«Հրապարակ». Ո՞նց կարելի է մարդու տունը կիսել, սահման դարձնել ու խոսել մարդու իրավունքից
Ապօրինի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցների դեմ իրավապահները հին ու վաղուց փորձարկված միջոցներ են կիրառում, նրանց «վնասազերծում» են եւ մեկուսացնում անհեթեթ մեղադրանքներով։ Քննչական կոմիտեն օրերս հաղորդեց, որ ոստիկանները Կիրանց գյուղի մոտ երկու անձի են ձերբակալել` Երեւանի բնակիչների, որոնք կասկածվում են թմրանյութ պահելու մեջ։ Նրանք, իբր, «տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ»։ Ըստ հաղորդագրության, վարորդը, պարեկներին տեսնելով, տուփը դեն է նետել, ապա պարզվել է, որ «դրանում առկա է եղել կաթուցիչ եւ դեղնականաչավուն կանեփանման զանգված»։ Ոստիկանությունը եւ Քննչական կոմիտեն ամեն ինչ անում են, որ այդ հաղորդագրություններով տպավորություն ստեղծեն, թե ապօրինի սահմանազատման դեմ պայքարողները ոչ թե հայրենասեր քաղաքացիներ են, որոնք իրենց հասանելի ձեւերով պայքարում են սեփական հող ու ջրի համար, այլ խուլիգաններ եւ թմրամոլներ։ Իրավապահների այս ձեռագիրը, ի դեպ, նոր չէ` այն Աղվան Հովսեփյանի ժամանակներում էլ էր կիրառվում: Փաստորեն, 2008-ի մարտի 1-ից ոչինչ չի փոխվել։
Փաստաբան, նախկին քննիչ Հովիկ Արսենյանը, ով 2008 թ․ ՀԱԿ ակցիաների ակտիվ մասնակիցներից էր, իսկ հետո բազմաթիվ գործիչների, ՀԱԿ ակտիվիստների շահերն էր ներկայացնում դատարանում, վերհիշում է, որ մարտի 1-ին նախորդած 3-4 օրերի ընթացքում, ամեն առավոտ ոստիկանական գազելներ էին մտնում Օպերայի բակ, Թումանյանի արձանի մոտ, ձողեր էին իջեցնում մեքենաներից, լցնում էին նստարանների հետնամասում, հետո նկարահանում էին դա, նորից դրանք հետ լցնում մեքենան ու գնում։ Հետագայում, երբ արդեն մարտի 1-ի դեպքերը եղել էին, սկսեցին օգտագործել այդ տեսանյութերը՝ իբր հիմնավորելու, թե ցուցարարները նախապատրաստվում էին հարձակման։
«Իբր պրոֆիլակտիկ խնդիր լուծեցին՝ Մարտի 1 կատարելով։ Բնականաբար, այնտեղ նաեւ ներարկիչներ էին գտել, ասեղներ, իբր թմրամոլներ էին մասնակցում ցույցերին»,- հիշում է Հովիկ Արսենյանը։ Այն ժամանակ նրա պաշտպանյալներից էր դատավոր Գիվի Հովհաննիսյանի հայրը՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Ալավերդու հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանը, ում մեղադրում էին իր խնամուն «ոզնիներ» պատվիրելու համար։ «Խնամին էլ Աղվան Հովսեփյանի եղբայրն էր։ Նրան կալանավորեցին, բայց այդպես էլ դա չապացուցվեց, գործը կարճվեց։ Այսպես կոչված, «ոզնիներ» պատրաստելու մեղադրանքն արհեստածին էր եւ պետք էր այն ժամանակվա քաղաքական ղեկավարության ընդունած որոշումներն արդարացնելու համար։ Դժբախտաբար ստացվում է, որ այն ժամանակվա ոստիկանությունն ավելի հումանիստ էր, քան մեր օրերինը։ Այսօր ավելի շատ լիազորություններ են ոստիկանությանը տրված՝ չնայելու ոչնչի, ոչինչ չխնայելու, որ կարողանան կատարել իրենց հանձնարարությունները։ Նյութականն է որոշում կեցությունը՝ սա է նստած նրանց հոգեբանության մեջ, եւ, բնականաբար, վճարումներ են կատարվում նրանց, ու յուրաքանչյուրը մտածում է իր ընտանիքի մասին՝ չմտածելով, որ այդ ընտանիքն ամբողջ պետության մի բաղկացուցիչն է։ Մոռացել են սրա մասին։ Սա տանում է մասնատման եւ ինքնաոչնչացման»,- ասում է Հովիկ Արսենյանը։
Նա դեռ տարիներ առաջ համոզմունք է ունեցել, որ քաղաքական իշխանությունը երբեք չպետք է հենվի ուժային համակարգի վրա։ «Ի վերուստ միայն իրավապահ, ուժային համակարգերն ուժեղացնելն ու դրանց վրա հենվելը՝ առանց բանակի, ընդ որում, բերելու է ամեն առումով ձախողումների, պետության կործանման, ինչին մենք հիմա ականատես ենք, եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի սթրեսի ու դեպրեսիայի մեջ է ընկել, չգիտի, թե ինչպես պետք է այս իրավիճակից դուրս գա, անզորության շրջանում ենք յուրաքանչյուրս ապրում։ Խոսքով չէ, որ պետություն ու անվտանգություն են ապահովում կամ մարդու իրավունքներ։ Մարդու իրավունքների մասին խոսելն արդեն ծիծաղելի է։ Ո՞նց կարելի է՝ մարդու տունը կիսում են, սահման են դարձնում ու խոսում են մարդու իրավունքից»։
Ձեզ համար զարմանալի չէ՞, որ Մարտի 1-ին ու դրանից հետո տիրող իրավական բեսպրեդելին առնչված, դրանից տուժած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, հենց ինքն է ավելի դաժան ձեւով վարվում ցուցարարների հետ: Ինչո՞ւ է Փաշինյանը մոռացել այն օրերը։ Հովիկ Արսենյանը պատասխանում է․ «Այդ հարցին պատասխանելու համար մենք ավելի խոր պետք է ուսումնասիրենք երեւույթը։ Վերջին հաշվով, հենց իր ընտանիքի կողմից է բարձրաձայնվել, որ ազգային ազատագրական պայքարի ընթացքում զոհվել են «հանուն ոչնչի»։ Սա ո՛չ այսօրվա, ո՛չ էլ երեկվա հոգեբանություն է, այլ այն ժամանակից ձեւավորված։ Մարտի 1-ն իրենց համար ոչինչ է, ընդամենը միջոց` նպատակներին հասնելու»։
Կարծիքներ