Սա առաջնագիծ չգնացողներին պաշտպանող նախագիծ է

Սա առաջնագիծ չգնացողներին պաշտպանող նախագիծ է

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Ազգ-բանակ-2017» համաժողովի հաջորդ օրը՝ երեկ, ասուլիս հրավիրեց, որ պատմի համաժողովում իր ներկայացրած երկու ծրագրերի մասին։ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» սենտիմենտալ անվանումներով նախագծերից առաջինը ենթադրում է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ։ Մասնավորապես, այս ծրագրին դիմած ուսանողներն իրենց ուսման ընթացքում կարող են նաեւ ռազմական համալսարանում շաբաթ օրերը զինվորական պատրաստության դասընթաց անցնել, ստանալ լեյտենանտի կոչում եւ բուհն ավարտելուց հետո 3 տարի ժամկետով անցնել ծառայության զինված ուժերում՝ 260 հազար դրամ ամսական աշխատավարձով։ Նախարարը կարծում է, որ սա հիանալի այլընտրանք կլինի նրանց համար, որոնք բուհն ավարտելուց հետո մեկնում են «խոպան»՝ աշխատելու։



«Ես եմ» ծրագիրն էլ առաջարկում է նորակոչիկներին ծառայության անցնել ոչ թե 2, այլ 3 տարի ժամկետով եւ երրորդ տարվա մի մասն անցկացնել տանը, մի մասը՝ դիրքերում ու զորամասում, վերջում ստանալ 5 մլն․ դրամ, որը կարող է օգտագործել հիպոթեքով բնակարան ձեռք բերելու, գյուղում մինի-ֆերմա բացելու կամ հետագայում, եթե մագիստրատուրա դիմի, ուսման վճարը փոխհատուցելու նպատակով։ Այս ծրագրերը հասարակությունը միանշանակ չընկալեց։ Վիգեն Սարգսյանը հետեւել էր քննադատություններին եւ երեկ ասում էր, որ սրանք ընդամենը առաջարկ-նախագծեր են, որոնք պատրաստ են քննարկել։ «1000 դրամների» նախագիծն էլ քննարկեցին, բայց վերջում էլի արվեց այնպես, ինչպես ուզում էր Սարգսյանը։



Նախարարին հարցրինք՝ այս ծրագրերը որքանո՞վ կնպաստեն սոցիալական հավասարությանը դիրքերում, քանզի մարդիկ անընդհատ շեշտում են, որ ոչ մի օլիգարխի, մեծահարուստի, բարձրաստիճան պաշտոնյայի որդի սահման չի պահում՝ առաջնագծում անապահով ընտանիքների զավակներն են։ Ապրիլյան պատերազմն այս պատկերը լավագույնս ջրի երես հանեց։ Հարցրինք՝ ինքը տիրապետո՞ւմ է թվերին, թե առաջնագծում քանի օլիգարխի, գործարարի եւ բարձրաստիճան պաշտոնյայի զավակ է ծառայում։



Վիգեն Սարգսյանը նախ կարծիք հայտնեց, որ մենք այս ծրագրով ունենալու ենք ամենատարբեր խավերից եկող երիտասարդներ, որոնք երազում են սպայական ծառայության մասին, ապա նկատեց, որ իր պատկերացմամբ՝ իրենց առաջարկած այդ մինի-ֆերման, հիպոթեքով բնակարանը կամ ուսման վարձի փոխհատուցումը միայն սոցիալապես անապահով շերտի երիտասարդին չեն հետաքրքրում։ Ինչ վերաբերում է օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ սահման պահելուն, նախարարը նախ որոշեց հեգնել․ «Չէ, ես չեմ տիրապետում թվերի, թե քանի օլիգարխի երեխա է ծառայում առաջնագծում, որովհետեւ մենք այսօր չունենք օլիգարխ հասկացության իրավական ձեւակերպում, որպեսզի ես զորակոչի ժամանակ հասկանամ` ես օլիգարխի՞ երեխա եմ զորակոչել, թե՞ ուղղակի գործարարի»։ Հետո խոստացավ առաջիկայում առաջնագիծ գնալիս մեզ էլ հետը տանել, որ ինքներս հարցնենք զինվորներին, թե ով ինչպես է գնահատում իր ընտանիքի սոցիալական վիճակը։ Նա կարծում, է որ այն պիտակը, որ առաջնագծում ծառայում են բացառապես սոցիալապես անապահովների զավակները, բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ «Ես հասկանում եմ՝ Դուք ինչ եք հարցնում, ես չունեմ տվյալներ, բայց հստակ գիտեմ մեր պատգամավորների եւ փոխնախարարների երեխեք, ովքեր առաջնագծում են՝ մարտական հերթապահության։ Անուններ ես չեմ կարա տամ, որովհետեւ դա նրանց անձնական գործն ա»,- ասաց Վիգեն Սարգսյանը։



«Եթե մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երբեմն ասում են մեր ընդդիմադիր ուժերը, մեր հասարակության կեսից ավելին ծայրահեղ աղքատ ա, ուրեմն պետք ա հասկանանք, որ առաջնագծում ծառայող երիտասարդների առնվազն կեսը եւս ծայրահեղ աղքատ ընտանիքից ա։ Բայց մի բան էլ հաշվի առեք՝ հավանականությունը, որ սոցիալապես անապահով ընտանիքի երեխան հայտնվելու ա առաջնագծում, ի սկզբանե օբյեկտիվորեն ավելի բարձր ա, որովհետեւ ավելի ապահով ընտանիքի երեխան ավելի հավանական ա, որ ընդունվել ա բուհ, բուհ ընդունվելուց, երբ որ գալիս ա հավաքակայան, ինքն ունի նախընտրություն՝ ուսումնական զորամասի, մասնագիտական ծառայության՝ տանկիստ, հրետանավոր եւ այլն, եւ հնարավորությունը, որ նա կհայտնվի առաջնագծում, ավելի ցածր ա»,- տեւական ժամանակ հայտարարվող անհեթեթությունը կրկնեց Պնախարարը։



ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանն այս առնչությամբ ասաց, որ նման առաջարկը սպասելի էր, քանի որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ քննադատվեց, որ միայն անապահով ընտանիքների զավակներն են գնում առաջնագիծ։ Բայց սա, ըստ քաղաքագետի, չի ապահովի սոցիալական հավասարությունը, հակառակը՝ կխթանի, որ նորից սոցիալապես անապահովների զավակները գնան բարձր աշխատավարձով ծառայելու։ Ի վերջո, հարուստի զավակը կյանքը վտանգելով գումար վաստակելու կարիքը չունի։ «Սա էն չգնացողներին պաշտպանելու նախագիծ է։ Ստացվում է, որ ինքն օրենքով ազատվել է։ Իրականության մեջ էն չգնացողների խնդիրն են օրինականացնում»,- նկատեց քաղաքագետը։ Մանվել Սարգսյանի խոսքով՝ այս ծրագիրն իր մեջ որեւէ որակյալ փոփոխության նշան չունի․ «Որովհետեւ, եթե իրենք նպատակ ունեին իսկապես այդ խնդիրը լուծել, որեւէ խնդիր չկա մի քանի հազար զորակոչիկի փոխարինել պայմանագրային զինծառայողներով, որ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն առաջնագծում, պայմանագրային հիմունքներով գնան եւ ծառայեն»։ Քաղաքագետի կարծիքով՝ սրանով իշխանությունները փորձում են մեղքը, պատասխանատվությունն իրենց վրայից գցել, որ «եթե գնան ու զոհվեն այդ երիտասարդները, հետո ասեն, թե իրենք են ընտրել այդ ծառայությունը, պարտադրաբար չեն գնացել առաջնագիծ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ