Սեյրան Օհանյանն ընդդիմությու՞ն է եղել իշխանության ներսում

Սեյրան Օհանյանն ընդդիմությու՞ն է եղել իշխանության ներսում

«Եթե Սեյրան Օհանյանն ընդուներ համակարգում իր ծառայության էֆեկտիվությունը, գտներ, որ կարելի է այդպես շարունակել, ուրեմն դուրս չէր գա համակարգից։ Հենց իր դուրս գալը կապված էր նրա հետ, որ նա համաձայն չէր Մարտի 1-ի հետ, Հոկտեմբերի 27-ի հետ»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Ըստ նրա՝ Օհանյանը ասում է, որ «ես դուրս եմ գալիս, ազատվում եմ իմ զինվորական կարգապահության պարտադրած կանոններից ու հիմա քաղաքական հայտ եմ ներկայացնում»։ «Իսկ որ Հայաստանում մենք պետք է ունենանք քաղաքական հայտ ներկայացնողներ, որոնց կենսագրությունը զրո է, այսինքն՝ նրանք ընդհանրապես կառավարման համակարգում չեն եղել, ես ձեզ ասեմ՝ մենք ընդհանրապես զինվորականություն պետք է չունենանք Ավարայրի ճակատամարտից հետո։ Մարդը ասում է, որ իր պաշտոնավարման ժամանակ եղել են ոչ կանոնակարգային զոհեր, եղել է պատերազմ, եղել են չարաշահումներ, իհարկե եղել են։ Ինքը ասում է՝ բանակը երկրի հայելին է»,-Սեյրան Օհանյանի վերաբերյալ իր դիտարկումներն արեց Ազատ Արշակյանը։



Նա նաև կարծիք հայտնեց, որ Սեյրան Օհանյանը ոչ թե հեռացել է, հետո դարձել ընդդիմություն, այլ ընդդիմություն է եղել, հետո է դուրս եկել համակարգից։ Ապա փորձեց ավելի հղկել իր միտքը, երբ հարցրինք, թե ստացվում է՝ ստվերային ընդդիմությու՞ն է եղել նա իշխանության ներսում։



«Ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի անհամաձայնությունը` համակարգի հետ, եղել է սկզբունքային, դրա համար նա հեռացել է, հեռանալուց հետո, և ազնիվ է դա, հայտարարում է, որ նա դեմ է դրան։ Ընդդիմություն ասելով՝ քաղաքական կուսակցության կարգի ընդդիմություն չէ։ Պետք է մենք մոտավորապես հիմա պատկերացում ունենանք կառավարման համակարգի մասին։ Կառավարման համակարգում կան դիսկուսիաներ, այսինքն՝ բանավեճ է լինում։ Երբ բանավեճը դառնում է սկզբունքային, նա պետք է հեռանա, բայց պահպանելով նաև բարեկրթության սահմանները»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ