ԵՄ-ն ևս պատժամիջոցներ է պահանջում Վրաստանի դեմ

ԵՄ-ն ևս պատժամիջոցներ է պահանջում Վրաստանի դեմ

ԵՄ մի շարք երկրներ պնդում են Վրաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ԵՄ-ում նրա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը՝ ի պատասխան երկրի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով քննարկումների մասին տեղյակ պաշտոնյաներին։

Ըստ նրանց՝ «Նիդերլանդները, Չեխիան, Շվեդիան և Էստոնիան նախաձեռնությամբ են հանդես գալիս՝ հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը քննարկելու հակավրացական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»։ 

Քննարկման համար առաջարկվող միջոցառումների թվում են Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմի վերացումը, նպատակաուղղված պատժամիջոցները և ԵՄ միջոցների սառեցումը։ 
Եվրոպական մայրաքաղաքներում «դիտարկվում են վրացական կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ», նշել են պաշտոնյաները։ 

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հարուցեց ԵՄ-ի կոշտ արձագանքը՝ Թբիլիսիի եվրաինտեգրումից շեղվելու հետ կապված։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ, եթե այնտեղ ժողովրդավարությունը խարխլվի։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, պատգամավորները մտադիր են հաղթահարել այն։