Արտավազդ թագավորի երազանքը կարող ենք իրականացնել

Արտավազդ թագավորի երազանքը կարող ենք իրականացնել

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին: Բացման խոսքում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ վերջին տարում դրական փոփոխություններ են տեղի ունենում թատերական կյանքում, մասնավորապես՝ 43 տարի անց Մնջախաղի պետական թատրոնն ունեցավ իր շենքը, ինչի համար շնորհակալություն հայտնեց դահլիճում նստած մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։ «Դուք ապացուցեցիք, որ ընդամենը ցանկություն էր պետք այդ հարցը լուծելու համար»,- ասաց նա։ 



Ձայն տրվեց նաեւ նախարար Ամիրյանին, ով իր խոսքում նշեց, որ թատերական գերտերություն ունենալու Արտավազդ թագավորի երազանքը կարող ենք իրականացնել, դրա համար պետք է ընդամենը մի փոքր լավ կառավարել, ու կդառնանք այդ գերտերությունը։ Նա նաեւ նկատեց. «Եթե կինոն կարող է ձեզ դարձնել հանրահայտ, հեռուստատեսությունը՝ հարուստ, սեփական փորձից եմ դա ասում (ակնարկելով օրեր առաջ մամուլում հրապարակված իր սեփականությունների ու անշարժ գույքի մասին հոդվածը), ապա թատրոնը մարդուն դարձնում է բարի եւ ազնիվ»։



«Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնակարգում այս տարի կատարվել էին նաեւ որոշ փոփոխություններ, մասնավորապես, ավելացել էին նոր՝ «Լավագույն պլաստիկայի եւ շարժման ներկայացում» եւ «Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգերը: Ինչ վերաբերում է ժյուրիին, ապա ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվել էր 7 հոգանոց փորձագետների հանձնաժողովը, որի կազմում էին Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոնի գեղղեկավար Վահե Շահվերդյանը, «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը, բեմադրիչ Տիգրան Գասպարյանը, երգահան, թատերագետ Մարինե Ալեսը, դերասանուհի, «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, թատերագետ Անի Տեր-Հովհաննիսյանը:



Թատերական երեկոյի բեմադրիչն էր Գրիգոր Խաչատրյանը, ով ապահովել էր ինքնատիպ թատերական, պարային, երաժշտական համարներ։ Մրցանակաբաշխության ընթացքում թատերարվեստին մատուցած ծառայությունների եւ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ ՀԹԳՄ ոսկե մեդալով պարգեւատրվեցին դերասաններ Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Հարություն Մովսիսյանը, Վիգեն Ստեփանյանը։ Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակն Արմեն եւ Աննա Էլբակյանները շնորհեցին Գրետա Մեջլումյանին՝ «Վարագույրը չի փակվում» ներկայացման մեջ դերակատարման համար։



Ինչ վերաբերում է հիմնական անվանակարգերին, ապա լավագույն կին դերասանուհի ճանաչվեց Ջուլիետա Ստեփանյանը («Արծվաբույն», Սունդուկյանի անվ. թատրոն), լավագույն տղամարդ դերասան` Տիգրան Ներսիսյանը («Պեպո», Սունդուկյանի անվ. թատրոն), լավագույն ներկայացում՝ Վահան Բադալյանի «SHAKEspeare»-ը («Փոքր» թատրոն), լավագույն երիտասարդ դերասանուհի` Տաթեւ Հովակիմյանը («Խոսիր ինձ հետ», Տիկնիկային թատրոն), լավագույն երիտասարդ դերասան` Դավիթ Սարգսյանը («Խոսիր ինձ հետ», Տիկնիկային թատրոն), լավագույն երիտասարդ բեմադրիչ` Լիլի Էլբակյանը («Դեկամերոն», Է. Էլբակյան թատրոն), լավագույն սցենոգրաֆիա` Կարինե Օնանյանը («Մատնաչափիկը», Տիկնիկային թատրոն), Մերի Սարգսյանը («Պեպո», Գ. Սունդուկյանի անվ. թատրոն), լավագույն երաժշտության հեղինակ` Վահե Հայրապետյանը («Կրիսպի մկնիկը», Կամերային թատրոն), լավագույն մանկական ներկայացում` «Մատնաչափիկը», (Տիկնիկային թատրոն), լավագույն պլաստիկայի եւ շարժման ներկայացում` «Տեսիլաժամեր»-ը (Պարարվեստի զարգացման հիմնադրամ), լավագույն երաժշտական ներկայացում` «Տոսկան» (օպերային թատրոն)։ Իսկ «Լավագույն պիես» անվանակարգում հաղթող չեղավ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ