «չզնգզնգացնեք»:



Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ



Երեւանի նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից