ԴԱՀԿ-ն կա՛մ հանդես կգա, կա՛մ հանդես չի գա հայտարարությամբ

ԴԱՀԿ-ն կա՛մ հանդես կգա, կա՛մ հանդես չի գա հայտարարությամբ

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց Շիրակի մարզում կատարված մի գողության մասին։ Գողության մեջ կասկածվում են ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ՝ համաձայն ՀՔԾ ներկայացրած հաղորդման։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը ձեւակերպված է այսպես․ «Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի եւ ոսկյա զարդերի գողություն»։



Իսկ բուն հաղորդագրության մեջ էլ նշված է հետեւյալը, որ «Կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի եւ ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը 15.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:



Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Շ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 22.12.2016թ.-ին ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարող Արթուր Մ.-ն պահանջատեր Աղաջան Ս.-ի եւ երեք բանվորների մասնակցությամբ կազմակերպել է Գյումրի քաղաքում գտնվող իր տունն ապօրինի տիրապետությունից հետ վերցնելու կատարողական գործողությունները, որի ժամանակ տեղահանվել է Գայանե Շ.-ին պատկանող գույքը: Վերջինիս հաղորդման համաձայն` կատարողական գործողություններն իրականացնող հիշյալ անձինք, օգտվելով իր բացակայությունից, հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին եւ պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության` 90 գրամ քաշով ոսկյա զարդերը»։



Դիմեցինք ՀՀ ԴԱՀԿ ծառայությանը՝ խնդրելով մեկնաբանել վերոնշյալը։ Ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Կուրղինյանը ԴԱՀԿ ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին այս հարցով դիմելուց հետո ասաց, որ իրենք հաղորդագրություն են տարածել այս թեմայով։ Բայց հաղորդագրության մեջ որեւէ մեկնաբանություն չկար, ընդամենը կոչ էր՝ ուղղված լրատվամիջոցներին, որով հորդորում էին չխմբագրել ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունն ու չանտեսել «ըստ հաղորդման» ձեւակերպումը, որպեսզի չխախտվի հարկադիրի աշխատակիցների անմեղության կանխավարկածը։ Ընդամենը այսքանը։



Իսկ ո՞ւր է մեկնաբանությունը։ Գոհար Կուրղինյանն ասաց, որ այս պահին իրենք որեւէ մեկնաբանություն չեն անի, քանի որ գործը նախաքննության փուլում է։ «Երբ որ նախաքննությունը կավարտվի, եւ կհրապարակվեն գործի արդյունքները, այդ դեպքում մենք հանդես կգանք կամ հանդես չենք գա համապատասխան հայտարարությամբ։ Բայց այս պահին ես որեւէ բան ասել չեմ կարող»,-ասաց Գոհար Կուրղինյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ