Գյուղապետը չի ուզենա ցորենի դաշտը վառել․նախագծի հեղինակը բարդ ու անշնորհակալ գործ է համարում հեռուստատեսություն փակելը

Գյուղապետը չի ուզենա ցորենի դաշտը վառել․նախագծի հեղինակը բարդ ու անշնորհակալ գործ է համարում հեռուստատեսություն փակելը

Ներկայացրել էինք «Տեսալսողական մեդիայի և լիցենզավորման» մասին օրենսդրական փաթեթի մասին TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի և «Արմնյուզ FM» ռադիոկայանի տնօրեն Լիկա Թումանյանի խիստ նախնական կարծիքը նախագծի մասին։ Հարություն Հարությունյանն առայժմ մի դիտարկում էր արել այն դրույթի կապակցությամբ, որ հաղորդման ժամանակ ընդդիմադիր և իշխանական կողմերը պետք է ունենան ներկայանալու հավասար իրավունք։ Ինչպես հայտնի է՝ քաղաքական կուսակցությունների ու գործիչների միջև բաժանարար գծեր են  հեռուստաընկերությունների համար, և Հարություն Հարությունյանն ասել էր․ «Առաջին լրատվականին հյուր գնացող փորձագետը կամ քաղաքական գործիչը երբեք չի գնա TV 5 և հակառակը։ ․․․Ի՞նչ է նշանակում, որ «եթե անգամ չեն գալիս, պարտավոր են», հո չե՞նք գնալու ծեծելով բերենք։ Ավելին՝ կան պետական պաշտոնյաներ՝ պատգամավորներ, որոնք անգամ խորհրդարանում չեն էլ փորձում թաքցնել իրենց նախասիրությունները և հայտարարում են, որ այսինչ լրատվամիջոցին հարցազրույց չեն տալիս և ամեն օր տալիս են քաղաքականապես «ճիշտ» ՀԸ-ներին։ Ինձ հետ, տպագիր էլեկտրոնային մամուլում, օրինակ, եղել է դեպք, երբ երկու հակադիր ճամբարների կարծիքը կայքում ներկայացնելուց հետո նրանցից մեկը զանգահարեց և կռվեց, որ իր ասածն ու նկարը հայտնվել են մյուսի հետ նույն, ի դեպ, վիրտուալ տարածքում»։ Հարություն Հարությունյանի այս հարցականի վերաբերյալ ստացել ենք նախագծի հեղինակ Վահագն Թևոսյանի մեկնաբանությունը։ Վերջինիս խոսքով՝ կա հեռուստաընկերություններում բազմակարծություն ապահովելու խնդիր։ Ինչպե՞ս, նման դժվարությունների պարագայում։ Նախագծի համահեղինակը մեկնաբանում է․ «Ընդամենը կարծիքների ներկայացման ապահովո՛ւմն է քո պարտականությունը։ Եթե, օրինակ, Դուք ինձ զանգում եք, ես Ձեզ ասում եմ՝ ես Ձեզ չեմ վստահում, որովհետև դու կխեղաթյուրես իմ ասածը և այլն (այսինքն՝ մերժում է), բայց ես ինչ-որ մի տեղ կարծիք արտահայտել եմ, դու կարող ես հղումով կամ առանց իմ այդ կարծիքն օգտագործես, որպեսզի հանրությունն իմանա, որ սենց կարծիք էլ կա»։ Իսկ եթե դեռ չկա, բայց հաղորդումը եթերային ցանցում է։ Նախագծի համահեղինակն ասաց, որ այդ դեպքում մեկնաբանը կարող է մյուս՝ հակառակ կարծիքը ներկայացնել, հնչեցնել հաջորդ եթերին։
Իսկ հեռուստաընկերություններ չեն գնում, Վահագն Թևոսյանի մեկնաբանությամբ, ոչ որովհետև արհամարհում են, այլ որովհետև շատ դեպքերում, ըստ նրա, մեկնաբաններն իրենք քաղաքական մարդիկ են․ հարց տալով ոչ թե կարծիք են ուզում լսել, այլ հյուրին վիճաբանության մեջ ներքաշել։ «Իրենց խնդիրը, այսինքն՝ «փչացնել», և կարող եմ բազմաթիվ օրինակներ վկայակոչել, թե նույն մեկնաբանը մի հյուրի հետ ինչպես է հարցազրույց վարում, մեկ ուրիշի հետ՝ ինչպես»,- ասաց Թևոսյանը։ 
Լիկա Թումանյանի դիտարկման հետ կապված, որ մի կողմից ինտերնետ TV-ներին բերում են օրենքի դաշտ, բայց չեն կարողանում, դիցուք, Լոս Անջելեսի որևէ հայկական յութուբյան ալիք մտցնել հայկական օրենքի դաշտ, Թևոսյանն ասաց, որ «Յութուբը» չի վերահսկվում ՀՌՀ-ի կողմից։ Ավելին՝չկա այդպիսի նպատակ ու չի էլ կարող լինել։
Որպես ամփոփում՝ օրենքի համահեղինակը խնդրեց առաջնորդվել  ողջամտության կանխավարկածով՝ ավելացնելով․ «Լրատվամիջոց փակելը բարդ ու անշնորհակալ գործ է։ Ես մի անգամ մի օրինակ բերել եմ, երբ ասել են՝ բա որ գյուղապետն ուզենա իր գյուղի ցորենի արտը վառի։ Աբսուրդ է, էլի։ Չէ, ընկեր, չի ուզենա, որովհետև իր գլխին է գալու»։
Սպասենք հանրային քննարկումներին և դրանցում հնչելիք կարծիքներին։ Առայժմ փորձագիտական դաշտում հայտնում են, որ այս մեկը, միանշանակ, ավելի լավն է նախորդից, որ շրջանառության մեջ էր դրվել ամիսներ առաջ։