Զավեշտ՝ ՊԵԿ-ից․ Միրումյանը տնտեսվարողին նիստի է հրավիրել նիստից մեկ օր հետո (լուսանկարներ)

Զավեշտ՝ ՊԵԿ-ից․ Միրումյանը տնտեսվարողին նիստի է հրավիրել նիստից մեկ օր հետո (լուսանկարներ)

Պետեկամուտների կոմիտեն իր նոր ղեկավարով փորձում է ամեն ինչ անել, որ իր նոր աշխատաոճով գոհացնի տնտեսվարողներին։ Ըստ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի՝ իրենք Կոմիտեի աշխատանքում նոր մոտեցումներ են որդեգրել, հարկային տեսուչները վերափոխման ճանապարհին են։ Բայց ինչ-որ բան էլի այն չի ստացվում նրանց մոտ։ Օրերս տեղեկացանք ՊԵԿ-ի կողմից կատարված մի զավեշտալի դեպքի մասին։ Չարենցավանում գործող «Վիսլա» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հակոբյանը Hraparak.am-ին հայտնեց, որ անցյալ տարվա վերջին ՊԵԿ իրավաբանական վարչությունն իր ընկերությանը տուգանել է 20 հազար դրամի չափով։ Տուգանքը նա որոշել է վիճարկել ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում։ Դիմումն ընդունել են և նշանակել նիստ՝ 2016 թ․ դեկտեմբերի 23-ին։ Նիստին պետք է մասնակցեր նաև տնտեսվարողը, որպեսզի հիմնավորեր, թե ինչու է առարկում Կոմիտեի կայացրած վարչական ակտը։ Իսկ ներկա գտնվելու համար, բնականաբար, պետք է նրան պատշաճ կերպով ու, ամենակարևորը, ժամանակին ծանուցեին, որ այսինչ օրը այսինչ ժամին տեղի է ունենալու տվյալ գործով նիստը, որպեսզի տնտեսվարողը ժամանակ ունենար պատրաստվելու և պատշաճ ու ժամանակին ներկայանալու նիստին։ Բայց Պետեկամուտների կոմիտեից Գևորգ Հակոբյանին նիստի ծանուցագիր են ուղարկել նիստը կայանալուց մեկ օր անց՝ նոյեմբերի 24-ին։ Իսկ մինչ այդ նրանք նիստ են անցկացրել, բնականաբար, առանց Գ․ Հակոբյանի և վարչական ակտն էլ անփոփոխ են թողել։



Այս զավեշտալի ծանուցագիրն ուղարկվել է ՊԵԿ փոխնախագահ, Գանգատարկման հանձնաժողովի նախագահ Վախթանգ Միրումյանի անունով։ Հետաքրքիր է՝ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել ՊԵԿ-ում՝ քաղաքացուն մեկ օր առաջ կայացած նիստի հրավեր ուղարկելով։ Ընդ որում՝ նկատենք, որ 2016 թ․ դեկտեմբերի 23-ը ուրբաթ օր էր։ Այսինքն՝ այնպես չէ, թե նիստից առաջ ոչ աշխատանքային օրեր են եղել, և փոստային ծառայությունը, օրինակ, չի աշխատել ու չի կարողացել ժամանակին նամակը տեղ հասցնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ