Ռեյտինգային թեկնածուների «համայնապատկերը»

Ռեյտինգային թեկնածուների «համայնապատկերը»

Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 5-ը կուսակցություններ են, 4-ը՝ դաշինքներ։ Ուսումնասիրելով դրանց նախընտրական ցուցակները՝ պարզեցինք, որ յուրաքանչյուր ուժ 100-ից ավելի թեկնածու է առաջադրել։ Նրանց մի զգալի մասն առաջադրված է ռեյտինգային ընտրակարգով, մի մասը՝ համամասնականով։ Նրանց համար այս օրերին քրտինք կթափեն, կվազվզեն, կչարչարվեն ռեյտինգային թեկնածուները, որ համամասնականներն անարգել անցնեն խորհրդարան։ Իրենք էլ կա՛մ կանցնեն, կա՛մ չէ։



Առաջադրված ուժերից ամենամեծը ՀՀԿ-ն է՝ իշխող կուսակցությունը։ Նրանք ԿԸՀ են ներկայացրել 197 հոգանոց ցուցակ, որից 133-ն առաջադրված են ռեյտինգային ընտրակարգով։



Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ՀԱԿ-ը նույնպես ունի ճիշտ այդքան՝ 133 ռեյտինգային թեկնածու, իսկ ընդհանուր ցուցակում 141 անուն կա։ Այսինքն՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից ընդամենը 8 հոգի չի պայքարի ռեյտինգային ընտրակարգով, մնացած ամբողջ թիմը կլծվի անհատապես կուսակցությանը ձայն բերելու գործին։



ՀՅԴ-ում եւս գրեթե ողջ կազմով նետվել են մարտի՝ հարազատ կուսակցությանը ձայն բերելու «սուրբ» առաքելությամբ։ Ավանդական կուսակցության 171 հոգանոց ցուցակից միայն 19 հոգին է, որ ռեյտինգայինով չի առաջադրվել, մյուս 152 թեկնածուները ռեյտինգային պայքար կմղեն, որ հետո թե՛ իրենք վայելեն, թե՛ համամասնականի թեկնածուները։



«Ելք»-ում 121 հոգի կա, որից 112-ն է պայքարելու իշխանական գիգանտների դեմ՝ գտնելու նրանցից ազատվելու ելքը։ «Ծառուկյան դաշինքի» ցուցակը խիստ գաղտնի են պահում։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չգիտի։ Մինչեւ ԿԸՀ-ն չհրապարակի, չեն ասի։ Այս անորոշ վիճակն անհանգստություն է առաջացրել ԲՀԿ-ականների շարքերում, որոնք չգիտեն՝ իրենք ցուցակում կան, թե ոչ, կամ որ համարն են։ Այս դաշինքից միակ քիչ թե շատ հայտնի թվային տվյալն այն է, որ «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակում, ՀՀԿ-ի նման, ընդգրկված է 197 թեկնածու։ Փաստորեն, ՀՀԿ-ին ընդդիմադիր, ՀՀԿ-ի հետ «գաղափարական ոչ մի ընդհանրություն չունեցող», «ռեժիմի դեմ հոգով-սրտով պայքարող» երկու դաշինք՝ «Ծառուկյան դաշինքն» ու ՀԱԿ-ՀԺԿ-ն, ՀՀԿ-ի հետ գոնե ցուցակների հարցում մի ընդհանրություն ունեն։



«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում» կա ընդհանուր 148 թեկնածու։ Նրանցից 128-ն առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով։ Այս դաշինքից ամեն ընտրատարածքում ներկայացված է միջինը 8-10 թեկնածու, միայն մեկ տարածքում է, որ ունեն առավելագույն քանակության՝ 15 թեկնածու, իսկ մեկում էլ սոսկ նվազագույն շեմն են ապահովել՝ 5 թեկնածու։



«Ազատ դեմոկրատներ» դաշինքից համապետական ցուցակում կա ընդհանուր 101 թեկնածու։ Նրանցից ոչ բոլորն են կուսակցությամբ ազատ դեմոկրատ, քանզի անկուսակցական են, թեպետ հայացքներով գուցե ե՛ւ ազատ են, ե՛ւ դեմոկրատ։ 101 հոգանոց այդ ցուցակից ռեյտինգային պայքար կմղեն 87 ազատ դեմոկրատներ։



«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում կա կլոր 300 թեկնածու։ Այս «300 սպարտացիներից» 164-ը՝ ռեյտինգային, 136-ը՝ համամասնական «մարտիկներ» են։



Ամենաէկզոտիկ կուսակցության՝ Կոմկուսի ցուցակում էլ 173 թեկնածու կա։ Նրանցից մոտ 160-ը կլինեն ռեյտինգային ընտրակարգով։ Ի դեպ, Կոմկուսն իր ռեյտինգային թեկնածուներին ամեն տարածքում առաջադրել է առավելագույն քանակությամբ։ Փաստորեն, Հայաստանում Ստալինի եւ Լենինի նկարը պաշտող, իրենց հանգիստը «կուրորտային» աքսորավայրերում նախընտրող այսքան մարդ դեռ մնացել է։ Իհարկե, նրանք նաեւ բանվոր դասակարգը գնահատող, սոցիալիզմի ու հավասարության ձգտող, անվճար բուժօգնության ու հանգստի մասին երազող դեմքեր են, բայց պատրաստ են խորհրդարան անցնելուն պես աջակցել Սերժ Սարգսյանին։ Այսինքն՝ արդեն պլանավորել են, որ ՀՀԿ-ն նորից կլինի իշխանություն, իրենք ԱԺ-ում կունենան նվազագույնը 5 տոկոսանոց խմբակցություն եւ լայն թափով կաջակցեն կապիտալիստ Սերժ Սարգսյանին, որ շարունակեն կարոտով հիշել սոցիալիզմի ու հավասարության մասին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ