Կուռքեր չստեղծենք

Կուռքեր չստեղծենք

Կռապաշտությունը դժվար թե դառնա 21-րդ դարի մարդու լավագույն հանգրվաններից մեկը: Չգնանք դեպի կռապաշտություն եւ մեզ համար կուռքեր չստեղծենք քաղաքական դաշտում օրումեջ հայտնվող դաշինքներից ու նրանց ռահվիրաներից: Լսենք նրանց, բայց լսենք որպես 21-րդ դարի մարդ, եւ չլինենք այնքան դյուրահավատ, որ բոլորին կուռքի տեղ դնենք:



Հեսա տեսեք Գագոն ու Սեյրանն ինչ են անելու… սոցցանցերն այնպես են տժժում, ասես նրանք փրկիչներ են, որ իջել են վերեւից: Ամեն մեկը, ով հեղինակավոր կարծիք գրել գիտի, այնպիսի բաներ է գրում, որ, թվում է` Ծառուկյան Գագիկը նրա անձնական փրկիչն է կամ անձնական դահիճը: Նույնը` Սեյրան Օհանյանի դեպքում: Մարդիկ կան, որ այս երկուսի հավանական դաշինքն արդեն աղերսավորում են Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հետ, ընդ որում՝ Գագիկ Ծառուկյանին պատկերացնելով Դեմիրճյանի դերում: Մի արեք: Մենք դեռ պետք է ուշադիր լսենք Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին, մյուս վերադարձող ու ինքնահաստատվող գործիչներին, որպեսզի ճիշտ հետեւություն անենք եւ ճիշտ ընտրություն:



Եթե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ապա առաջին հերթին ինքներս չպետք է դառնանք կրկեսային ներկայացման մասնակից` որպես վարժեցված կենդանի կամ էժանագին ռեկվիզիտ: Ընտրությունների ժամանակ դատողը մենք ենք, ոչ թե իրենք, եւ իրենց հրահանգով, վերադարձով կամ դաշինք կազմելով չէ, որ պետք է ցատկենք այս հարթակից այն հարթակի վրա:



Եվս երկու տարի, եւ կլրանա Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի 10 տարին: Արդեն 10 տարի է` նա մեզ հետ է կրկին: Ես հիմա հարցնում եմ` այդ 10 տարում գոնե 10 անգամ նա մեզ համոզե՞լ է, որ ինքն էր 2008-ի փրկիչը: Բայց, եթե հիշում եք, 2008-ին եկել էր փրկչի թիկնոցով, եւ նրանից մարդիկ կուռք էին սարքել ու գնում էին հետեւից: Հետո եղավ մի պահ, որ մենք կուռքերի հրաշալի եռյակ ունեինք` կազմված մեկ հատ Հայոց անկախ պետականությունը, մեկ հատ բարեգործությունը եւ մեկ հատ էլ կռապաշտության ու քրիստոնեության դարավոր բարեկամությունը խորհրդանշող կուռքերից: Այդ ամենը թեեւ արդեն անցյալում է, վերադառնում է մեզ` որոշ դեպքերում նույն, որոշ դեպքերում` այլ կերպարանքով:



Մեր հասարակության մի հատվածն էլ միշտ իր համար կուռքեր է ընտրում իշխանություններից` սխալմամբ կարծելով, որ կան ուժեղ եւ թույլ կուռքեր, եւ պետք է ընտրել ուժեղին, որպեսզի նա փրկի իրենց ի չարե: Մինչդեռ կուռքը կուռք է` արձանիկի տեսքով լինի, թե այլ բանի: Նա գոյություն ունի, հարատեւում է զուտ մարդկանց մեջ, եւ մարդուց դուրս դա զտարյուն չգոյություն է:



Ընտրությունն ստեղծել են հենց այն նպատակով, որպեսզի ժողովուրդը` ընտրողը, աստվածացվի եւ ոչ թե ընտրյալը: Այո, նրանք պետք է գան ու մեզ աստվածացնեն, որպեսզի հետո հավատան ու ծառայեն մեզ: Հակառակը սխալ է, հայեր: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր` ինձ գործիք դարձրեք` ձեր նպատակներին հասնելու համար: Դրանով նա ասում էր` ինձ կուռք դարձրեք: Կուռքը, այո, գործիք է: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է մեր հավատացյալը դառնար ու մեզ համար մոմ վառեր, որ հասնեինք մեր նպատակներին: Նույնը հաջորդները պետք է անեին ու չմտածեին, թե իրենք մի յուրօրինակ, անփոխարինելի գործիք են ժողովրդի ձեռքին` կուռք, եթե կուզեք` Կացին ախպեր, որ կարող է առանց ժողովրդի թույլտվության զայրանալ, կարմրել ու ձեռուոտ կտրել:



Սեյրան Օհանյանը բան էր գրել, որ ուզում է ծառայել ժողովրդին ու հայրենիքին: Նա այն ժամանակ էլ էր ծառայում եւ շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ ավելի լավ ծառայելու: Այսօր նա գալիս է կուռքի հավակնություններով` մի խորհրդավորությամբ, որ հիպնոսացնում է հասարակությանը: Մարդ բան չի հասկանում նրանից` մի՞թե նա ամենակոռումպացված կառույցներից մեկի ընդամենը մեկ հատիկ մարգարիտն է եղել, ու մենք, անարդար գտնվելով, չենք նկատել դա: Նա կարող էր կուռքի հավակնություններ ունենալ, եթե ապրիլյան պատերազմի զինադադարից հետո ինքը հրաժարական տար: Չարեց: Եվ հիմա, երբ իրեն պարտադրել են դա, ահավոր նեղացած մտել է քաղաքական դաշտ ու տպավորություն է ստեղծում` հեսա տեսեք ինչ եմ անում: Ի՞նչ է անելու, եթե չընտրենք: Բարով է մտել քաղաքական դաշտ, բայց մի հատ թող գա, բացատրի, թե ինչ է ուզածը, կարողանո՞ւմ է, արդյոք, ժողովրդին աստվածացնել, ճանապարհային քարտեզ ունի՞, թե՞ գալիս է տիրելու քաղաքացիական այս հոտին, որ հետո ինքը շվաքում նստի, իսկ մյուսներն իրեն երկրպագեն:



Ամփոփենք: Հարգելի դաշինքներ եւ ընտրությունների մասնակից միայնակ կուսակցություններ, դուք նույնպես ապրում եք 21-րդ դարում: Իսկ դա նշանակում է, որ պետք է մի կողմ դնեք կռապաշտության դարաշրջանի սովորություններն ու հանգիստ, ինչպես ողջ աշխարհում, պատրաստվեք ընտրությունների: Այլապես ինչի՞ եք վերածել քաղաքական դաշտը` մեկը մյուսից քշված, մեկը մյուսից «աբիժնիկ», մեկը մյուսին բիրդան սիրահարված: Արեւ էլ չկա, որ վրաներդ ընկնի. այդպես խորհրդավոր էլ գալիս եք` ձեզ 5 պակաս կուռքի տեղ դրած: Հենց խոսեք` կիմացվի, թե ով ում բարեկամն է, ով է ում բրթում կամ դրդում: Էն էլ ասեմ, որ նոր ԱԺ-ում այլեւս մեղր-կարագ չեն բաժանելու, եւ առիթներ շատ եք ունենալու ձեզ ԱԺ բերած ժողովրդին, որպես հավատացյալ, ծառայելու:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ