«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ. բարձր է հնչում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ. բարձր է հնչում

Երկու բառ եմ ուզում ասել դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ կապված այս «սկանդալի» թեմայով, բայց նախապես խնդրում եմ` համբերատար կարդացեք, հետո միայն ազատություն տվեք ձեր երևակայությանը:



Խոսքը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի` 114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրությունների մասին է, որ ալեկոծել հայ քաղաքական և հասարակական միտքը:



Ես առաջարկում եմ այս խնդրին նայել մեկ այլ դիտանկյունից եւս։ Ինձ կոնկրետ հետաքրքրում է, թե պետական ո՞ր օղակն է ՀԿ-ին սանկցիա տվել ձայնագրելու ՀՀ քաղաքացիներին: Կապ չունի, թե ինչ թեմայով են խոսեցրել մարդկանց: 



Այսօր  տեղեկացանք, որ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ: Միաժամանակ նոր շրջաբերական է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ ևս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ: Կարծում ենք` ճիշտ արձագանք է, թեև թե ուսումնական հաստատությունների տնօրենները, թե ՀՀ մարզպետները և թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ շրջաբերականից չէ, որ պետք է իմանային` դա օրենքի խախտում է:



Բայց մյուս կողմից էլ օրենքի խախտում է մարդուն ձայնագրելը և այդ ձայնագրությունը հրապարակելը: Եթե որեւէ լրագրող առանց մարդուն զգուշացնելու գաղտնի ձայնագրեր նրան, բանադրանքի կենթարկեին, էթիկայի հազար ու մի օրենսգիրք ու կանոնագիրք կվկայաբերեին։ Այդ  ՀԿ-ին առաջարկում եմ ձայնագրել մի օրենքով գողի, ճշտել առաջիկա ստրելկայի տեղն ու ժամը և հրապարակել: Կարո՞ղ են: Ոչ, որովհետև չեն կարող նման բան անել։ Իսկ դպրոցի տնօրենն ի՞նչ է, կարելի է նրա գլխին ամեն խաղ էլ խաղա՞լ: ՀԿ-ին թվում է, թե դրանով ՀՀԿ-ին է հարվածել: Մինչդեռ, հարվածի և հասարակական պարսավանքի թիրախ են դարձել հենց մանկավարժները, համեմատաբար անպաշտպան մի խավ:



Մենք այնքան միամիտ չենք, որ չհասկանանք, թե գաղտնազերծվածների ցանկում ինչու այլ կուսակցությունների հարող տնօրեններ կամ մանկավարժներ չկան: Իսկ կարելի՞ է բացառել, որ մեր շատ ընդդիմադիրների կանայք և բարեկամուհիներ, որոնք դպրոցներում են աշխատում կամ հենց տնօրեն են, այդ նույն գործի վրա չեն: Նրանք էլ հեռախոսահամարներ ունեն, նրանց էլ զանգեք, այլապես արդար չէ աղմուկ բարձրացնել, թե ՀՀԿ-ական տնօրենները ցուցակագրում են մարդկանց, սպառնում... 



Վերջապես` այդ ե՞րբ ենք մենք դպրոցների տնօրենների համար այնպիսի կյանք ապահովել, որ նրանք հեռու մնան նման բաներից: Ինչո՞ւ պետք է մարզպետն ու քաղաքապետը դպրոցի տնօրեն նշանակեն, որ հետո էլ պարտավորեցնեն իրենց համար աշխատել: Պայքարող ես` սրա դեմ պայքարիր: Կամ՝ ո՞ր տնօրենն է այդ գործը հաճույքով անում։ Կասկածո՞ւմ եք, որ նրանք փոքրիկ հնարավորություն ունենային, կհրաժարվեին այդ գործից։



Անշուշտ տեղի ունեցածը տգեղ բան է: Բայց ես վստահ եմ, որ շատ տնօրեններ էլ հրաժարվել են ցուցակ տալուց ու մարդ հավաքագրելուց: Լավ օրինակի մասին էլ կարելի է գրել: 



Էդիկ Անդրեասյան