Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակում տեղը չի գտնում. պաշտպան

Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակում տեղը չի գտնում. պաշտպան

«Չորս ամիս անձն ազատության մեջ էր և որևէ կերպ չի խոչընդոտել և չի էլ փորձել խոչընդոտել գործի քննությանը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր քննել եւ ավարտել է պաշտպանական խմբի բողոքը Ծառուկյանի կալանավորման դեմ։ Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7֊ին։

Երեմ Սարգսյանը նշեց, որ քրեական գործով ներգրավված է 20 մեղադրյալ, որոնցից ոչ մեկն այս քրեական գործով կալանքի տակ չի գտնվում։ «Հարց է ծագում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Գագիկ Ծառուկյանի պարագայում չորս ամիս ազատության մեջ գտնվելուց հետո, հանկարծ գտնում են, որ պետք է նա կալանավորվի»,֊ասաց նա։

Ինչ վերաբերում է հայտնի «ղազագրերին»՝ պատգամավորների այն գրություններին, որոնցով նրանք երաշխավորել են, որ կոնկրետ արդյունքներ չապահովելու դեպքում պատրաստ են հրաժարվել մանդատից, ինչը ներկայացվում է որպես Գագիկ Ծառուկյանի հեղինակության ապացույց՝ պաշտպանն ասաց. «Առանց այս փաստաթղթերի որևէ մեկը կա՞ր, որ կասկածում էր, որ Ծառուկյանն ունի հեղինակություն։ Նույնիսկ գլխավոր դատախազը ԱԺ ներկայացրած միջնորդության մեջ մեկ տողով գրել է, որ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ ինքը հենց դրա ուժով ազդեցություն ունի, հեղինակություն ունի։ Մինչև հիմա ոչ ոք չգիտե՞ր, որ Ծառուկյանը հեղինակություն ունի, ինչ որ փաստաթղթերի հիման վրա գտան, որ հեղինակություն ունի և կարող է ազդե՞լ։ Իսկ եթե այդ փաստաթղթերը չլիներ, անձինք բանավոր հայտարարեին, չէի՞ն դիտարկելու որպես կալանավորման հիմք»։

Ըստ պաշտպանի՝ պետք է դիտարկվի նաև հանրային շահը, մասնավորապես, ստացվում է, որ այս պահին՝ ռազմական դրության պայմաններում քաղաքական երկրորդ ուժի ղեկավարը գտնվում է անազատության մեջ, ԱԺ-ում հարցեր են քննարկվում և խմբակցության ղեկավարը չի մասնակցում դրանց քննարկմանը։

Նա նաեւ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չի մասնակցել. «Կենցաղային լեզվով ասած՝ տեղը չի գտնում ստեղծված իրավիճակում»։