Մեզ պետք է ֆինանսական աջակցություն թե՛ Սփյուռքից, թե՛ ներսում պետք է աջակցությունը լինի․ Կարեն Ադոնց

Մեզ պետք է ֆինանսական աջակցություն թե՛ Սփյուռքից, թե՛ ներսում պետք է աջակցությունը լինի․ Կարեն Ադոնց

Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով շարունակվում են ռազմական գործողությունները։ 

Տնտեսական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցի հետ։

Ադոնցն ասաց, որ այս պահին տնտեսության մասին խոսելը շատ դժվար է։  «Ընդհանուր առմամբ մենք դիմանում ենք ու պետք է դիմանանք։ Հետագայում՝ իրավիճակը փոխվելուց հետո, նոր կարելի է մտածել ավելի կոնկրետ, թե ինչպես է պետք արագացնել տնտեսության զարգացումը։ Այս պահին մենք բոլորս պետք է զբաղված լինենք մեր անվտանգության խնդիրներով։ Որևէ լուրջ պրոբլեմ կապված դրամի արժեզրկման կամ բանկային համակարգի, ֆինանսական համակարգի հետ այս պահին չկա։ Ամեն ինչ ընդհանուր լարված վիճակում է, բայց որևէ տնտեսական լուրջ խնդիր այս պահին, այս ճգնաժամային իրավիճակում ես չեմ տեսնում»,- նշեց տնտեսագետը։ 


Ըստ նրա՝ ավելորդ խուճապ, ավելորդ խոսակցություններ պետք չեն, իսկ գլխավորն այն է, որ լուծվի անվտանգության խնդիրը, բոլորը վստահ լինեն, որ հաղթելու ենք այս հակամարտությունում, պատերազմում, որից հետո նոր կմտածենք զարգացման մասին, իսկ Հայաստանը նախադրյալներ ունի, քանի որ կա մեծ համախմբվածություն թե՛ դրսում, թե՛ ներսում, ինչպես նաև ամեն ինչ կախված կլինի, թե զարգացման ռազմավարությունը, քայլերն ինչ ձևով կկազմակերպվեն։ 

Հարցին՝ «Հայաստան» համահայկական հիմադրամում հավաքված գումարը որքա՞ն ժամանակով կբավականացնի, պատասխանեց․ «Բնական է, որ այս ժամանակահատվածում, այս իրավիճակում մեր ռազմական ծախսերը մեծ են։ Հիմա եթե մենք փորձենք գնահատական տալ՝ «բավարար է», «բավարար չէ», իհարկե բավարար չէ, քանի որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ։ Այո՛, բոլորը պետք է մասնակցություն ունենան, հուսադրեն, վստահ լինեն, որ մենք այս գործընթացն անցնելու ենք հաղթանակով, հաջողությամբ»։  

Անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկման թեմային՝ տնտեսագետն ասաց, որ ընդհանրապես համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի մեջ է, և բոլոր տնտեսություններն ունեն ֆինանսական խնդիրներ կապված արտարժույթի հետ, տնտեսության զարգացման հետ, շուկաների հետ։ «Ընդհանուր համաշխարհային տնտեսական ճգնաժամը ոչ մի տեղ չի վերացել ու շարունակվում է այդ գործընթացը։ Այնպես որ, բոլոր երկրներն ունեն լարված վիճակ, բայց չեմ կարծում, որ դա որևէ երկրի կբերի կտրուկ տնտեսական անկման և այլն։ Ընդհանուր տնտեսական անկումը կա, ու այդ իրավիճակում բոլոր երկրները դժվարություններ ունեն։ Բայց սպասել, որ հեսա լիրան կփլվի կամ սպասել Ադրբեջանի արժույթը կընկնի, կտրուկ փոփոխությունների սպասումներ չկան։ Աշխարհի բոլոր տնտեսություններն ունեն դժվարություններ․ թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ կառուցվածքային, թե՛ շուկայական և այլն»։  
Ադոնցի գնահատմամբ՝ սա ներառում է նաև կորոնավիրուսային իրավիճակը, և սրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամը կա ու խորանում է։ «Չի վերանում, դրա համար և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ մնացած բոլոր երկրները, այդ թվում՝ նաև մենք մինչև պատերազմական իրավիճակն ունեինք տնտեսական լուրջ խնդիրներ անկման հետ կապված։ Բայց խոսել, որ հիմա Թուրքիայի վիճակն այն աստիճանի կվատանա, որ կունենան կոլապս և այլն, այս պահին նման բան սպասելն անիմաստ է։  Մեր խնդիրն այս պահին, քանի որ բացի ճգնաժամից, ավելացել են ռազմական ծախսերը, փոխվում է բյուջեի դեֆիցիտի հաշվարկը, վերանայվում է դեֆիցիտի տեսակարար կշիռը, ավելացվում է դեֆիցիտը՝ մոտ 7,5 տոկոս, հիմա մեզ պետք է ֆինանսական աջակցություն թե՛ Սփյուռքից, թե՛ ներսում պետք է աջակցությունը լինի, որ մենք այս ծանր գործընթացն անցնենք արժանապատիվ ձևով։ Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Այո՛, առաջանալու են ավելի խորացված տնտեսական խնդիրներ, որը մենք կարող ենք լուծել, եթե քաղաքականությունը լինի ճիշտ»,- եզրափակեց Կարեն Ադոնցը։
 

Սերգեյ Առաքելյան