Հարկային արտոնություն՝ քննադատված ու վտանգավոր նախաձեռնության համար

Հարկային արտոնություն՝ քննադատված ու վտանգավոր նախաձեռնության համար

Կառավարությունն իր այսօրվա նիստով կհաստատի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած նախագիծը՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հարկային արտոնություն տրամադրելու մասին։ Մասնավորապես՝ այս առնչությամբ «Լիդիան Արմենիան» կկարողանա երեք տարի ժամկետով հետաձգել իր կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը պետական բյուջե։ Կառավարությունը նման մոտեցում ցուցաբերում է այն ընկերությունների նկատմամբ, որոնք խոշոր ներդրումներ են պատրաստվում իրականացնել Հայաստանում, եւ դրա համար անհրաժեշտ է թանկարժեք սարքավորումների ներմուծում այլ երկրից։ Դրա համար էլ հնարավորություն է տրվում ներմուծվող ապրանքների համար գանձվող ավելացված արժեքի հարկը մուծել ոչ թե տվյալ պահին, այլ երեք տարի անց։ Առաջին հայացքից դրական միտում պարունակող կառավարության այս մոտեցումն իր մեջ ռիսկեր է պարունակում, քանի որ շատ հաճախ այդ արտոնությունները տրվում են այն ընկերություններին, որոնց տերերը սերտ կապեր կամ լծակներ ունեն իշխանությունում կամ հենց կառավարության անդամ են հանդիսանում։ Եվ նման դեպքերը քիչ չեն։ Վերջերս, օրինակ, Սուրիկ Խաչատրյանին պատկանող կազմակերպությանն էին նման արտոնություն տրամադրել, ավելի վաղ նաեւ Սամվել Ալեքսանյանին ու Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերություններն են կառավարության տրամադրած այս արտոնությունից օգտվել։ Մի խոսքով՝ գրեթե բոլոր դեպքերում արտոնյալ պայմաններով սարքավորում ներմուծելու հնարավորություն ստանում են այն կազմակերպությունները, որոնց թիկունքին իշխանության կազմում գործող բարձրաստիճան չինովնիկներ, պատգամավորներ կամ ուղղակի իշխանություններին մտերիմ որեւէ օլիգարխ է կանգնած։



Այս դեպքում էլ արտոնություն է տրամադրվում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ նախկին «Գեոթիմ» ՓԲԸ, որը նպատակ ունի կառուցել եւ շահագործել Ամուլսարի ոսկու կվարցիտների հանքավայրը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվեն մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որն ամբողջականությամբ կարտահանվի։ Դրա համար ընկերությունը նախատեսում է շուրջ 179,4 մլրդ․ ՀՀ դրամի չափով ներդրումներ իրականացնել, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 26,7 մլրդ․ ՀՀ դրամ: Ահա այս 26.7 միլիարդի 20 տոկոսը՝ որպես ԱԱՀ պետբյուջե վճարելու ժամկետը երեք տարով հետաձգելու մասին է այս արտոնությունը։



Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ. - 525, 2018թ. - 525 եւ 2019թ. - 490 հազ. դրամ: Նշենք, որ «Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006թ.-ից սկսած: Ամուլսարը գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի սահմանագծին՝ Երեւանից մոտ 170 կմ հարավ ընկած հեռավորության վրա։ 2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից տրվել են Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը եւ ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը: «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է արտասահմանյան «Լիդիան ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին, որի գործադիր տնօրենը Հովարդ Սթիվենսոնն է։



Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ տեւական ժամանակ պայքարում էին բնապահպանները՝ պնդելով, որ ցիանիդով շահագործվող հանքն իսկական աղետ կարող է հանդիսանալ բնության, Ջերմուկի ջրերի եւ մարդկանց առողջության համար։ Բնապահպաններն անգամ դատական հայց էին ներկայացրել ընդդեմ բնապահպանության նախարարության՝ պահանջելով չեղարկել հանքը շահագործելու վերաբերյալ որոշումը։ Վերջերս նրանք նաեւ նախաձեռնությամբ հանդես եկան ընդդեմ «Ամերիա բանկի», երբ իմացան, որ հենց այս բանկն է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա» կազմակերպությանը՝ իրականացնելու Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ