Նախարարների մեծ մասը շարունակում է «թռնել» կառավարությունից

Նախարարների մեծ մասը շարունակում է «թռնել» կառավարությունից

Կառավարության ամեն նիստ վարչապետ Կարեն Կարապետյանն սկսում է նախարարներին տարաբնույթ հանձնարարականներ տալով։ Թե որքանով են մեր նախարարները պատրաստակամ այդ հանձնարարականները կատարելու եւ որքանով պատշաճ կկատարեն, ցույց կտա ժամանակը։ Պետք է հետեւել, թե վարչապետի նշած ժամկետների ավարտին ով ինչպես է կատարել իր հանձնարարականները։ Բայց մի կարեւոր հանձնարարական կա, որ բոլոր վարչապետները բարձրաձայնում են, սակայն մեր նախարարների մեծ մասի կողմից դա մերժվել է։ Մենք էլ թեեւ մամուլի միջոցով ժամանակ առ ժամանակ փորձում ենք դա թարմացնել, բայց, ինչպես ասում են, սեւին սապոնն ի՞նչ կանի, խեւին՝ խրատը։ Խոսքն այն մասին է, որ կառավարության անդամները կառավարության ետնամուտքից չծլկեն, այլ դուրս գան գլխավոր մուտքով, որտեղ լրագրողներն են հավաքված, եւ անպայման պատասխանեն նրանց հարցերին։



Եթե նախորդ կառավարության անդամներից Գագիկ Խաչատրյանը, օրինակ, ով Աբրահամյանի գլխավոր մրցակիցն էր այդ կառավարությունում, կարող էր իրեն թույլ տալ անգամ նիստերին չներկայանալ, ապա ենթադրվում էր, որ գոնե Աբրահամյանի մտերիմ, թիմակից նախարարները պետք է կատարեն «շեֆի» հանձնարարականները։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Օրինակ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը թե՛ նախորդ, թե՛ այս կառավարությունում, պահպանելով իր պաշտոնը, պահպանեց նաեւ վարչապետի այս հանձնարարականը չկատարելու, լրագրողների հետ շփումից խուսափելու, ետնամուտքով դուրս գալու սովորույթը։ Նրա օրինակին են հետեւում նախորդ կառավարությունից «ժառանգություն» մնացած մյուս նախարարները եւս՝ Արտեմ Ասատրյանը, Հրանուշ Հակոբյանը, Վաչե Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանն էլ առհասարակ որեւէ մուտքով չի իջնում, քանզի նրա աշխատավայրը կառավարության գլխավոր մասնաշենքում է։ Արտեմ Ասատրյանն էլ, ի դեպ, լրագրողների ու իրեն մոտեցող քաղաքացիների դեմն առնելու, նրանց արհամարհելու հետաքրքիր տակտիկա է մշակել․ շենքից դուրս գալիս հեռախոսը դնում է ականջին, եւ ուզում ես կողքը ռումբ պայթեցրու՝ ռեակցիա չի տալիս։ Լրագրողներից «թռած» են նաեւ նոր կառավարության դաշնակցական նախարարները՝ Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը, որոնք գրեթե միշտ ետնամուտքով են դուրս գալիս ու աշխատում են արագ հեռանալ, որ չհանդիպեն լրագրողներին։ Լրագրողները երբեւէ կառավարության նիստից առաջ կամ հետո չեն զրուցել նաեւ ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։



Եթե տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մինչ այդ լրագրողների հիմնական զրուցակիցն էր ու գլխավոր մուտքով դուրս եկող եզակի նախարարներից, երեկ նա էլ էր որոշել ետնամուտքով աննկատ հեռանալ։ Մեր տեսախցիկը ֆիքսեց այդ պահը։ Լրագրողների հետ շփվելուց չի խորշում միայն ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով, սակայն, երեկ ներկա չէր նիստին։ Ետնամուտքով է դուրս գալիս նաեւ սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանը։ Նիստերին ձայն ու ծպտուն չի հանում, էլ ուր մնաց լրագրողների հետ շփվելու մակարդակին իջնի էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը։ Միակ աչքի ընկնող բանը նրա զարմացած հայացքն է, որ արտահայտվում է լուսանկարներում։



Երեկվա նիստից հետո գլխավոր մուտքով դուրս եկել ու լրագրողների հետ զրուցել են երեք նախարար՝ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, ով ամենապատրաստակամն է լրագրողների հարցերին պատասխանելու հարցում, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը ոչ միշտ, բայց իջնում է, եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վերջինս ոչ միայն չի «վախենում» լրագրողների հետ շփվելուց, այլեւ գլխավոր մուտքով էլ ներս է մտնում՝ անցնելով կառավարությունից մշտապես դժգոհ ցուցարարների միջով։ Նման «համարձակություն» չունեն, օրինակ, ուժային կառույցների ղեկավարները։



Կառավարությանն առընթեր «ամենաուժային» կառույցի՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, օրինակ, ե՛ւ շրջապատել է իրեն թիկնապահներով ու երկու «ջիպազգի» ուղեկցող մեքենաներով, ե՛ւ կառավարության տարածք է մուտք գործում վարչապետի մուտքից՝ վերեւի դարպասներից, որ առհասարակ որեւէ հասարակ մահկանացուի, առավել եւս՝ լրագրողի երես չտեսնի։



Ի դեպ, երեկ նկատեցինք, որ Գասպարյանն իր աժդահա Toyota Land Cruiser ամենագնացի պետհամարանիշը փոխել, խառը թվերով ինչ-որ համարներ է վերցրել, ըստ երեւույթին՝ անճանաչելի համարներ են։ Թե ինչու է ոստիկանապետը որոշել հրաժարվել իր սիրելի, «բրենդային» 01 010 թվային կոմբինացիայից, կիմանա միայն ինքը։ Նրա նման, լրագրողների հետ երբեւէ չեն առերեսվում նաեւ մյուս ուժայինների ղեկավարները՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը։ Փոխարենը շատ են սիրում անիմաստ ու ձեւական քրգործերով լրագրողներին կանչել հարցաքննությունների, հետո էլ կա՛մ ի վնաս մեզ որոշումներ կայացնել, կա՛մ գործերը կարճել՝ իբրեւ թե հանցակազմ չկա։ Այլ մուտքով է դուրս գալիս ու մեզ հետ նիստից առաջ կամ հետո չի շփվում նաեւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հիմնականում չի գալիս նիստերին, նրան սովորաբար փոխարինում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ