Անկախ ընտրությունների արդյունքներից

Անկախ ընտրությունների արդյունքներից

Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական գեղի կլուբն արարեց` ՀԱԿ-ը դարձնելով ոչ մեծ հասարակական կազմակերպություն, իր խոսքով` առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում: Կարեւորը, սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատամքն է, հավատամքն առ այն, որ այդ շարժումը դեռ մեծանալու է եւ հավատացյալների նորանոր բանակներ է ներառելու իր մեջ: Եվ այդ հերոսությունից հետո պապին դեռ չարախնդում է. «Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքն» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը»։ Կարելի է ենթադրել, որ մինչ այս այդ ուժերի հետ ՀԱԿ-ն ամեն ինչ անում էր, որ Հայաստանը զարգանար եւ լուրջ հաջողությունների հասներ:



Ամեն մարդ յուրովի է պատկերացնում իրականությունը ընտրություններից հետո: Տեր-Պետրոսյանն էլ, ահա, բացառություն չի կազմում: Ինքն է ՀԱԿ-ին ու ՀԺԿ-ին համոզել, որ եթե խոսեն ազատագրված տարածքները զիջելու եւ այդկերպ խաղաղություն ձեռք բերելու մասին, ապա կհայտնվեն խորհրդարանում` որպես բոլորովին նոր մտածողության կրողներ: Փաստորեն, չստացվեց: Հիմա պետք է արդարանալ, եւ պապին ջանք չի խնայում, խոսում է ձեռքբերումներից, քանզի չխոսելու դեպքում ստիպված կլինի գլխիկոր հեռանալ. «Հայ ազգային կոնգրեսին հաջողվեց ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում»:



Դե լավ է, լավ: Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, ի պատասխան մեր առաջին նախագահի` Ալիեւին արած հաճոյախոսության, թե Ալիեւը ռացիոնալ քաղաքական գործիչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանին մեծարել է որպես պրագմատիկ գործիչ: Խաղաղությունը, ինչպես ասում են, սկսվում է այսպիսի հաճոյախոսություններից, բայց մի բան միայն վատ է, որ միմյանց հաճոյախոսում են նախկինները: Իսկ նախկինում, ինչպես գիտեք, մենք ադրբեջանցիների հետ նույնիսկ եղբայրական ժողովուրդներ էինք… Հեյ գիտի ժամանակներ: Ափսոս, որ ղարաբաղցիները 1988-ին որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ միանալ Հայաստանին: Թող նույնիսկ պրագմատիկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ շարժման արդյունքում նորանկախ Հայաստանի նախագահ չդառնար, միայն թե Ադրբեջանը պատերազմ չսկսեր:



Պրագմատիկ քաղաքական գործչի աննկունն է լավը: Հայտնվելով Արթուր Բաղդասարյանի կողքին` Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է պայքարել: Դիմելով Հայ ազգային կոնգրեսի անդամներին ու համակիրներին` ասում է, որ ՀԱԿ-ի օրակարգն ընտրությունների արդյունքներից ամենեւին չի փոխվել, որ իրենք հսկայական անելիք ունեն խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։ Մի փոքրիկ նրբություն կա այստեղ, որի վրայից անցնել մենք դժվարացանք: Իսկ ի՞նչ են անելու ՀԺԿ-ն եւ ՀԺԿ-ի կողմնակիցները: Նրանց, ախր, մնում է միանալ լեյտենանտ Շմիդտի որդիներին, ճիշտ այնպես, ինչպես ՕԵԿ-ի մեջ հայտնված հարյուրավոր կազմակերպություններն ու նրանց ղեկավարները, որոնք անվերապահորեն ընդունել էին ՕԵԿ-ի ու նրա ղեկավարի հեգեմոնությունը:



Եվ որքան գեղեցիկ է հեռանում քաղաքագիտության արքան: Նապոլեոնի մուտքը Փարիզ այդքան շքեղ չէր, որքան Տեր-Պետրոսյանի երկրորդ հրաժեշտը հայ ժողովրդին, որ տեղի է ունենում առաջին հրաժեշտի մոտիվներով` հեռանում է խաղաղությունը, գալիս է պատերազմը. «Հայաստանի եւ Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարեւանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը։ Խաղաղություն հիմա եւ ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո։ Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունն այսուհետեւ նստելու է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»։ Վերջ, վարագույր:



Լսեցի՞ր, հայ ժողովուրդ, ոչ ոք մեղավոր չէ` ոչ Ալիեւը, ոչ միջազգային հանրությունը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ ինքը, որ 1988-ին չկարողացավ այնպես անել, որ դու «Ղարաբաղ», «Միացում» կարգախոսներով անկախության ուղին չբռնես: Խաղաղության դափնիները` իրեն, արյան մեղքը` խորհրդարանական ուժերի խղճին: Կասեինք` շատ խելացի հայտարարություն է: Մի ժամանակ հարսանիքների վերջում նվագողներն այսպիսի երգ էին երգում. «Ես իմ սիրածին առա, տղերք, ձեզ բարի գիշեր»: Տեր-Պետրոսյանն իր այս նախնական արձագանքով ապահովեց անհատ մտածողի իր նիշան, իսկ ՀԱԿ մնացորդացին դատապարտեց փողոցում պայքարի հեռանկարին:



Առջեւում Երեւանի ընտրություններն են: Կմասնակցի՞ ՀԱԿ-ը: Օ՛, նրանք հպարտ են հիմա: Նրանց ղեկավարը հեռակա շփումների մեջ է մութալիբովների հետ, իսկ դուք ասում եք Երեւանի ավագանի: Թքած ունեն, ինչպեսեւ նախորդ ընտրություններին: Իրենց համար, ի վերջո, հայրենիքն սկսվում է տարածքները տալուց:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ