Մեր դիրքապահները կրակո՞ւմ են , թե՞ չեն կրակում

 Մեր դիրքապահները կրակո՞ւմ են , թե՞ չեն կրակում

ՀՀ նախագահի խորհրդական, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Թևան Պողոսյանը մտահոգություն է հայտնել արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես գրելով․

«Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։

2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցիներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»։

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին խնդրեցինք պարզաբել գրառումը, թե ինչպիսի՞ ինժեներական աշխատանքների մասին է խոսքը․

«Դուք հետևեք մեր տված ինֆորմացիային, շաբաթական կտրվածքով մենք ինֆորմացիան տարածում ենք ։Մենք ոչ թե պիտի մտահոգություններ հայտնենք, մենք միշտ պիտի պատրաստ լինենք ցանկացած ոտնձգության։ Բանակը չի մտահոգվում, բանակը մշտապես պատրաստակամ է, որպեսզի հակառակորդի կողմից ցանկացած սադրանք վնասազերծի։ Ինչ վերաբերում է առաջնագծում կատարվող աշխատանքներին, ապա մենք էլ ենք կատարում, բոլորն էլ կատարում են»,- մեզ հետ զրույցում ասաց Հասրաթյանը։ 

Հարցրինք, թե կա՞ հրաման հակառակորդի կրակոցներին չպատասխանելու․

«Մենք պատասխանում ենք խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասաց ՊԲ մամուլի խոսնակը։