Մարդիկ տեղյակ չեն՝ ինչպես և ում ընտրել

Մարդիկ տեղյակ չեն՝ ինչպես և ում ընտրել

Ընտրությունները մոտենում են, բայց ազգաբնակչության մի ստվար զանգված տեղյակ չէ՝ թե ինչ ընտրություններ են լինելու ապրիլի 2-ին, ովքեր են թեկնածուները, ինչ է նշանակում էլեկտրոնային քվեարկություն եւ ռեյտինգային թեկնածու։ ՀՀԿ-ական իշխանությունն այնպես արեց, որ նոր ընտրակարգից ու ընտրական մեխանիզմներից, բացի իրենցից, ոչ ոք ոչինչ չհասկանա։ Իսկ բաներ կան, որ ասում են՝ միայն 3 հոգի գիտեն՝ Տիգրան Մուկուչյանը, Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը, ովքեր գրել են օրենսգիրքը։ Խոսքը հատկապես վերաբերում է հետընտրական հաշվարկներին, բոնուսներին, Դոնթի բանաձեւին։ Այնպես որ, ընտրություններից հետո մեզ բազում անակնկալներ են սպասվում։ Այդ իսկ պատճառով ընդդիմադիր ուժերին մեծածավալ ու բարդ աշխատանք է սպասվում՝ առաջին անգամ ընտրության գնացող 18 տարեկան երիտասարդից մինչեւ զառամյալ ծերունու բացատրել, որ այս անգամ կարգը լրիվ այլ է, որ պետք է կուսակցություններին առաջնահերթություն տալ, ոչ թե քրեաօլիգարխիկ մեկին։



Իսկ կարգը, ըստ նոր Ընտրական օրենսգրքի, հետեւյալն է․ կուսակցությունները ներկայացված են լինելու մեկ միասնական ցուցակով՝ քվեաթերթիկի մի երեսին գրված է լինելու տվյալ քաղաքական ուժի անունը՝ իր ցուցակի առաջին երեք համարների անուն-ազգանուններով, որոնց դիմաց «պտիչկա» չի դրվելու, իսկ մյուս երեսին լինելու են տվյալ ընտրատարածքում այդ ուժի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները։ Ընտրողը նախ պետք է կողմնորոշվի՝ ինքը որ քաղաքական ուժին է ձայն տալու, հետո ընտրելով այդ ուժի անունով քվեաթերթիկը, պետք է նաեւ որոշի՝ այդ ուժի կողմից որ թեկնածուին է նախընտրում։ Ըստ այդմ էլ՝ քվեաթերթիկի մյուս կողմում գրված թեկնածուներից մեկի անվան դիմաց «պտիչկա» է դնելու։
Արդեն հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ։ Ամբողջ ՀՀ տարածքում կա 13 ընտրատարածք։ Այդ 9 ուժերից յուրաքանչյուրն ամեն ընտրատարածքում առաջադրել է նվազագույնը 5-15 ռեյտինգային թեկնածու։ Այսինքն՝ ընտրողը պետք է ընտրի ոչ թե իր ընտրատարածքում առաջադրված 80-90 ռեյտինգային թեկնածուների, այլ կուսակցությունների միջեւ։



Ընտրողը կարող է այդ թեկնածուներից ոչ մեկին էլ ձայն չտալ, բայց նա պարտավոր է ընտրել այդ ինը քաղաքական ուժերից որեւէ մեկին։ Դրա համար ընտրատեղամասում ստացած 9 քվեաթերթիկներից նա պետք է ընտրի այն թերթիկը, որ ուժին որ ուզում է ձայն տալ։ Եթե անգամ ռեյտինգային թեկնածուին չես ցանկանում ձայն տալ, կարող ես վերցնել թերթիկն ու առանց որեւէ նշում կատարելու դնել ծրարի մեջ ու գցել արկղը։
Ավելի պարզ ասած՝ այն մարդիկ, ովքեր դեմ են իշխանությանը եւ Հանրապետականին, բայց իրենց նախընտրած ուժի թեկնածուներից ոչ մեկին չեն ճանաչում, կարող են ոչ մի անձի օգտին չքվեարկել, արկղը գցել միայն իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկը։



Բայց մեր բնակչության մեծ մասն այս ամենից տեղյակ չէ։ ՀՀԿ-ական թեկնածուներն արդեն սկսել են իրենց նախընտրական ակտիվ արշավը, տարբեր բարեգործություններ ու լավություններ են անում, որ ձայն փախցնեն։ Ու մարդիկ, գայթակղվելով ՀՀԿ-ական օլիգարխների «բարեգործություններով», նաեւ անտեղյակ այս ընտրության նրբերանգներից, գնալու են եւ ձայն տան այդ մարդուն՝ ակամա ձայն տալով նաեւ ՀՀԿ-ին։ Արդյունքում օլիգարխ, բարերար թեկնածուն կարող է անգամ չանցնել խորհրդարան, բայց նրա բերած ձայներով կամրապնդվի ՀՀԿ-ի իշխանությունը։



Այսինքն՝ ընտրողը պետք է հասկանա, որ այս ընտրությունն այլեւս մեծամասնականի սկզբունքով չի ընթանալու, որ առանձին քվեարկեն անհատ «բարերարի» օգտին, իսկ համամասնականով՝ ընդդիմադիր որեւէ կուսակցության օգտին։
Հետաքրքրվեցինք ընդդիմադիր մի քանի ուժերից, թե ինչպես են կարողանալու ժողովրդին բացատրել նոր ընտրակարգի սկզբունքներն ու համոզել, որ ինչ-որ «բարեգործի խաթեր» չգան իրենց ձայնը տան ՀՀԿ-ին։



«Ելք» դաշինքից Կենտրոնում առաջադրված ռեյտինգային թեկնածու Ալեն Սիմոնյանն ասաց․ «Պետք է այդ 9 թղթի կտորից իրենք ընտրեն «Ելքի» թուղթը, դնեն ծրարի մեջ եւ գցեն քվեատուփի մեջ։ Ամբողջ տրամաբանությունը դա է։ Ի դեպ, կարող են գրիչով չքվեարկել, դա պարտադիր չէ»։ Դիտարկմանը, թե իրենց առաջադրած ռեյտինգային թեկնածուներն այդքան հայտնի չեն, ինչ ՀՀԿ-ինը, Սիմոնյանն ասաց․ «Ավելի լավ չէ՞, որ մենք հայտնի չենք նրանով, ինչով ՀՀԿ-ականները։ Ընտրողները մինչեւ հիմա ճանաչում են էն մարդկանց, ում տեսել են ու գիտեն, որ էդ մարդիկ թալանչի են, պաշտոնյա են, իրենցից միակ սպասումն այն է, որ կարող է 5-10 հազար դրամ փող վերցնեն։ Եվ հետո, հիմա մարդիկ էլ առաջվանը չեն, նրանցից շատերն այսօր այդ փողը վերցնելու են ու գնան ընտրեն, ասենք, «Ելք»-ին»։ Անգամ մասնավոր զրույցներում ընտրակաշառք բաժանողները խոստովանում են, որ այսօր, եթե ուզում են 10 հազար ձայն ստանալ, բաժանում են 30-40 հազար ձայնի ընտրակաշառք, որ գոնե այդ 10 հազարն ստանան»։



«Ազատ դեմոկրատներից» թիվ 9 ընտրատարածքում (Տավուշի մարզ) առաջադրված թեկնածու Անժելա Խաչատրյանն էլ ասաց, որ այնպես չէ, թե ժողովուրդը չի գնահատում քաղաքական ծրագրերը, միայն թաղային հեղինակություններով չէ ամեն ինչ որոշվում։ «Իսկ ռեյտինգայինով մենք ուժեղ թեկնածուներ, այնուամենայնիվ, ունենք տարբեր տարածքներում, եւ նրանք մարդիկ են, որոնք քաղաքական դեմքեր են։



Նույն Սյունիքի մարզից՝ Սամվել Հարությունյանը, ով նախկին քաղաքապետ է եղել, սյունեցիները լավ ճանաչում են իրեն, Շիրակի մարզում մեր վարչության անդամն է առաջադրված, որը ճանաչված բժիշկ է, Կենտրոնում Հրանտ Բագրատյանն ու Նարեկ Այվազյանն են առաջադրվել, Մասիվի ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանն է, Մալաթիայում Անահիտ Բախշյանն է։ Այսինքն՝ բոլոր տարածքներում էլ ունենք ուժեղ թեկնածուներ, որոնք ուժեղ են թե՛ գաղափարներով, թե՛ քաղաքական մոտեցումներով եւ թե՛ ժողովրդի մոտ ունեցած հարգանքով»,-ասաց Անժելա Խաչատրյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ