Ռամն ինձ օգնական…

Ռամն ինձ օգնական…

Մեր նախորդ կանխատեսումներում գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա: Սխալվեցինք: Քաղաքականության մեջ, ինչպես հնդկական կինոյում, ամեն ինչ հնարավոր է: Բայց հիմա, երբ եղածը եղած է, եւ, ինչպես ասում են` ջինը բաց է թողնված շշից, փորձենք որոշ բաներ համադրել ու հասկանալ, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ: Ասում եմ` գանք իրականություն, ի՞նչ կասեք: Սթափվենք, այսինքն հասկանանք, թե ինչպես պատահեց, որ Սերժ Սարգսյանի ձեռամբ հեռացված տղեն, մեկ էլ, հոպ` հայտնվում է կադրում` նախապես ճշտված եւ հայտարարված ժամին, ճիշտ այն օրը, երբ բոլորն սպասում էին մեկ այլ հայտարարության: Ռամն ինձ օգնական, որ կարողանամ լուծել այս ռեբուսը…



Գնանք առաջ: Հունվարի 17-ի գիշերը Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որ նույն օրը ցերեկը հայտարարություն կանի առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին: Արդեն իսկ հայտնի էր, թե ովքեր են լինելու նրա հետինները` Օսկանյան, Դալլաքյան, Արամ Սարգսյան (Դեմկուս): Բաց էր մնացել մեկ հարց` Օհանյանը միանո՞ւմ է, թե՞ ոչ: Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը դեռ թարմ էր, որ օդում ճայթեց լուրը, որ Գագիկ Ծառուկյանը 13:30-ին հայտարարություն է անելու: Այ, այդ պահին ինչ-որ մեկը մատը կծեց: Ո՞վ… Ռամն ինձ օգնական…



Եվ, ուրեմն, բոլորը, հիացած Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ, սպասում էին` ի՞նչ կանի Սեյրան Օհանյանը: Սպասում էին, բայց իրենց անհանգստությունը ցույց չէին տալիս: Ծառուկյանի ելույթից հետո ՀՀԿ-ն ընդհատակում էր ողջ կազմով: Եվ դա առիթ տվեց մտածելու, որ վախեցել են ԲՀԿ նախկին առաջնորդի շռնդալից վերադարձից: Բայց` ոչ: Նրանք սպասում էին Օհանյանի հայտարարությանը: Օհանյանի պարագայում չէր կարելի ասել` վերադառնում է: Նրան պաշտոնից էին հեռացրել եւ ոչ քաղաքականությունից: Սա, կարելի է ասել, նրա առաջին մենելույթն էր լինելու քաղաքական ասպարեզում, որտեղ մինչ այդ նա 2-րդ, 3-րդ, ինչու ոչ` նաեւ 4-րդ ջութակ էր աշխատում: Բայց ինչո՞ւ էր ՀՀԿ-ի սպասումը նրա պարագայում այդքան մեծ: Ահա, այստեղ մենք կարծես նշմարում ենք, թե ով կարող էր մատը կծել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո:



Նման դեպքերում, Ռամն ինձ օգնական, ընդունված է ականջներ որոնել: Դիցուք` ո՞ւմ ականջներն են երեւում Օհանյանի հետեւում: Իսկ Օսկանյանի՞… Հետեւաբար, ո՞ւմ էր փորձում կանխել Գագիկ Ծառուկյանը, որ առաջին էջը փակելուց հետո քաղաքական դաշտի կուլիսներում սկսել էր երեւալ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Կարծում եմ` Օհանյանը չկարողացավ արգելակել կամ չհասցրեց, եւ կամ նրան առաջ մղողները հոգացել էին արդեն, որ արգելակները չգործեն: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, սակայն, դաշինքը, որ ձեւավորվեց Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան ձեւաչափով, իշխանության համար միանգամայն հաղթահարելի դարձավ Գագիկ Ծառուկյանի վերադարձով:



Դրանից հետո միայն ՀՀԿ-ում շարժումներ նկատվեցին, Գագիկ Մելիքյանը խոսեց, Արմեն Աշոտյանը, առաջիկայում էլի կխոսեն, կխոսեն նրանք, որոնց մեղքերը Գագիկ Ծառուկյանը թողեց Աստծո ողորմությանը: Բա, կինոյի տղեն հենց այդպիսին էլ կլինի` մեծահոգի…



Գագիկ Ծառուկյանը 2-րդ սերիայում ավելի սոլիդ է դիտվում, ավելի ուժեղացած: Հիմա արդեն նույնիսկ ՀԱԿ-ից կդժվարանան նրան քննադատել: Ինչքան չլինի` նրա հետ ճանապարհ են անցել, եւ իրենց քաղաքագիտական վերլուծությունների պատճառով էր, որ Ծառուկյանը հայտնվեց քաղաքականությունից հեռացվածի կարգավիճակում: Եթե այլ հարթությունում գտնվեինք, կարելի էր ՀԱԿ-ին քաղաքական «քսիվ» ուղարկել` մարդը ձեր փոխարեն է «նստել»:



Ինչեւէ, ավարտենք Օհանյանի ճամբարում ստեղծված իրավիճակի մասին մի երկու խոսք ասելով: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը վերջապես խոսելու առիթ տվեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակին: Պարզվեց, որ այնտեղ գրաֆիկի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Ռոբերտ Քոչարյանը կխոսի ավելի ուշ: Ուշացումը, ինչպես Վիկտոր Սողոմոնյանն է նշել, մի քանի պատճառ ունի. քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռեւս չի ձեւավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են ապագա ընտրապայքարի կարեւոր գործոնները: Հարց է առաջանում`մենք մեզ համար գնում էինք ընտրությունների, դաշինքներ էինք ձեւավորում, այդ ինչո՞ւ հանկարծ գործընթացի տրամաբանությունը միանգամից խաթարվեց ու այնպես խաթարվեց, որ Քոչարյանը որոշեց հետաձգել ասելիքը: Պատահաբար մի ուրիշ կինո էլ Սեյրան Օհանյանի մասին չէ՞ր նկարվում, որի սցենարը, պարզվեց, այլեւս արդիական չէ: «Առայժմ անորոշ են ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարեւոր գործոններ»,- շարունակում է Քոչարյանի հապաղումը մեկնաբանել նրա գրասենյակի պատասխանատուն: Համաձայնենք: Այո, Սեյրան Օհանյանի եւ իր դաշինքի ընտրապայքարը կազմակերպելու հարցում շատ անորոշություններ եւ դժվարություններ ի հայտ եկան: Եվ դա Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո: Ամբողջ գաղտնիքը, ըստ իս, Գագիկ Ծառուկյանի փոստային հասցեի մեջ է: Ակնհայտ է` այդ հասցեն չհամապատասխանեց 2rd.am-ի գրասենյակի հասցեին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ