Ռուսները զանգվածաբար լքում են Թուրքիան․ ի՞նչ է կատարվում

Ռուսները զանգվածաբար լքում են Թուրքիան․ ի՞նչ է կատարվում

Հատուկ ռազմական գործողության հետևանքով երկիրը լքած և Թուրքիա մեկնած ռուսները սկսել են զանգվածաբար տեղափոխվել այլ երկրներ բնակության թույլտվության (կացության թույլտվության) հետ կապված խնդիրների և ֆինանսական դժվարությունների պատճառով, հայտնում է Reuters-ը։

Վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը՝ գործակալությունը գրում է, որ այս ամիս Թուրքիայում բնակության թույլտվություն ունեցող ռուսաստանցիների թիվը 2022 թվականի վերջի համեմատ, երբ 154 հազար էր, նվազել է մինչև 96 հազարի։ Բացի այդ, երկրում նվազել է ռուսական կապիտալի մասնակցությամբ ստեղծված ընկերությունների թիվը՝ 2022 թվականի 140-ից անցած տարի հասնելով 68-ի։

Նշվում է նաև, որ ռուսաստանցիները չեն կարող երկարաձգել իրենց կացության թույլտվությունը, նրանք պատժամիջոցների պատճառով բախվում են բանկային ծառայությունների հետ կապված խնդիրների և տառապում են Թուրքիայում բարձր գնաճից, որն ապրիլին հասել է 70%-ի։

Ստամբուլի կոմերցիոն համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բիրիզ Քարաքայը նշել է, որ «Թուրքիան այժմ չի ցանկանում շատ օտարերկրացիների ընդունել», որոնք նույնպես տուժում են տնտեսական խնդիրների պատճառով։ Ռուսներին մեկնելու ուղղությունների թվում նա նշել է ոչ միայն Բալկանները, այլև Լատինական Ամերիկայի երկրները՝ Արգենտինան և Բրազիլիան։