Կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել Մարտի 1-ի երթին

Կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել Մարտի 1-ի երթին

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու վերաբերյալ: Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով:

Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել Մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, Մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ նախատեսելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ։ Կարևորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս քայլը, Կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին»: