«ՊՊԾ գնդի գրավման» զեկույցը՝ լրագրողներով, բայց առանց «ահաբեկչության»

«ՊՊԾ գնդի գրավման» զեկույցը՝ լրագրողներով, բայց առանց «ահաբեկչության»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն սկսել է սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք գործունեություն իրականացնել եւ դրա վերաբերյալ զեկույցներ հրապարակել։ Նպատակը միջազգային հանրությանը կոնկրետ փաստերով, հնարավորինս մանրամասն եւ առարկայական ներկայացնելն է, թե ինչպես է ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողություններով հարձակվում հայկական դիրքերի վրա, գնդակոծում սահմանամերձ բնակավայրերը, պարբերաբար սադրանքներ հրահրում։



Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց 2016-ի դեկտեմբերի վերջին եւ 2017-ի հունվարի առաջին օրերին ադրբեջանական զորքերի դիվերսիոն հարձակումների եւ գնդակոծությունների վերաբերյալ իրենց փաստահավաք խմբի կազմած զեկույցը։ Այն ուղեկցվում է համապատասխան տեսանյութով։ Թաթոյանը, ցուցադրելով տեսանյութում հրապարակված քարտեզի վրա մեր սահմաններն ու բնակավայրերը, նաեւ հակառակորդի դիրքերը, նկարագրեց, թե ինչպես են հակառակորդի զինվորները հարձակվել մեր դիրքերի վրա, գնդակոծել հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։



Տեսանյութում ցուցադրվում են հակառակորդի գնդակոծությունից տուժած շենք-շինությունները։ «Հունվարի 3-ին հակառակորդը գնդակոծել է Չինարիի դպրոցը եւ մանկապարտեզը: Գնդակոծությունները խաղաղ բնակչության ուղղությամբ շարունակվել են նաեւ հունվարի 8-ի գիշերը՝ մարդկանց քնած ժամանակ, ինչն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական կողմը դրսեւորել է խաղաղ բնակչության կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու միտումը: Հարձակումները թիրախավորված եւ նախապես պլանավորված են եղել, մանավանդ՝ մանկապարտեզի եւ դպրոցի ուղղությամբ»,-ասաց Թաթոյանը։



Թաթոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գնահատական կարող է տալ քաղակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին «տոնածառ տեղադրելու համար» երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ կայացված դատավճռին։ «Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չէ, ես չեմ կարող որեւէ գնահատական տալ, դեռ բողոքարկման փուլում է, օրենքն արգելում է մարդու իրավունքների պաշտպանին որեւէ միջամտություն իրականացնել։ Դա կլինի օրենքի կոպիտ խախտում, եթե որեւէ գնահատական տամ։ Ես այս պահին որեւէ գնահատական չեմ կարող տալ»,-ասաց պաշտպանը։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց լինելո՞ւ է, թե՞ ոչ, եւ ե՞րբ է հրապարակվելու։ Թաթոյանն ասաց, որ զեկույց լինելու է, այն շուտով կհրապարակվի, լինելու է հայերեն եւ անգլերեն։ «Կարծում եմ՝ շատ փաստարկված, շատ լավ զեկույց է ստացվելու՝ թիրախային գնահատականներով։ Բայց քննության հետ կապված՝ մենք որոշակի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն ունենք, ես գրություն եմ ուղարկել քննչական մարմիններին, դա առաջիկայում կստանանք, կամփոփենք ու կհրապարակենք»,-ասաց նա՝ նշելով, որ այդ զեկույցը հիմա իր աշխատանքի առաջնահերթ ու գլխավոր ուղղությունն է, որը երեւի թե առաջիկա ամսվա ընթացքում կհրապարակվի։ Թաթոյանը վստահեցրեց, որ զեկույցում բոլոր հարցերին անդրադարձ կլինի, թե՛ ոստիկանների սպանության, թե՛ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ բռնություններին։ Մենք նրան մի քանի այլ հարց եւս տվեցինք այս կապակցությամբ։



- Պարոն Թաթոյան, քանի որ թեման նուրբ է, իշխանությունների վերահսկողության տակ է, մտավախություն կա, թե որքանո՞վ անկախ կլինի ՄԻՊ-ն այս հարցում։



- Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների շրջանակում անկախ ու անկաշկանդ է լինելու՝ որքանով կարող է գնահատականներ տալ։



- Սերժ Սարգսյանի, նաեւ հետո համապատասխան մարմինների կողմից գնահատական հնչեց, որ ՊՊԾ գնդի գրավումն ահաբեկչություն էր։ Արդյոք ՄԻՊ-ն այս գնահատականը ներառելո՞ւ է զեկույցում, թե՞ իր տեսակետն է հայտնելու։



- Զեկույցը կհրապարակեմ, ամեն ինչ պարզ կլինի։ Բայց, էսպես ասեմ՝ այն, ինչ վերաբերում է քննության մարմիններին, իմ իրավասության առարկան չէ։ Բայց ինչ վերաբերում է իմ իրավասությանը՝ այդ խախտումները, բերման ենթարկելը եւ այլն, էնտեղ հիմնական բաժիններով սիրուն կտեսնեք։ Նույնիսկ ըստ օրերի՝ բաժանված գնում է։ Կարծում եմ՝ շատ լավ է ստացվում։



- Հիմա այդ գնահատականը՝ ահաբեկչություն, մարդու իրավունքների տիրույթում տեղավորվո՞ւմ է։



- Չէ, դա դատավարության առարկա է, այսինքն՝ ես իրենց գործողություններին էդ առումով չեմ կարող անդրադառնալ։ Բայց ես անդրադառնում եմ էն խախտումներին, որը տեղի է ունեցել։ Ինքը շատ մեծ՝ մոտավորապես 100 էջ է ստացվել, այդ թվում՝ օրենսդրական նախագծերով հավելված կա, փաստաբանների աշխատանքի առումով առաջարկելու եմ խստացնել մուտքը բաժիններ թույլ չտալու հետ կապված՝ կոնկրետ օրինակներով, երբ որ մարդկանց տեսակցություններն ընտանիքների հետ արգելում են, առաջարկելու եմ օրենսդրական լուրջ փոփոխություններ, որը հիմնական կփոխի համակարգը։ Սահմանադրական դատարանը հաջորդ շաբաթ դատական նիստ է անելու իմ դիմումի հետ կապված՝ այդ բոլոր խախտումներով։



- Ո՞ւմ հետ եք աշխատել զեկույցը պատրաստելիս։



- Մենք անանուն հարցումներ ենք արել, մեր փորձագետները գնացել՝ լրագրողների հետ անանուն հարցումներ են արել, քաղաքացիների հետ ենք անանուն հարցումներ արել, էդ լրիվ զեկույցում կա։ Լուրջ փաստաթուղթ է ինքը։



- Նախօրեին տեղի ունեցավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016 թվականի տարեկան զեկույցի ներկայացումը, որտեղ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ 2016 թվականը լրագրողների նկատմամբ բռնությունների առումով ծանր տարի էր՝ նկատի ունենալով հատկապես հուլիսյան դեպքերը։



- Ես իմ կարծիքը կասեմ զեկույցի ժամանակ, բայց ասեմ Ձեզ, որ ես խոսքի ազատության իրավունքին մի հատ մեծ բաժին եմ հատկացնելու այդ զեկույցում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ