Նոր վեպ Խանջյանից՝ «Տուր ձեռքդ, պստլո»

Նոր վեպ Խանջյանից՝ «Տուր ձեռքդ, պստլո»

«Տուր ձեռքդ, պստլո»․ այսպես է կոչվում մեր ժամանակների լավագույն արձակագիրներից Գուրգեն Խանջյանի նոր վեպը, որն արդեն գրախանութներում է։ 



Սա Գուրգեն Խանջյանի 5-րդ վեպն է, որի վրա բավականին երկար է աշխատել՝ մոտ 3 տարի։ «Կարելի է ասել, որ սա մեծ մասով՝ 70 տոկոսով, կենսագրական վեպ է։ Ինքն իմ կյանքի շատ կարեւոր մի փուլի, նաեւ գրական փորձի ամփոփումն է, դրա համար ինձ համար շատ հարազատ է այս գիրքը։ Այդտեղ մարդիկ կան, որ էլ չկան, հին Երեւանը կա, որ էլ գոյություն չունի՝ հին կոլորիտը, փողոցները, սրճարանները։ Այդ ամեն ինչն ինձ հարազատ է, եւ ինձ անընդհատ թվում էր, թե այդ մարդիկ, այդ քարերը, այդ ասֆալտը, այդ ամեն ինչը կկորի, եթե ես դրանք էջի վրա չդնեմ։ Կարեւոր դրվագներ, կարեւոր մարդիկ, բայց ընդհանուր առմամբ մեր կյանքն է, կյանքի իմաստավորումը կորուստների դեպքում եւ հակառակը հայտնագործությունների դեպքում, մեր վերաբերմունքը, որոշումները, վճիռները, աշխարհայացքը»,-պատմում է հեղինակը, ով ընթերցողի առաջ չի ուզում մինչեւ վերջ բացել գրքի շերտերը։



Գուրգեն Խանջյանից հետաքրքրվեցինք․ գրքի վերնագրից՝ «Տուր ձեռքդ, պստլո», կարո՞ղ ենք ենթադրել, որ այն ինչ-որ չափով նվիրված է նաեւ իր փոքրիկ աղջկան՝ Մանեին։ «Իհարկե, ինքը պատճառ էր, որ այդ վերնագիրն ընտրեցի, որովհետեւ ուրիշ վերնագիր էր ի սկզբանե ծրագրված։ Ինչ-որ ազդեցություն, իհարկե, ունեցավ հատկապես գրքի ֆինալային մասի վրա, որովհետեւ գիրքը համարյա գրված էր»։



Գրքի շապիկի հեղինակը նկարչուհի Լիանա Ղուկասյանն է, ով ապրում է Իտալիայում եւ դասավանդում է այնտեղի Գեղարվեստի քոլեջում. «Այս նկարը որ տեսա, զարմանալի է, ոնց որ հատուկ գրքի համար արված լիներ, որովհետեւ այս մարդը ձների մեջ, իր բոլոր մտահոգություններով նստած այդ սայլակի կամ սահնակի վրա, կարծես գտած լիներ ու դրվեց իր տեղում։ Վախենալու բան չկա նկարում, իրատեսական է, ժամանակը մարդու հետ նման կերպարանափոխություններ անում է»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ