ՃՈ պետի տեղակալը՝ մառախուղի ժամանակ թույլ տված խախտումների և «անտեսանելի» տեսուչների մասին

ՃՈ պետի տեղակալը՝ մառախուղի ժամանակ թույլ տված խախտումների և «անտեսանելի» տեսուչների մասին

Մառախլապատ այս եղանակը մեծ անհարմարություններ է առաջացնում հատկապես վարորդների համար։ Մառախուղի պատճառով նրանք դժվարությամբ են նշմարում ինչպես դիմացի մեքենաները, այնպես էլ ճանապարհային գծանշումները։ Եվ նման իրավիճակում, երբ տեսանելիությունը շատ ցածր է, չի բացառվում, որ վարորդներն ակամա հոծ գիծ «տրորեն» կամ ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտեն՝ չտեսնելով համապատասխան գծանշումները։



Այս առումով հետաքրքրվեցինք ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից, թե արդյոք որևէ հատուկ հանձնարարական կա՞ ՃՈ տեսուչներին, թե ինչպես պետք է ծառայություն իրականացնեն այս օրերին մառախլապատ վայրերում։ Օրինակ՝ ավելի խիստ կարգով կամ հակառակը, ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերեն վերը նշված խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ։



«Դե, տրամաբանորեն, եթե մառախուղի պատճառով եղանակային պայմաններն այնպիսին են, որոնք թույլ չեն տալիս վարորդին՝ տեսնել այդ գծանշումները, բնականաբար վարչական ակտը կազմելիս տեսախցիկների արձանագրած տեսանյութերում նաև խնդիր է առաջանում նաև այդ գծանշումները պատկերելու հարցում։ Նման դեպքերում խնդիրը լուծվում է հօգուտ վարորդի, վարչական ակտեր չեն կայացվում, եթե ակնհայտ չեն այդ գծանշումները և կասկած կա, որ վարորդը կարող էր չնկատել այդ գծանշումները»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։
Մեր հարցին, թե որևէ վիճակագրություն ունե՞ն, թե այս օրերին վթարները կամ խախտումները ի՞նչ դինամիկա են կրել՝ շատացե՞լ են, նվազե՞լ են։ Խաչատրյանն ասաց, որ նման վիճակագրություն չունեն։ «Բայց մեր ուսումնասիրություններից էլ ակնհայտ է, որ վարորդներն ավելի զգոն են, զգույշ են և հաշվի են առնում եղանակային պայմաններն ու տեսանելիությունը»,- ասաց նա։



Մառախուղի, վատ տեսանելիության ժամանակ սովորաբար վարորդները մեքենաները վարում են հակամառախուղային լուսարձակները միացրած։ Դա ակտիվ անվտանգության ապահովման տարրական միջոցներից է, որպեսզի հետո բանը չհասցնի պասսիվ անվտանգության միջոցների գործարկմանը՝ անվտանգության բարձիկներ, ամրագոտիներ և այլն։ Բայց այսօր մենք բազմաթիվ մեքենաներ տեսանք, որոնք երթևեկում էին «կույր» վիճակում՝ միացրած չլինելով որևէ լուսարձակ։ Արդյունքում այդ մեքենաները մառախուղի մեջ տեսանելի էին դառնում միայն շատ մոտենալու դեպքում, ինչը պոտենցիալ վթարի պատճառ կարող է հանդիսանալ։ Ցավոք, նման մեքենաների մեջ նկատեցինք նաև ՃՈ տեսուչների մեքենաներ։ Օրինակ՝ Թբիլիսյան խճուղում։



ՃՈ պետի տեղակալն ասաց, որ օրենքով չի պարտադրվում, որպեսզի անպայման միացված լինեն լապտերները։ Սակայն ՃԵԿ 131 և 132 կետերով սահմանված են, թե որ դեպքերում կարող է վարորդը միացնել հակամառախուղային լուսարձակները, այսինքն՝ ըստ հայեցողության։



Հարցրինք նրան՝ արդյոք ճիշտ չէ՞, որ ՃՈ տեսուչներն իրենք օրինակ ծառայեն մյուս վարորդների համար՝ նման պայմաններում լուսարձակները միացրած վարելով։ Եվ հնարավո՞ր է՝ միտումնավոր են մառախուղի մեջ «թաքնվում»՝ առանց որևէ լույս վառելու, որպեսզի վարորդների համար հեռավորության վրա անտեսանելի մնան։ Խաչատրյանը վստահեցրեց, որ ոչ՝ նկատելով, որ անկախ նրանից՝ ՃՈ տեսուչ կա այդ տարածքում, թե ոչ, իրավախախտում պետք է թույլ չտալ։



Ինչ վերաբերում է ՃՈ տեսուչների կողմից օրինակ ծառայելուն և մառախուղի ժամանակ լապտերները միացրած վարելուն, Արմեն Խաչատրյանը համաձայնեց մեզ հետ․ «Ընդհանրապես, այո, պարեկային ծառայողը ձգտում է օրինակելի վարքագիծ դրսևորել երթևեկության մեջ, դա խրախուսելի է։ Բայց կոնկրետ դեպքում վարորդն է որոշում ստեղծված իրադրությունը և լապտերներից օգտվելու անհրաժեշտությունը։ Եվ կարծում եմ, որ եթե անհրաժեշտություն լիներ, ուրեմն միացրած կլիներ»։



Ի դեպ, «թաքնված» ծառայություն իրականցնելու «խասյաթ» ունեցող մեր ՃՈ տեսուչների մասով հարցի շրջանակներում Արմեն Խաչատրյանն ասաց նաև հետևյալը․ «Պարեկային ծառայողները կարող են նաև ծառայությունը ծածուկ իրականացնել՝ նորմերով սահմանված է այդ ծառայության ձևը։ Բայց մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ բոլոր վայրերում վերահսկվում է երթևեկությունը և իրավախախտում թույլ չտանք»։



Հ․Գ․ Հիշեցնենք, որ 2016-ի հունիսին մեր հրապարակած «Որտե՞ղ է թաքնված «գաիշնիկը»․ ահա նա» վերտառությամբ հոդվածից հետո աշխատանքից ազատվեցին մեր հոդվածի «հերոսները» հանդիսացող երկու ՃՈ տեսուչներ, որոնք Երևան-Սևան մայրուղում ծառայություն էին իրականացնում թաքնված վիճակում, քանզի այնպես էին կայանել ՃՈ մեքենան, որ Երևանից դեպի Սևանի կողմ մեկնող մեքենաների համար հեռավորության վրա տեսանելի չէր այն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ