Սանկտ Պետերբուրգի իշխանությունները դրամական փոխհատուցում կտան ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները դրամական փոխհատուցում կտան ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները 23 միլիոն ռուբլի են հատկացրել մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին և մահացածների ընտանիքներին: Այս մասին ТАСС-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան:



«Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կարգադրությամբ բյուջեից 23 միլիոն ռուբլի կհատկացվի», - ասել է Միտյանինան՝ հավելելով, որ մահացածների ընտանիքներին կհատկացվի մեկական միլիոն ռուբլի, ծանր վնասվածքներ ստացածների ընտանիքներին` 500 հազարական ռուբլի, իսկ թեթև վնասվածքներ ստացածների ընտանիքներին` 250 հազարական ռուբլի:



Հիշեցնենք, որ երկուշաբթի Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքի ժամանակին հայտնաբերման շնորհիվ հաջողվել է չեզոքացնել ևս մեկ պայթյուն «Ապստամբության հրապարակ» կայարանում:



ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչական ակտ» հոդվածով: Միևնույն ժամանակ նշվում է, որ տեղի ունեցածի այլ վարկածներ ևս քննարկվում են: