Բիզնեսի տեսանկյունից ճիշտ կլինի լուսանկարչության թանգարանը կոչել Արա Գյուլերի անունով

Բիզնեսի տեսանկյունից ճիշտ կլինի լուսանկարչության թանգարանը կոչել Արա Գյուլերի անունով

Հայաստանում վերջապես կբացվի լուսանկարչության թանգարան։ Ինչպես մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է զրույցի ընթացքում ընդգծում ՝ թանգարանի գաղափարը շատ վաղուց կար, եւ հիմա ինքը փորձում է «միս ու արյուն տալ» այդ նախագծին։ Առաջին տպարանի պայթեցված շենքի սեփականատերը թանգարանի կառուցման համար նախարարությանը տրամադրել է Հանրապետության փողոցի հատվածից 250 քառակուսի մետր տարածք, բայց, ինչպես Ամիրյանն է նկատում, շինարարական աշխատանքները կձգվեն մոտավորապես 2 տարի. «Եվ որպեսզի ստիպված չլինենք 2 տարի սպասելու, մենք հիմա հարեւանությամբ փնտրում ենք եւ արդեն կանգ ենք առել մեկ-երկու տարածքի վրա, որ պետք է վարձակալենք՝ թանգարանի աշխատանքներն սկսելու համար, հետագայում դրանք տեղափոխելով այնտեղ»։ 



Թանգարանի հիմքում ընկած են լինելու աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները, ավելին՝ նա արդեն մոտ 150 աշխատանք է նվիրել Հայաստանին եւ պատրաստ է ավելին նվիրելու։ «Բայց պահանջը նա էր, որ պետք է լինի գոնե առանձին ներկայացված սրահ եւ թանգարանը, որ մենք պետք է կազմակերպենք, հիմնական մեծ սրահը պետք է տրամադրվի հենց Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրությանը։ Հետագայում, անշուշտ, կներգրավվեն մեր այլ հայտնի ազգությամբ հայ, եւ ոչ միայն հայ, լուսանկարիչների ցուցահանդեսներ՝ ժամանակավոր կամ մշտական ցուցադրություններով, նայած թե մենք ինչ նյութ կունենանք»,-ասում է Ամիրյանն ու նշում, որ շեշտադրումը չեն դնելու միայն հայկական լուսանկարչության վրա։ «Մեր հիմնական նպատակը Հայաստանում լուսանկարչությունը խթանելն է՝ որպես արվեստ, լրագրություն, նաեւ որպես բիզնես, չվախենանք դա բարձրաձայնել, որովհետեւ լուսանկարչությունը բավականին լուրջ բիզնես գործառույթ ունի իր մեջ։ Լուսանկարչական թանգարանը ենթադրում է, որ պետք է ունենա որոշակի բիզնես ծառայություններ, տարբեր ֆոտոծառայություններ, դրանք պետք է լինեն շատ օրիգինալ եւ յուրահատուկ»,-նշում է Ամիրյանն ու նկատում, որ հիմա շատ չի ուզում փակագծերը բացել, որովհետեւ դրանք նաեւ բիզնես գաղտնիքներ են, եւ թանգարանի բացվելուն զուգահեռ դա տեսանելի կլինի բոլորի համար։



Նախարարից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է ժամանակի ընթացքում թանգարանն անվանակոչվի Արա Գյուլերի անունով․ գաղտնիք չէ, որ նա դեռ 2004-ին իր «Հայաստան», «Թուրքիա» շարքերը նվիրաբերել էր Հայաստանին՝ հենց իր անունով թանգարան բացելու նպատակով։ «Բացի մարդկային, զգացական պարտավորությունից, ես կարծում եմ՝ բիզնեսի տեսանկյունից եւս շատ ճիշտ է, որ այն կոչվի Արա Գյուլերի անունով, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին, պետք չէ շտապել, պետք է նախ ստեղծել թանգարանը, ունենալ հիմքում Արա Գյուլերի ցուցադրությունը եւ հետագայում արդեն անվանակոչել Արա Գյուլերի անունով»։



Ինչ վերաբերում է թանգարանի տնօրենի հարցին, ապա Ամիրյանը հակված է մտածելու, որ այն պետք է լինի համագործակցություն մասնավոր կամ հասարակական կազմակերպության հետ. «Որովհետեւ ստեղծել մեկ այլ պետական ոչ առեւտրային ձեռնարկություն՝ ես ընդհանրապես հակված չեմ մշակույթի նախարարության բեռը մեծացնելու, ավելին՝ հակված եմ օգնելու տարբեր կազմակերպությունների, որոնք կկայանան այս դաշտում եւ կկայանան մշակութային բիզնեսի գաղափարների մեջ»։



Մշակույթի նախարարը չի բացառում, որ թանգարանի տնօրենը լինի ոչ լուսանկարիչ, ըստ նրա, արվեստի կառավարմամբ այսօր զբաղվում են ոչ արվեստագետները, եւ դա շատ ավելի ճիշտ է. «Բայց չի բացառվում, որ լինի նաեւ մասնագետ, մենք դեռ ընտրություն չենք կատարել, պարզապես հիմա գաղափարների բանկն ենք մեծացնում, եւ այդ շտեմարանն այնքան է մեծացել, որ, իմ պատկերացմամբ, 250 քառակուսի մետրը նույնիսկ քիչ է, որովհետեւ այնտեղ պետք է լինեն փոքրիկ սրճարան, լուսանկարչական հատուկ ծառայություններ, այն լինելու է ժամանցի կենտրոն, որի հիմքում եւ դոմինանտը լուսանկարչությունն է՝ սկսած լուսանկարչական աշխատանքներից մինչեւ համապատասխան ապարատներ։ Հենվելով լուսանկարչական թանգարանի գաղափարի վրա՝ մենք պատրաստվում ենք արդեն այս տարի հրատարակել լուսանկարչական մի լավ ալբոմ, որը մեզ հուշեցին արտասահմանյան մեր գործընկերների աշխատանքները, եւ կարծում եմ՝ սրանով մենք լուրջ խթան կհանդիսանանք Հայաստանում լուսանկարչական արվեստի զարգացման համար»։



Թանգարանի էքսպոզիցիան ձեւավորելու համար կկազմվի մասնագետ լուսանկարիչների խորհուրդ, բայց այն կձեւավորվի, երբ տեղանքի հարցը լուծվի. «Տեղանքից է կախված, մենք հիմա ընտրության 2 տարբերակ ունենք, երբ տեղը վերջնականապես որոշված լինի, անպայման կձեւավորենք դա, որովհետեւ լինելու է շատ պրոֆեսիոնալ մոտեցում լուսանկարչական թանգարանին թե էքսպոզիցիայի առումով եւ թե հարակից այլ ծառայությունների առումով, որովհետեւ կան մասնագետներ, ովքեր պետք է գան ու մեզ խորհրդատվություն տան, թե ինչպես կազմակերպել, օրինակ, սրճարանի կամ լուսանկարչական այլ կոմերցիոն ծառայությունների աշխատանքը թանգարանում, լուսանկարիչների հանձնաժողովն էլ՝ թե ինչպես կազմակերպել ցուցադրությունը, հակառակ դեպքում մենք սիրողական մակարդակի բան կանենք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ