Ռազմիկ Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես ավելացան անգլիական ձվերը

Ռազմիկ Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես ավելացան անգլիական ձվերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին  նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում մի դրվագ մտաբերեց իր երիտասարդ տարիներից: 99 թվականին նախարար էր նշանակվել, ուսումնասիրում էր նպաստների համակարգը, և կաթողիկոսի տեղապահ Պոզապալյանից, որը ապրել էր Անգլիայում, մի պատմություն է լսել: «Անգլիայում պատերազմի ժամանակ քարտային համակարգ էր գործում սննդի: Ռադիոյով հայտարարեցին, որ այդ շրջանի համար հավաքած ձուն քիչ է, ու խնդրանք հղվեց բնակչությանը, որ ովքեր կարող են առանց ձվի յոլա գնալ, թող ձու չվերցնեն: Վերջում ձուն ավելացավ: Դա անգլիական հասարակությունն էր պատերազմի ժամանակ, և այսօր էլ այնպիսի իրավիճակ է, երբ հասարակությունը պետք է անտարբեր չմնա այն մարդկանց հանդեպ, ովքեր անկում են ապրում: Սա իրենց կամքից չի, աղետ է բոլորի համար»: 

Նիկոլ Փաշինյանի կոմունալ համերաշխության բանաձևը կլուծի՞ ստեղծված իրավիճակը, խոսքը, հիշեցնենք, ունեւոր հարեւանների կողմից չունեւորների գազի-լույսի վարձերը մուծելու մասին է: «Եղել է միջադեպ, ու կառավարությունը փաստական տեղեկատվական բազաներից չի օգտվել, և հիմա արձանագրում է, որ և ունևորներն են ստացել օգնություն, և «չունեւորները»: Բնական է, ոչ մի կառավարություն պատրաստ չէր այսօրվա իրավիճակին, և հիմա վարչապետը դրել է բարոյական խնդիր, որը կաշխատի, կամ չի աշխատի: Մի քանիսը գուցե, իրենց բարոյական պարտքը կհամարեն վերադարձնել իրենց ստացածը ուրիշներին, կամ էլ դա կմնա որպես մեկ անգամվա ծրագիր, ոչ ավելի: Սա արդեն փաստ է»: 

Ռազմիկ Մարտիրոսյանը գտնում է, որ կառավարությունը ուներ կարիքավորությաւն քիչ թե շատ ապահով գործիք, որը չօգտագործեց կորոնաիրուսի հետևանքները վերացնելու սոցիալական միջոցառումները իրականացնելիս:
 «Ժամանակին մենք ստեղծեցինք իր բոլոր թերություններով հանդերձ կարիքավորության չափման գործիքը՝ ժողովրդին հայտնի «Փարոս» մաթեմատիկական ծրագիրը, որը մինչև այժմ, թեկուզ իր սխալներով հանդերձ, բայց 70-80 տոկոսով գործում է: Սա գոնե պետք է օգտագործվեր», - ասում է նա: Այդ ծրագիրը այնուամենայնիվ որոշակի ինֆորմացիա տալիս էր, բալային համակարգով  չափում էր կարիքավորության աստիճանը, և կարելի էր այն օգտագործել: Սակայն, ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, այսօր հիմնական խնդիրը աշխատող խավն է, իսկ սա սոցիալական խնդիր չէ: «Խնդիրը հասարակության համերաշխությունն է բարդ իրավիճակներում, երբ մեծ ռիսկեր կան, ու հասարակության մի մասը խիստ տուժում է: Մենք չենք ուսումնասիրել  մեր համայնքային պատմությունը: Միջնադարում, այլ պատմական շրջաններում, եթե համայնքում ամուրի կին կար, զինվորի այրի, հիվանդներ, համայնքը առաջինը նրանց հողն էր վարում, նրանց բերքն էր հավաքում, որը համերաշխության բացառիկ օրինակներ են»: