Վայ, Սերժ, Սերժ…

Վայ, Սերժ, Սերժ…

Իշխանությունից Հովիկ Աբրահամյանի հեռանալը, թերեւս, այլ պատճառներ ունի, որոնք հնարավոր չէ դիտարկել Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ այլոց հեռանալու պատճառների հետ: Հովիկ Աբրահամյանի հեռանալը, այսպես ասենք, քաղաքական հիմնավորումներ չունի: Հովիկ Աբրահամյանը, մեր կարծիքով, հեռացավ ոչ թե ՀՀԿ-ից կամ իշխանությունից, այլ հեռացավ քաղաքականությունից: Այն, որ նա, քանի երկաթը տաք էր, չհայտարարեց Ծառուկյանի դաշինքին միանալու, սեփական պայքարն սկսելու, այս ու այն դաշինքի հետ բանակցելու մասին, խոսում է Հովիկ Աբրահամյան գործչի քաղաքական հոտառության եւ զգուշավորության մասին: Համաձայնենք, որ ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոններ զբաղեցրած մարդու համար նրա այս պահվածքը լիովին հասկանալի եւ ադեկվատ է: Ինչ կանի Հովիկ Աբրահամյանը տակից` դա արդեն բոլորովին այլ հարց է, թեեւ հնարավոր է ոչինչ էլ չանի եւ խիղճը հանգիստ զբաղվի իր բիզնեսի զարգացմամբ, որի «դաբրոն», հավանաբար, հեռանալիս ստացել է ղեկավարությունից:



Իսկ ի՞նչ է ներկայացնում իրենից մնացած «ընդդիմությունը», որ կարելի է այլ խոսքով նկարագրել որպես ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանից նեղացածների աշխարհ: Հիմա մենք անուններ կտանք, իսկ դուք փորձեք կռահել, թե ինչն է այդ մարդկանց հավաքել իրար մոտ: Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան… Այս շարքում ամենահետաքրքիր կերպարը Վիկտոր Դալլաքյանն է, եւ պատահական չէ, որ նշվածներից հենց նա է առայժմ նստած ստվերում: Հիշո՞ւմ եք, թե ինչով սկսվեց այս «ընդդիմության» ձեւավորումը: Այո, Վիկտոր Դալլաքյանի հայտարարությամբ, որ եթե իրեն ու իր ընտանիքին բան պատահի, ապա մեղավորներին փնտրենք Սերժ Սարգսյանի մոտ: Դալլաքյանի կերպարի խորհրդավորությունը, սակայն, դրանով չի սահմանափակվում: Ստորեւ կանդրադառնանք նրա եւս մեկ հայտարարության, իսկ մինչ այդ խոսքը տանք ՀԱԿ-ին, որը, թվում էր, պետք է ամենախանդոտ վերաբերմունքն ունենար իր դաշտ ներխուժած «ընդդիմադիրների» նկատմամբ: ՀԱԿ-ի լռությունը ոչ ոքի չի՞ զարմացնում: Բայց, մյուս կողմից էլ` ի՞նչ ասեն իրենց երեկվա դաշնակից Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին: Ի վերջո, ճանապարհ են անցել իրար հետ: Բայց նախընտրական շրջանը խոսելու ամենապատեհ ժամանակաշրջանն է: Եվ ուրեմն` ի՞նչ անել: Ոչ այն է` քննադատի «կեղծ ընդդիմությանը», ոչ այն է` բացի քաղաքագիտական վերլուծության նոր էջը եւ միանա Ծառուկյանին: Հասկանում ենք նաեւ, որ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նույնիսկ իրար տներ են գնում, խորհուրդներ են հարցնում միմյանցից, եւ Տեր-Պետրոսյանի համար հեշտ չէ ընդդիմությանը միանալը: Անելանելի դրությունից լավագույն ելքը լռությունը չէ, բայց սա, ինչպես տեսանք, այն լռությունն է, որ ՀԱԿ-ի պարագայում միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունի:



Իսկ ի՞նչ էր ասում ՀԱԿ-ը 2008-ին` մարտի 1-ից հետո: Մեղադրում էր Գագիկ Ծառուկյանին, Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին՝ իշխանության կողքին կանգնելու, հանրությանն ապակողմնորոշելու, ցուցարարների դեմ բանակ հանելու մեջ: Ի՞նչ է ստացվում: Մարտի 1-ի թեման, կարծես, տեղափոխվում է կամ, ավելի ճիշտ, կենտրոնանում է իշխանությունից դուրս մի տեղ, որին մենք այսօր ընդդիմադիր դաշտ ենք ասում: Ինչպես տեսանք` այդ դաշտում են մարտի 1-ի թե պահանջատերը` ՀԱԿ-ը, եւ թե ՀԱԿ-ի վկայակոչած մեղավորները:



Իսկ հիմա գանք այս դաշտի ամենախորհրդավոր կերպարին: Ո՞վ է Վիկտոր Դալլաքյանը: Նա, կարծես, մարտի 1-ին «իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, մեկ էլ շըըըըըխկ, շուշեն ջարդին»: Պարզվում է, սակայն, որ դա այնքան էլ այդպես չի եղել: Վիկտոր Դալլաքյանն «էն տղեն ա», որ վեր կացավ ու ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը շատ բան գիտի մարտի 1-ի մասին եւ կարող է անուններ տալ: Դրանից հետո նա ԱԺ պատգամավոր չընտրվեց, բերվեց նախագահական, նշանակվեց նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում… Այս նուրբ պրոցեդուրան, հավանաբար, Դալլաքյանին մոռացնել տվեց իր հայտարարությունը, բայց նա, զգալով սեղմվող օղակը, ճարպկորեն դուրս պրծավ` իրեն ընդդիմադիր հայտարարելով: Հենց այդ օրվանից կարծիք կա, որ Վիկտոր Դալլաքյանն ական է եւ կպայթի նախընտրական փուլում` պայթեցնելով այն դաշինքը, որի կազմում կլինի:



Ամփոփենք․ ասել, որ հիացած ենք Սերժ Սարգսյանի` քաղաքական դաշտ նկարելու արվեստով, նշանակում է ոչինչ չասել: Ամբողջ հարցն այն է, որ այդ արվեստում գեղագիտությունը վերջին տեղում է, իսկ մնացած ամեն ինչը կառուցված է նուրբ հաշվարկի վրա: ՀՀԿ-ի կեղտոտ լվացքը, որ նա առանց մտահոգության փռում է դրսում, հենց այդ մասին է խոսում: Մարտի 1-ի հետ թեկուզ ամենաչնչին առնչություն ունեցողը կամ սուսուփուս հեռանում է, կամ փռվում պարանին, կամ գնում հայրենիքին ավելի լավ ծառայելու: Վայ Սերժ, Սերժ…



Մեր ասածը հաստատում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկա կացությունը: Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի վեճը դարձել է գյուղացի Համբոյի ու Նանի կռիվը: Արմեն Մարտիրոսյանն ուզում է «Ժառանգությանը» տանի քաղաք, դաշինքի տա, որ «մարդ» դառնա, իսկ Զառան չի ուզում` «իմ անմեղ էրեխուն էդ անիրավ աշխարհքը մի գցիր, չեմ ուզում…»: Կարծում ենք` այս անգամ «Համբոն» կլսի «Նանին», եւ «Ժառանգությունը» չի հայտնվի փրկիչների խառը պատմությունների մեջ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ