Սուրբ Ծննդյան քաղաքական մտորումներ եւ ոչ միայն 

Սուրբ Ծննդյան քաղաքական մտորումներ եւ ոչ միայն 

Այսօր հունվարի 6-ն է, ըստ Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Օրվա առիթով դեռ երեկ՝ Սուրբ Ծննդյան նախորդ երեկոյան շնորհավորանք հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով քրիստոնեական Աստվածաշնչից Հին Կտակարանի Սաղմոսների գրքից 20-րդ սաղմոսը։ Տոնական այս օրով իհարկե չէինք ուզենա խոսել քաղաքականությունից, սակայն որոշ մտորումներով կուզենայինք կիսվել հենց այն սաղմոսի հետ կապված, որն ընթերցել է Նիկոլ Փաշինյանը որպես Ս․ Ծննդյան շնորհավորանք։ Հատկապես հետաքրքրական են այս սաղմոսի մեջ այն տողերը, որոնք հստակ արձանագրում են, որ «թագավորը» կամ որ նույնն է՝ երկրի ղեկավարը, իշխանավորը, պետք է ուրախանա Աստծո զորությամբ, թագավորն իր հույսը դրել է Աստծո վրա։ Եւ այսպես, ով է «թագավորը»։

Ինչպես արդեն ասացինք՝ երկրի ղեկավարն է, քաղաքական, ռազմական առաջնորդը, տնտեսության գլխավոր խնամատարը, «ժողովրդի հայրը», իր երկրում, իր ժողովրդի վրա ամբողջական իշխանություն ունեցողն է։ Սակայն, ինչպես կարելի է հասկանալ սաղմոսի տողերից, այդ միահեծան եւ ամբողջական իշխանություն ունեցող թագավորը ինչպես ժողովուրդն է ասում «վերջին խազը» չէր եւ նրանից վեր էլ կա անհամեմատ շատ ավելի մեծ «Մեկը», որի զորությամբ, որի՝ իր հանդեպ ողորմածությամբ, իրեն աջակցությամբ  ուրախանում թագավորը եւ այդ «Մեկին» է նա ապավինում ամենաբարդ իրավիճակներում։ Այդ «Մեկն» անշուշտ, ըստ սաղմոսի, Աստված է՝ «Տերը»։ Թեեւ սաղմոսը սրբազան տեքստ է քրիստոնյաների համար, սակայն կրում է իր վրա իր ժամանակի ոգին՝ կրոնական եւ քաղաքական պատկերացումները՝ Աստծո՝ ամենակալությունը եւ արքայական կամ որ նույնն է կառավարող քաղաքական իշխանության կախվածությունը Աստվածային իշխանությունից։

Հաղթանակը թե պարտությունը, հաջողությունը թե ձախողումը, թշնամիների հալածումը թե կյանքի երկար օրերի շնորհումը այլ բան չէ, քան Աստծո ողորմածության, շնորհի արդյունք։ Ու այս համատեքստում հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից այս սաղմոսի ընթերցումը այն իրավիճակում, երբ Հայաստանի քաղաքական իշխանության եւ Առաքելական եկեղեցու միջեւ որոշակի խնդիրներ կան, Սուրբ Ծննդյան տոնական օրվա խորհրդի ընդհանուր ֆոնին, շատ խորհրդանշական է ու ասելիք պարունակող։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն քրիստոնյա համարում է (իսկ նա հաստատ քրիստոնյա է ու ունի մեծ հարգանք քրիստոնեական Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի հանդեպ, որպես բանտ ու բանտարկություն տեսած մարդու, իսկ բանտում Աստվածաշունչը բարձրագույն ու անվերապահ, անքննելի հեղինակություն ու արժեք է), ուրեմն վստահորեն կարելի է ասել, որ կհասկանա, որ իր իշխանությունը կամ ցանկացած այլ իշխանություն, որ գոյություն ունի երկրի վրա, գոյություն ունի այնքանով, որքանով այդպիսին է Աստծո կամքը կամ Աստծո բարեհաճությունը եւ առավել չէ, քան Աստծո իշխանությունը, որովհետեւ Աստծո իշխանությունը սահման չի ճանաչում եւ տարածվում է նաեւ մարդու ծնունդի եւ մահվան ժամերի ու ժամկետների վրա։

Միաժամանակ՝ եթե քաղաքական իշխանությունը գոյություն ունի որպես մարդկանց կյանքի կազմակերպման, կանոնակարգման ձեւ, ապա կրոնական իշխանությունն էլ գոյություն ունի մարդկանց հոգիների փրկության հարցը լուծելու համար եւ արդյունք է մարդկանց, Երկրի, Իր արարչագործության հանդեպ Աստծո անսահման սիրո, այն սիրո, որի արդյունքում մոտ երկու հազար տարի առաջ ծնվեց Հիսուս Քրիստոսը, Ով ըստ քրիստոնյաների պատկերացումները Աստծո մարմնացած Խոսքն էր՝ Աստծո Որդին։ Կրոնական իշխանությունը քրիստոնեական աշխարհում իրականացվում է Քրիստոնեական Ընդհանրական Եկեղեցու միջոցով, որը կարելի է ասել՝ անժամանակ գոյություն է ունենալու այնքան ժամանակ, մինչեւ որ ըստ քրիստոնեական պատկերացումների, վրա հասնի «աշխարհի վախճանի» ժամանակները, եւ որի մաս է կազմում Առաքելական եկեղեցին։

 Հետեւաբար՝ խնդիրները, որոնք առկա են այսօր Առաքելական եկեղեցու եւ Հայաստանի քաղաքական իշխանությունների միջեւ, առաջին հերթին չի բխում Նիկոլ Փաշինյանի շահերից։ Ավելին, այդ խնդիրներն անհեթեթ են որովհետեւ անհեթեթ է ցանկացած խնդիր, որ կարող է առաջանալ ժամանակավորի եւ անժամանակի միջեւ, Աստվածային կամքի արտահայտության եւ Աստվածային սիրո արտահայտության պտուղ հանդիսացող կառույցների միջեւ, մարդկանց մարմնավոր եւ հոգեւոր կարիքների հոգացողությունն իրականացնելու կոչումն ունեցող հաստատությունների միջեւ։ Ուստի կարեւոր է, որ այդ խնդիրները որքան հնարավոր է շուտ հաղթահարվեն ի շահ ժողովրդի եւ պետության։ Այո, խնդիրներ կան թե իշխանության ներսում, թե Առաքելական եկեղեցու ներսում։ Սակայն դրանք հաղթահարելի են։ Պարզապես պետք է երկուստեք ունենալ կամք ու խիզախություն՝ յուրատեսակ սխրանքի գնալու՝ միասին մեկ սեղանի շուրջ նստելու եւ միմյանց հետ խոսելու եւ միմյանց լսելու համար։