Մայիսյան ապստամբությունը հիմքից ցնցեց պետությունը

Մայիսյան ապստամբությունը հիմքից ցնցեց պետությունը

Մայիսի 1-ը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Հայկական միջավայրում իր բուն բովանդակությունից զատ օրը նաև պատմական որոշակի նշանակություն ունի։ 1920 թ. մայիսի 1-ին բռնկվեց մայիսյան զինված ապստամբությունը, որը կազմակերպվել էր բոլշևիկների կողմից։ Ամսաթվի ընտրությունը ամենևին էլ պատահականություն չէր, այլ, ընդհակառակը, կազմակերպիչները նախատեսել էին մայիսմեկյան խաղաղ ցույցերը վերածել զինված ապստամբության։ Իրադարձություններն այդ կործանարար հետևանքներ ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության համար։ Չնայած ապստամբությունը ճնշվեց, բայց դրա հզոր ներգործությունը հիմքերից ցնցեց պետությունը, բարոյալքեց բանակը և հանգեցրեց վերջնական կազմաքանդման։ 

Պատահական չէ, որ շատ հետազոտողներ համեմատական եզրեր են անցկացնում Մայիսյան ապստամբության և արդի Հայաստանում զինված պայքարի դրսևորումների միջև` շեշտադրելով այն հանգամանքը, որ երկրորդ Մայիսյան ապստամբություն ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, քանզի Հայաստանի Երրորդ Հանրապետությունը նույնպես կարող է հիմնային ցնցման ենթարկվել ու կազմաքանդվել։ 

Հայ ժամանակակից պատմագիտական միտքը շրջանառում է այն տեսակետը, որ եթե 1920 թ. մայիսին Հայաստանի դաշնակցական կառավարությունը իշխանությունը հանձներ բոլշեւիկներին, ապա հնարավոր կլիներ խուսափել տարածքային ծանրագույն կորուստներից։ Մասնավորապես՝ հնարավոր կլիներ Հայաստանի տարածքում պահել Նախիջևանը, Կարսը, Սուրմալուն և այլն։ Բայց դաշնակցականները չհանձնեցին իշխանությունը, ավելին՝ Սեպուհի գլխավորությամբ զորք ուղարկեցին Ալեքսանդրապոլ, որը ապստամբության կենտրոնն էր, և ճնշեցին դիմադրության օղակը։

Թույլ կազմակերպված և տարերային բնույթ ունեցող ապստամբությունը որևէ հաջողություն չունեցավ։ Խորհրդային Ադրբեջանի կողմից  խոստացված օգնությունը այդպես էլ տեղ չհասավ, ինչն էլ ավելի նպաստեց շարժման անհաջողությանը։ Բայց այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ դրանից հետո պետությունը իսկապես խոշոր եւ անտեսանելի ցնցումների ենթարկվեց։ Բանակը, ինչպես նշեցինք բարոյալքվեց եւ այն աստիճան, որ ամիսներ անց բռնկված հայ-թուրքական պատերազմում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ` Կարս քաղաքը գրեթե առանց լուրջ կռվի հանձնելով հակառակորդին։