Ամեն ինչ մի օր հայտնի է դառնալու

Ամեն ինչ մի օր հայտնի է դառնալու

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի աջ ձեռքը՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, նախօրեին հայտարարեց, որ տեղափոխվում է «մասնավոր սեկտոր»։ Նրա գնալու մասին վաղուցվանից էին խոսում՝ դեռեւս քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալումից սկսած։ Դեռ այն ժամանակ Երեւանի ավագանու անդամները նկատել էին, որ, չգիտես ինչու, շինթույլտվություններն «անցնում» են նաեւ Հայկ Սարգսյանի դռնով։ Նրանք քանիցս փորձել էին հասկանալ, թե ինչու է շինթույլտվություն ստանալու համար շինարարը քաղաքապետարանի ֆինանսական պատասխանատուի մոտ մտնում, բայց որեւէ հոդաբաշխ պատասխան չէին ստացել:

Փոխքաղաքապետը կադրային հարցերում եւս բավականին ակտիվ է եղել` զարմիկը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետն է, զարմուհին՝ դպրոցի տնօրեն։ Քաղաքապետարանին «կամազ»-ներ նվիրաբերելու գործում էլ է փոխքաղաքապետը, որն իր նշանակումից առաջ եղել է ԿԲ-ում ապահովագրական ընկերությունների աշխատանքը վերահսկող բաժնի պետ, խիստ ակտիվ դերակատարում է ունեցել՝ ասացին մեզ: Մեր զանգերին Հայկ Սարգսյանը չպատասխանեց: Զրուցեցինք ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանի հետ։ Ձեզ համար անսպասելի չէ՞ր, որ նման հաջողակ պաշտոնյան` Հայկ Սարգսյանը, թողնում է իր պաշտոնը՝ հարցրինք Թեհմինա Վարդանյանին։ «Մեր օրերում այլեւս անսովոր որեւէ բան չկա, նորմալ է` մարդիկ սկսել են սեփական շողքին էլ չվստահել։ Օդում կախված այդ լուրերը, այո, վաղուց են շրջանառվում քաղաքապետարանում, օդում կախված լուրերն էլ հաստատվելու շատ փիս խասյաթ ունեն։

Կարծում եմ` շատ կարճ ժամանակում հայտնի կդառնա հրաժարականի իրական պատճառը»: «Կամազ»-ների, այսպես ասած, «ռեկետի» մասով Դուք եւս ակտիվ հետաքննություն էիք վարում, ինչ-որ բանի հասա՞ք։ ««Կամազ»-ների որդիսականը շարունակվում է. ինչ-որ բան բացահայտում ենք, բայց քանի որ գործող իշխանությունը հիմնարար սատարում է Հայկ Մարությանին, մեր բացահայտումներն ինչ-որ մի փուլում` ինչ-որ մի տեղ «կորչում» են հավետ, բայց, միեւնույն է, դա էլ է բացահայտվելու»: