6-րդ գումարման ԱԺ-ի կին պատգամավորները

6-րդ գումարման ԱԺ-ի կին պատգամավորները

ԱԺ ընտրությունների արդյունքում ապագա խորհրդարանը կունենա 105 պատգամավոր: Ինչպես 5-րդ, այնպես էլ նոր ձեւավորվելիք՝ 6-րդ խորհրդարանում ՀՀԿ-ն կլինի մեծամասնություն: 30 պատգամավորական մանդատ կստանա «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը կունենա 9-ը տեղ, իսկ ՀՅԴ-ն՝ 7: Նախնական արդյունքներով, նոր խորհրդարանը կունենա 15 կին պատգամավոր։



ՀՀԿ-ն կունենա 7 կին պատգամավոր



«Հանրապետական» կուսակցությունն այս տարի հրաժարվեց իր մշտական առաջին կին թեկնածուից՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից՝ այդ տեղը հատկացնելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Նա մեկ ամիս շարունակ ակտիվ զբաղվեց ՀՀԿ-ի քարոզով։ Ամենայն հավանականությամբ, Արփինե Հովհաննիսյանը Աժ չի գնա, կմնա գործադիրում՝ իր պաշտոնին:



Նախկինում լրագրող Մարգարիտ Եսայանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նա այս տարի եւս կլինի Խորհրդարանում։



ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական գործունեություն սկսել է ծավալել դեռեւս 1995 թվականից։ 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Այս անգամ եւս նա կլինի ԱԺ-ում, սակայն դեռ հայտնի չէ՝ կլինի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, թե ոչ հաշվի առնելով, որ նրա դիրքերը հարազատ կուսակցությունում առաջվանը չեն:



Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով պատգամավոր էր նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում,  կլինի նաեւ 6-րդ գումարման ԱԺ-ում: Անցած խորհրդարանում Շուշան Պետրոսյանը օրենսդրական գործունեությամբ աչքի չի ընկել, փոխարենը հայտնվել է սկանդալների կենտրոնում,  մի շարք հայտարարություններով, կոչերով դարձել քննադատությունների ու քննարկումների թիրախ:



Վարչապետ Կարեն Կարապետյանի Երեւանի քաղաքապետ եղած տարիներին, նրա մամուլի խոսնակ, իսկ այժմ խորհրդական, հավատարիմ զինակից, «Գազպրոմ Արմենիայի» խոսնակ Շուշան Սարդարյանը այս գումարման ԱԺ-ի նորություն-թարմությունն է: Նա առաջին անգամ է դառնում պատգամավոր



ՀՀԿ ցուցակով հաջորդ կին թեկնածուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն է, ով եւս կգնա Խորհրդարան, եթե, իհարկե, ինքնաբացարկի դիմում չներկայացնի եւ չմնա իր պաշտոնին: 2012 թվականից նա վարչապետին կից կանանց խորհրդի անդամ է։



Ինչպես հինգերորդ, այնպես էլ այս՝ վերցերորդ գումարման ԱԺ-ում կտեսնենք Ռուզաննա Մուրադյանին։ 2002թ. «Կրթություն առանց սահմանի» հկ հիմնադիր նախագահն է: 2006թ.` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 2010թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ: 



ԵԼՔ դաշինքը կունենա 2 կին պատգամավոր



Մանե Թանդիլյանը «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ։ Մանե Թանդիլյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալել քաղաքական եւ հասարակական կյանքում, մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների։ Նա պատգամավորության թեկնածու էր առաջադրված թիվ 1 ընտրատարածքում եւ ստացել է քվեարկողների 5110 ձայնը։



ՔՊ-ից Լենա Նազարյանը եւս հայտնվելու է խորհրդարանում։ ԱԺ ընտրություններին նա իր թեկնածությունը առաջադրել էր թիվ 2 ընտրատարածքում։



ՀՅԴ-ն կունենա 1 կին պատգամավոր



Այս կուսակցությանը բաժին ընկած 7 պատգամավորական մանդատներից մեկը Արմենուհի Կյուրեղյանինն է, ով Վանաձորի ավագանու անդամ է։



«Ծառուկյան դաշինք»-ը կունենա 5 կին պատգամավոր



Առաջին կին թեկնածուն ներկայումս խմբակցության ղեկավար, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանն է, ով պատգամավոր է դեռ 2007 թվականից։ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո նա որոշ ժամանակ ղեկավարեց ԲՀԿ-ն: Վեցերորդ գումարման ԱԺ-ում նրան կրկին կտեսնենք։



Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիր Իվետա Տոնոյանին առաջին անգամ ենք տեսնելու նոր խորհրդարանում։



Նոր խորհրդարանում առաջին անգամ կտեսնենք նաեւ Լուիզա Սարգսյանին։ Նա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է։



Նախկինում Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանն այս անգամ խորհրդարանում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Կարինե Պողոսյանը  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է



Նոր ԱԺ-ում այս դաշինքի կողմից պատգամավոր է դառնում նաեւ Մարինա Մարգարյանը։ Նա ԲՀԿ անդամ է, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ