«Անհրաժեշտ են ոչ թե խաղաղապահներ, այլ խաղաղարար զորքեր»

«Անհրաժեշտ են ոչ թե խաղաղապահներ, այլ խաղաղարար զորքեր»

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման մասին պաշտոնական հայտարարություններ արվում են պատերազմի վերսկսման երկրորդ օրվանից: ՌԴ Դուման սեպտեմբերի 29-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ: Մի կտոր «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի լրագրողներին ուղղված խոսքից. «Ռուսաստանը, բնականաբար, պատրաստ է միջնորդ հանդիսանալ եւ լինել այն կողմը, որին պատերազմող երկու կողմերը վստահում են: Կարծում եմ, այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության կգան կրակի դադարեցման եւ ուժերը հետ քաշելու մասին, կարող ենք խոսել Ռուսաստանի կողմից խաղաղարար ուժեր մտցնելու մասին»: 

Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում չի բացառել, որ ռուս խաղաղապահների զորքը հնարավոր է բերվի Հայաստան, եթե այդ հարցը քննարկվի ԵԱՀԿ շրջանակում: Իսկ հոկտեմբերի 4-ին հարցը մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»: Քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունները եւ պատասխանել հարցին, թե որքանով եւ որ պահին է հնարավոր ռուսական զորքի մուտքը կոնֆլիկտի գոտի: 

- Նկատենք, որ տվյալ դեպքում անհրաժեշտ են ոչ թե խաղաղապահներ, այլ՝ խաղաղարար զորքեր, այսինքն՝ չկա խաղաղություն, որ այդ զորքը պահպանի, այն պետք է ինքը հաստատի խաղաղությունը, իսկ սա լրիվ ուրիշ ֆունկցիաներ է ենթադրում, ուրիշ մանդատ եւ ուրիշ ռազմական միջոցներ ու տակտիկա։ Եթե խոսք է գնում զուտ խաղաղապահների մասին, ապա նրանք կարող են գործարկվել միայն խաղաղության հաստատումից հետո։
Հասկանալի է նաեւ, որ միայն խաղաղապահներով հնարավոր չէ լուծել երկարաժամկետ խաղաղության հարցը։ Եթե խաղաղության պայմանագիրը չպարունակի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցերը, ապա հակամարտության քաղաքական լուծումը չի կարող արդյունավետ լինել, այն չի կարող երկարաժամկետ խաղաղություն ապահովել։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, միարժեքորեն չի արտահայտվել խաղաղապահների մասին, նա որոշ ակնկարկներ է արել իր մի հարցազրույցում, վերապահումով, որ այդ հարցը Հայաստանի եւ Ռուսաստանի լուծելիք հարց չէ, բայց պատրաստ է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Իսկ Իլհամ Ալիեւի դիրքորոշման մասին ոչինչ չգիտենք։ Այնպես որ, եղած հայտարարությունների շրջանակում խաղաղապահների հեռանկարը բավականին տարտամ է։

-    Ի՞նչ ռիսկեր ունի ու ի՞նչ օգուտ կտա ռուս խաղաղարարների մուտքը տարածաշրջան, նրանց ներկայությունը հակամարտության գոտում: Այս պահին կողմերը որքանո՞վ են պատրաստ նման քայլի: Հայկական կողմից հիմնականում «պրոնիկոլական» հանրույթն է դեմ այս քայլին, ինչո՞ւ: 


- Իրականում խաղաղապահների մուտքը մեծ ռիսկեր է պարունակում։ Ռուս խաղաղապահները, ինչպես փորձն է ցույց տալիս, միայն խաղաղության պարզ ֆունկցիայով չեն բավարարվում: Ավելի պարզ՝ քաղաքական տեղաշարժեր են իրականացնում իրենց վստահված տարածքներում, եւ հասարակության մոտ բնական հարց է առաջանալու՝ տարածքներն ադրբեջանցիներից ազատագրեցինք, որ հանձնենք ռուսների՞ն։
Մյուս կողմից՝ այս պատերազմը շատ դաժան պատերազմ է, ահավոր ռեսուրսատար։ Ամեն օրը խլում է հսկայական ռազմական, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ։ Միգուցե Նիկոլ Փաշինյանի շրջապատն ավելի՞ լավ է տիրապետում իրավիճակին եւ գիտի, որ մենք ունենք այդ ռեսուրսները։ Միգուցե նրանք համարում են, որ տեղեկությունները, թե երեկ ոչնչացրինք Գյանջան, այսօր՝ Մինգեչաուրը, վաղը՝ Եվլախը, իսկ մյուս օրը՝ Բաքուն, ոչ թե «Պերֆեքթ ԹիՎի»-ն է հնարել, այլ իրականություն է։ Ուրեմն, այդ դեպքում իմաստ չունի դիմել խաղաղապահների, մենք ինքներս կհասնենք հաղթանակի եւ կպարտադրենք խաղաղություն։ 
Միաժամանակ, եթե խաղաղապահների մուտքն անխուսափելի է, սակայն ինչ-ինչ պատճառներով Հայաստանը խուսափում է բանակցություններից, ապա Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը պետք է նաեւ հասկանան, որ անիմաստ է ձգձգել բանակցությունները, որ շարունակվող պատերազմի ամեն օրը մենք տալիս ենք տասնյակ նորանոր նահատակներ, ապա այդ զոհերն իսկապես անիմաստ են դառնում, եւ նրանց մահվան պատասխանատվությունը կրում են հենց իրենք, ովքեր խուսափում են բանակցություններից։

- Ինչո՞ւ է Փաշինյանը, ինչպես Դուք եք ասում, վերապահումով խոսում ռուսական զորք մտցնելու մասին:

- Պատճառները բազմաթիվ են։ Մի կողմից, ինչպես Փաշինյանն է ասում, իսկապես բանակցային ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, սակայն վերջինս մի քանի օր առաջ մի հայտարարություն է արել ու մի կողմ քաշվել։ Ի դեպ, շատ ավելի փոքր միջադեպերի դեպքում համանախագահները շատ ավելի օպերատիվ էին արձագանքում, մինչդեռ լայնածավալ պատերազմի առիթով մի հայտարարություն անելը նրանցից 3-4 օր խլեց։ 
Նաեւ՝ խոսափելով Ռուսաստանի հետ անմիջականորեն խաղաղապահների հարցից խոսելուց՝ Փաշինյանը փորձում է «facesaving» ապահովել (փրկել դեմքը) իր հակառուսական թիմի առաջ։ Չի բացառվում նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջին 2 տարիների վայրիվերումների պատճառով ռուսները շատ չեն վստահում Փաշինյանին եւ նրա առջեւ անձնական բնույթի պահանջներ են դրել։


- Ռուսաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ներազդելու ի՞նչ միջոցներ ունի: Դատելով վերջին օրերի ռուսական հեռուստամեդիայից, ռուսներն ընկալում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են դեմ կրակի դադարեցմանը:

- Ադրբեջանի վրա կան ազդեցության լծակներ՝ սկսած էներգետիկայից, մինչեւ զենքի մատակարարումներ, անգամ՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների կարգավիճակ։ Սակայն, կարծում եմ, հիմնական ազդեցությունը Բաքվի վրա լինելու է Թուրքիայի միջոցով, որի հետ Ռուսաստանն ունի «առեւտրի» շատ լայն տարածք՝ սկսած Լիբիայից ու Սիրիայից, Ղրիմից ու Աբխազիայից, մինչեւ էներգակիրներ ու ատոմակայանի կառուցում։ Կարծում եմ, անգամ Մոսկվայում որոշված է, թե ինչ պետք է զիջեն Թուրքիային կրակի դադարեցման դիմաց։

- Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս պրեսին» տված հարցազրույցում ասում է. «Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին»: «Այս տարածաշրջան» ասելով, Նիկոլն ի՞նչ նկատի ունի, Ձեր կարծիքով, Ղարաբա՞ղը, Հարավային Կովկա՞սը, ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

- Երեւի թե նկատի ունի ղարաբաղյան հակամարտության գոտին։ Ահաբեկիչների թեզի գործարկումը շատ լավ գործոն է միջազգային հանրության ներգրավման առումով, քանի որ ահաբեկչությունը համարվում է տրանսազգային վտանգ, որի դեմ պայքարում է ողջ աշխարհը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ինչպես ասացի, նրա հեռացումը հենց պետք է լինի բանակցությունների թեմաներից մեկը։