Ով հավատաց՝ քվեարկեց, ով չհավատաց՝ Աստված իրա հետ

Ով հավատաց՝ քվեարկեց, ով չհավատաց՝ Աստված իրա հետ

Երեւանի Կենտրոն, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից հաղթեց երկու թեկնածու՝ Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն ու նախկին ԲՀԿ-ական Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Երկուսն էլ ունեին օժանդակության լայն ռեսուրսներ։ Բեգլարյանին աջակցում էր նրա եղբայրը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, հազար ու մի ընտրություն Կենտրոնում իր ուժերով «հաղթահարած» Գագիկ Բեգլարյանը, Կարապողոսյանին էլ՝ հիմնականում Էրեբունու հեղինակություն համարվող դեմքեր Պիստը, Վստրեչի Ապերը։ Կարապողոսյանի PR արշավը հիմնականում իրականացնում էին համացանցում, Ֆեյսբուքում՝ գովազդային տեսահոլովակներ էին ցուցադրում, սարքովի հարցազրույցներ տպագրում, բայց նա լրագրողների հետ ուղիղ շփումից խուսափում էր եւ այլն։ Արդյունքում, սակայն, «հին, բարի մեթոդներով» թե՛ Սնխչին, թե՛ Բեգլարյանի եղբայրը հավաքեցին մոտ 20 հազար ձայն՝ առաջինը մի քիչ պակաս, քան Հակոբ Բեգլարյանը։ Եվ երկուսն էլ կգնան խորհրդարան, չնայած դժվար է նրանց պատգամավորի կարգավիճակում պատկերացնելը։



Հարություն Կարապողոսյանի համար զարմանալի է հարցը՝ կգնա՞ խորհրդարան, թե՞ ոչ։ «Այսինքն՝ դու սպասում ես, որ ես պիտի ասեմ՝ չէ՞, հրաժարվելո՞ւ եմ»։ Բայց մենք ընդամենը նկատի ունեինք, որ ինքը չէ որոշողը՝ գնալ, թե ոչ, իսկ որոշողները դեռ իրենց որոշումը չեն բարձրաձայնել։
Իսկ ինչպե՞ս է գնահատում ընտրությունների արդյունքն առհասարակ՝ հաշվի առնելով, որ իր տարածքում պայքարը բավականին թեժ ընթացավ հատկապես ՀՀԿ-ականների միջեւ։ Կարապողոսյանին այս հարցը եւս տարօրինակ թվաց․ «Դու էդպե՞ս ես համարում։ Որտեղի՞ց է երեւում դա։ Գիտե՞ս, արդեն երեւի 30-րդ լրատվամիջոցն է, որ ասում եմ՝ ես երբեւէ ոչ մեկի հետ չեմ մրցակցում, չեմ պայքարում, ես ընդամենը իմ տեսլականը եւ իմ ծրագիրը ներկայացրի, ով հավատաց՝ քվեարկեց, ով չհավատաց՝ Աստված իրա հետ»։ Թե Սնխչու «ծրագիրն ու տեսլականն» ինչում է արտահայտվում եւ ինչ արժեք ունի, թերեւս իրեն քվեարկած 20 հազար հոգին կիմանան։
Բայց խոսակցություն կար, որ ընտրատեղամասերում ամեն ինչ հարթ չի անցել։ Մասնավորապես այն, որ որոշ ՀՀԿ-ական թեկնածուների, որոնց համար սրտացավ, հսկող մարդ չի եղել կոնկրետ տեղամասում, ձայները վերցրել-դրել են այլ ՀՀԿ-ականների ձայների վրա։ Ասում են՝ դա կատարվել է ինչպես քիչ ձայն հավաքած թեկնածուների ձայների հետ, այնպես էլ ֆավորիտների։ Օրինակ՝ ասում են, որ հենց Հարություն Կարապողոսյանի ձայներն էլ որոշ տեղամասերում դրվել են նրա գլխավոր մրցակցի՝ Հակոբ Բեգլարյանի ձայների վրա։ «Ես «ասում են»-ներով չեմ առաջնորդվում, տղաս։ Ունենք էն, ինչ ունենք՝ 20 հազար 306 ձայն»,- կարճ պատասխանեց ընտրված թեկնածուն։



Իսկ պատկերացնո՞ւմ է ինքն իրեն խորհրդարանում, ո՞ր հանձնաժողովում, ո՞ր ոլորտում, ի՞նչ խնդիրներով է առաջնահերթորեն զբաղվելու։ «Ուրեմն, ես բազմաթիվ անգամ իմ քարոզարշավի ժամանակ էլ եմ ասել, որ պատկերացնում եմ, որ պիտի լինեմ կրթության, մշակույթի, գիտության եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովներում երեւի, որովհետեւ ես կառավարման ակադեմիայում հենց դա եմ ուսումնասիրել»,-ասաց նա։ Բարեբախտաբար, Կարապողոսյանը հանձնաժողով ղեկավարելու կամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն ստանձնելու հավակնություն չունի, նախընտրում է շարքային պատգամավորի կարգավիճակը, որտեղ կփորձի անել այն, ինչ պատկերացնում է։ «Ավելին ասեմ՝ նույնիսկ չեմ մտածում հանձնաժողովի նախագահի կամ փոխնախագահի մասին, որովհետեւ․․․ չեմ մտածում էդ ուղղությամբ։ Չի՞ կարելի, որ սովորական պատգամավորն օրենսդրական նախաձեռնություններ ունենա»,- կրկին զարմացավ նա։
Մեր զրույցը, սակայն, երկար չտեւեց, քանզի Կարապողոսյանն ասաց, որ աղմուկի մեջ է, ու միայն իր դաստիարակությունն է պատճառը, որ պատասխանում է մեր հարցերին։ Խոստացավ հանդիպել եւ զրուցել արդեն Ազգային ժողովում։