Ի՞նչ ճակատագիր է սպասվում Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին սպասարկած Mercedes-ին

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին սպասարկած Mercedes-ին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած Mercedes մակնիշի ավտոմեքենան Պետգույքի կառավարման վարչությունը դեռ չի գնահատել և աճուրդի չի հանել։ Հնարավոր է՝ այն աճուրդի առհասարակ չդրվի։



«Նախ այդ մեքենան՝ որպես այդպիսին, չի կարելի համարել Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան, այո, դա սպասարկել է ժամանակն առաջին նախագահին, դրանից հետո այն կառավարության բալանսում է եղել և վարչապետերի է սպասարկել։ Այս պահին դեռ աճուրդի հանված և գնահատված չէ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ նշելով, որ մեքենայի ճակատագիրը դեռ որոշված չէ։



-Իսկ ինքներդ հակվա՞ծ եք, որ վաճառվի այդ մեքենան, ի վերջո, նախագահի է սպասարկել այն, այդպիսի մեքենաները սովորաբար թանգարանային նմուշներ են դառնում, պատմություն են կերտում։



-Հակվածության մասին․․․ ես կարծում եմ՝ դրա իմաստը չկա, որ պատասխանեմ, որովհետև կա կառավարության համապատասխան որոշում, որի մեջ ներառված է նաև այդ տրանսպորտային միջոցը։



-Ի՞նչ կտա այդ մեքենայի վաճառքը բյուջեին, և արդյո՞ք դրա վաճառքից ստացած օգուտն ավելի մեծ կլինի, քան եթե այն որոշվի պահել թանգարանում։



-Այ, եթե գնահատվի, այդ ժամանակ կասենք։



-Էլի՞ կան նմանատիպ մեքենաներ կառավարության բալանսում։



-Բազմաթիվ մեքենաներ կան, Դուք գիտեք, որ բազմաթիվ տրանսպորտային միջոցներ կառավարությունը կրճատում է։ Դրանցից 444 հատը՝ մեր միջոցով, մնացածը տարբեր ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տրանսպորտային միջոցներն են։ Այս տարվա ըթացքում արդեն մոտ 300 մեքենա վաճառվել է։



-Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահբն առաջարկում էր Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան հանձնել իրենց՝ ֆեդերացիային, իրենք պատրաստ են հոգալ այդ մեքենայի պահպանման բոլոր ծախսերն ու նաև հանել ցուցադրության։ Դուք սրան ինչպե՞ս կարձագանքեք։



-Համենայնդեպս, կառավարությունը նման առաջարկ չի ստացել։ Եթե կլինի կոնկրետ գրավոր առաջարկ կառավարությանը, մենք կպատասխանենք։



Հ․Գ․ Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած այդ վերոնշյալ Mercedes-ը, որը W126 թափքով S-Class է (500 SEL), առաջին նախագահից հետո սպասարկել է նաև Ռոբերտ Քոչարյանին՝ վարչապետ եղած ժամանակ, ապա նաև այլ վարչապետերի։ Այն այսօր Տեր-Պետրոսյանին սպասարկում է 90-ականների արտադրության, այդ Mercedes-ին գրեթե հասակակից Lincoln Town Car ավտոմեքենա, որն ամերիկյան արտադրության լիմուզին է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ