Գյուղնախարարի «ակամա գովազդային» ասուլիսը ԿԳ նախարարի եղբոր տարածքում

Գյուղնախարարի «ակամա գովազդային» ասուլիսը ԿԳ նախարարի եղբոր տարածքում

Այսօր լրագրողների հետ ամփոփիչ ասուլիս տվեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ասուլիսն անցկացվում էր գինու գործարաններից մեկում, որը պատկանում է Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը` Վահագն Մկրտչյանին: Հարցին, թե ինչո՞ւ հենց այս գործարանում որոշվեց ասուլիս տալ, նախարարի պատասխանը համոզիր չթվաց, բայց վստահեցրեց, թե գովազդային նպատակ չի հետապնդում: Երբ նորից հետաքրքրվեցինք, թե գուցե պայմանավորված էր իր նախարար գործընկերոջ գործոնով, որ նրա եղբոր ընկերությունը գովազդվեր, նախարարը փորձեց վստահեցնել, որ այդպես չէ:



Hraparak.am-ի հարցին, թե այդուհանդերձ, ակամա գովազդ է ստացվում, պարոն Առաքելյանն արդեն չհերքեց դրա հավանականությունը. «Գիտեք ինչ, ես կարող է տարվա ընթացքում շատ էդպես գործարաններ այցելեմ, ձեզ էլ հրավիրենք, գովազդենք և զարգացնենք, գյուղմթերքի վերամշակման բրենդները ներկայացնենք, վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Բայց կոնկրետ այս պահին գովազդի խնդիր չի եղել: Ակամա գուցե ստացվում է, ակամա շատ բան է ստացվում, և չեմ գտնում, որ վատ բան է ստացվում»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ