Իրենց պահում են այնպես, կարծես Ստալինի ժամանակներն են՝ վախենում են ու քծնում

Իրենց պահում են այնպես, կարծես Ստալինի ժամանակներն են՝ վախենում են ու քծնում

Նախօրեին ԳԱԱ-ում տեղի ունեցավ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ակադեմիայի 2016թ․ գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով իր խոսքում նշեց, որ թեեւ մեր պետության կողմից գիտությանն արվող հատկացումները 5 անգամ ավելի քիչ են, քան Ադրբեջանինը, բայց անգամ դա չի խանգարել մեծ ցուցանիշներ արձանագրել։ 



ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը վերջին տարիներին չի մասնակցում ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովներին՝ համարելով դա խեղկատակություն։ «Ուղղակի ծիծաղելի է, եւ զարմանում եմ, թե ինչպես է մեր մեծ ժողովը հանդուրժում այդպիսի վերաբերմունք։ Ըստ կանոնադրության, դա հաշվետու ժողով է, որտեղ հաշվետություն պետք է ներկայացնեն ակադեմիայի ղեկավար մարմինները, եւ դա ուղղված է ոչ թե երկրի նախագահին, նախարարներին կամ պետական կոմիտեին, այլ մեծ ժողովին»,-ասում է նա ու նկատում, որ այս դեպքում ղեկավար մարմնի ներկայացուցիչները, նույն ինքը՝ նաեւ նախագահը, պետք է նստեն ոչ թե բեմահարթակին, այլ դահլիճում՝ հյուրի կարգավիճակում։ Սա աշխատանքային նիստ էր։



Ներսիսյանի կարծիքով, ժողովներ պետք է հրավիրվեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ ավելի հաճախ՝ այս կամ այն առիթներով եւ ընդհանուր հաշվետվությունից դուրս։ Ակադեմիայի նախագահը պետք է ներկայացնի նաեւ ֆինանսական հաշվետվություն. «Ցանկացած հիմնարկ, որը մեծ գումարներ է ծախսում՝ այն էլ պետական գումարներ, պետք է ֆինանսական հաշվետվություն տա, պետք է ընտրվի հանձնաժողով, որն այդ հարցերը քննարկում է, նույնիսկ ակադեմիա ինստիտուտների կանոնադրությամբ հաշվետվությունն սկսվում է նրանից, որ հատուկ ընտրված հանձնախումբն ստուգում է ֆինանսական հարցերը։ Բազմիցս ես բռնել եմ թե Ֆադեյ Սարգսյանին, թե Ռադիկ Մարտիրոսյանին, որ նրանք իրենց վրա են փողերը ծախսում։ Ֆադեյ Սարգսյանն ընդհանրապես թալանում էր ակադեմիան, 10 անգամ ավելի շատ էր ֆինանսավորում իր աղջկա կողմից ղեկավարվող մի փոքր խումբը։ Դրա մասին ժամանակին գրվեց՝ ապարդյուն, մեծ ժողովը, կառավարությունը լռեց։ Ռադիկ Մարտիրոսյանն էլ շարունակում է անպատիժ բռնակալ լինել։ Այդ փողերն ինչպե՞ս են ծախսում, ո՞վ է իրենց ստուգում՝ ոչ մեկը։ Պետք է երկրի նախագա՞հն ասի, որ գան ստուգեն ակադեմիայի ֆինանսական հարցերը։ Ի դեպ, Վերահսկիչ պալատից 2-3 տարի առաջ եկան ստուգեցին, գիտե՞ք ինչքան բան բռնեցին, նախագահությունը 60 թե 90 տարով անօրինական վարձով է տալիս մի մեծ տարածք, ու դա՝ հենց Բաղրամյան պողոտայի վրա, եւ այդ փողերն ստանում է նախագահությունն ու իր վրա է ծախսում։ Դրա մասին գրվեց, տպագրվեց, բայց ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»։



Հանրի Ներսիսյանը նկատում է՝ եթե Ռադիկ Մարտիրոսյանին լսեք, ապա ամեն ինչ շատ լավ է. «Այսքան աշխատանք ենք տպել, աշխարհում գնահատվում ենք, շատ լավ տեղ ենք գրավում, չնայած քիչ փող ենք ստանում, եւ միակ բանը, որ խնդրում են, փողն ավելացնելն է, բայց եթե ամեն ինչ լավ է, ակադեմիան լավ աշխատում է, ինչո՞ւ պետք է պետությունն ավել փող տա, այն էլ՝ այս դժվար վիճակում։ Խոսում ենք օպտիմալացման մասին՝ չասելով, թե ինչ թերություններ կան, ակադեմիան բացահայտորեն հիվանդ է, ինչպես շատ այլ հիմնարկներ, բայց առանց ախտորոշման սկսում են բուժել։ Դա ուղղակի անհեթեթ է։ Այս 20 տարվա ընթացքում գոնե մի լաբորատորիա փակվե՞լ է, քանի որ անբավարար է աշխատում։ Լրիվ բարձիթողի վիճակ է, հիմա թղթեր են հավաքում ինստիտուտների գործունեության մասին՝ զուտ ձեւականորեն։ Ախր, պետք է մի անկախ խումբ աշխատի՝ առնվազն մեկ տարի, որպեսզի պարզի, թե մեր ակադեմիան ինչով է հիվանդ»։



Տարեկան ժողովի ընթացքում, առավել քան երբեւէ, ԳԱԱ-ն զգայուն էր քննադատությունների հանդեպ, եթե Ռադիկ Մարտիոսյանն ակադեմիան քննադատողներին համարեց չարախոսներ, ապա Սերժ Սարգսյանին ուղղված հարցում տեղ էր գտել «անհաջող գիտնականների անհարիր քննադատություններ» ձեւակերպումը։ Ի՞նչ է մտածում դրա մասին, հատկապես, որ տարիներ շարունակ ու հետեւողականորեն ինքը նույնպես մատնանշել ու քննադատել է ակադեմիայի խնդիրները։



«Դա շատ կարեւոր հարց է, որը ցույց է տալիս, թե ինչ խայտառակ վիճակում է մեր գիտական հասարակությունը։ Հիմարություն է ասել՝ այդ մարդը չարախոս է, քանի որ քննադատում է, ի՞նչ է նշանակում՝ չարախոս է կամ լավ մարդ չէ։ Մարդու այդպիսի գնահատականները կապ չունեն գիտական աշխատանքի հետ։ Քննադատությանն անհրաժետ է պատասխանել, եւ ամեն մարդ, նույնիսկ ոչ հայաստանցի, կարող է ակադեմիան քննադատել։ Բայց իրենց անհանգստացնում է ցանկացած քննադատություն, որովհետեւ հանգիստ, փառավոր իրենց համար ապրում են։ Իսկ Ռադիկ Մարտիրոսյանը բռնակալ է եւ կանոնադրությունն այնպես է փոխել, որ տարին մեկ անգամ են ակադեմիկոսները հավաքվում։ Անհարմար է, երբ մեծ ժողովի ժամանակ՝ 120 ակադեմիայի անդամների եւ թղթակիցների առաջ, ես քննադատում եմ իրեն, ասում եմ՝ Դուք կոռուպցիոն գործեր եք անում, անօրինական ակադեմիկոս եք ընտրում։ Նա սկզբում ասում է՝ սուտ է, հետո, որ պատին ես դեմ տալիս փաստերով, բարձրաձայն հայտարարում է, որ կանոնադրությունը սուրբ կով չէ, այսինքն՝ թքում է բոլորի երեսին, ու այդ 120 հոգին հանդուրժում են դա։ Իսկ սա փաստ է, որ տեղի է ունեցել։ Մի կողմից, ակադեմիայի անդամները մեղկ են՝ իրենց ամբողջ կյանքը տվել են գիտությանը, մյուս կողմից, իրենք իրենց պահում են այնպես, որ կարծես Ստալինի ժամանակներն են՝ վախկոտի պես, տեղից էլ որ խոսում են, քծնում են։ Դա ընդհանրապես մեր մտավորականների թերությունն է, ամոթ է, եւ դա ոչ մի օգուտ չի տալիս ոչ երկրին, ոչ գիտությանը։ Անվանել դա չարամիտ քննադատություն, նշանակում է չհասկանալ, թե ինչ բան է քննադատությունը, ցանկացած մարդու ցանկացած քննադատության պետք է պատասխան տաս, դա քո պարտավորությունն է, հակառակ դեպքում ակադեմիան իսկականից լուծարվում է»։



Ակադեմիկոսի գնահատմամբ, գիտությունը մեր երկրում համարյա քանդված է ու շարունակում է քանդվել։ Գիտական աշխատանքների մակարդակն այնքան է իջել, որ մեր օրերում ինչ ասես տպագրվում է. «Այնքան ուշադրություն չեն դարձնում դրան, որ շատ ցածր աստիճանի աշխատանքներ են տպվում, ու դա միայն ես չեմ ասում, նույնիսկ սխալը բռնում ես մաթեմատիկայի մեջ, բայց ուղղումը չեն տպագրում, հսկողություն չկա։ Երբեմն աշխատանքներ են տպվում, որոնք հետո պարզվում է՝ գրագողություն են, եւ ես դեպքեր գիտեմ, որ Ռադիկ Մարտիրոսյանը գրագողությունը հովանավորել է, չի թողել ջրի երես ելնի։ Ես շատ վրդովված եմ, որ մեր գիտությունը գնալով քանդվում է ու Ռադիկի այս «կառավարումից» հետո ընդհանրապես կքանդվի մեր գիտությունը, եւ դա գլխավորապես նրանից չէ, որ պետությունը քիչ փող է տալիս»։



Հանրի Ներսիսյանը հակադարձում է այն ակադեմիկոսներին, ովքեր վախենում են, երբ հարց է բարձրացվում ակադեմիան օպտիմալացնելու, լուծարել կամ չլուծարելու մասին, ու թե մեզ պե՞տք է ակադեմիա, թե՞ ոչ. «Իսկ ինչո՞ւ չխոսվի դրա մասին, շատ լավ հարց է իմիջիայլոց՝ պե՞տք է ակադեմիան, թե՞ ոչ։ Ես նկատի ունեմ ակադեմիայի ներկայիս կառուցվածքը, որովհետեւ ակադեմիան նախագահության լծի տակ է, նախագահությունը չաղանում է, իսկ ինստիտուտները տուժում են, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նախագահությունը բռնակալի դեր է կատարում, վնասում է գիտությանը»։



ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ գիտնականները Սերժ Սարգսյանին նաեւ գրավոր հարց էին ուղղել, թե ինչպես է տեսնում իրենց՝ գիտնականների դերն առաջիկա ընտրությունների ժամանակ։ Այս առիթով Հանրի Ներսիսյանն ասում է, որ եթե ինքը ներկա լիներ այդ հանդիպմանը, ապա նախագահին ուղղված հարցը կշարունակեր այսպես. «Պարոն նախագահ, անցյալ ընտրություններին բացահայտորեն ասվեց, որ եղել են դեպքեր, երբ կաշառել են ընտրողներին, իսկ դրանից ավել հակապետական գործողություն չի կարելի պատկերացնել, դա հանցագործություն է, բայց այս ընթացքում գոնե մեկին նստեցրե՞լ են, գոնե մեկին դատի տվե՞լ են»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ