«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը որոշ դեպքերում հաջողում է, որոշ դեպքերում՝ ոչ

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը որոշ դեպքերում հաջողում է, որոշ դեպքերում՝ ոչ

Դատավորների ընդհանուր ժողովը սեպտեմբերի 8-ի նիստում կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ ընտրեց։ Քվեարկության արդյունքում հանձնաժողովի դատավոր անդամներ ընտրվեցին Երեւանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, Վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանը, Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, իսկ դատավոր չհանդիսացող անդամի թափուր տեղի համար միակ թեկնածուն Անի Չատինյանն էր, ում դատավորները չընտրեցին։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Մերի Համբարձումյանի եւ դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը՝ 3 տարին, լրացել էր, հետեւաբար՝ թափուր տեղերը լրացնելու եւ նոր անդամներ ընտրելու ժամանակն էր։ Դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը վերաառաջադրվել էին։ Դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի թեկնածությունը կրկին ներկայացվել էր, սակայն նրա առաջադրման փաստաթղթերը ԲԴԽ-ի կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովը չէր ընդունել, փոխարենը հաստատել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից առաջադրված Անի Ժիրայրի Չատինյանի թեկնածությունը։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն, հիշեցնենք, կարկառուն արեւմտամետ, սորոսականի համբավ ունեցող Արթուր Սաքունցի ՀԿ-ն է, որի թեկնածուն, բնականաբար, նաեւ ԲԴԽ-ի թեկնածուն էր։

Նշենք, որ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովն օժտված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությամբ, այսինքն՝ ենթադրվում է, որ  իշխանություններն այս հանձնաժողովում եւս կփորձեն ներառել իրենց համար ցանկալի անձանց, որպեսզի այս հանձնաժողովը եւս որպես գործիք օգտագործեն՝ իրենց համար անցանկալի դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցելու, իսկ իրենց սրտի դատավորներին կարգապահական վարույթներից ապահովագրելու համար։

Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել Արման Հովհաննիսյանի ընտրության համար. նախ՝ փորձել է առաջ մղել քրեական մասնագիտացմամբ իր թեկնածուին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին, ով հրաժարվել էր առաջադրումից։ Կիրակոսյանը դատավոր է դարձել 2023 թվականի հունվարին՝ նախ նշանակվելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, ապա տեղափոխվելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մինչ այդ էլ աշխատել է ԲԴԽ դատական դեպարտամենտում, այսինքն՝ Կարեն Անդրեասյանի ենթակայության ներքո։ Քրեական մասնագիտացմամբ այլ դատավորներ եւս հրաժարվել էին ներկայացնել իրենց թեկնածությունը՝ չցանկանալով Արման Հովհաննիսյանի դեմ առաջադրվել։ Սակայն Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, շրջանառվող լուրերի համաձայն, փորձել են բարձրացնել դատավոր Արման Հովհաննիսյանի առաջադրման անհնարինության հարցը, ինչը փաստացի եւս չի հաջողել։

Դատավորների ընտրության արդյունքներով՝ Արման Հովհաննիսյանը վերընտրվել է հանձնաժողովի անդամ՝ 191 կողմ, 36 դեմ եւ 3 անվավեր քվեաթերթիկներով:

Թեմայի առնչությամբ զրուցեցինք դատավոր Դավիթ Հարությունյանի հետ, ում լիազորությունները՝ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համատեղ ջանքերով, օրենսդրական եւ ընթացակարգային բազմաթիվ խախտումներով, դադարեցվեցին։

Հարությունյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի այն մեկնաբանությունների վերաբերյալ, որ դատավորները կրկին տապալեցին Կարեն Անդրեասյանի պլանները, այսինքն՝ ըմբոստություն դրսեւորեցին։ «Ուղղակի կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, ընտրված բոլոր դատավորներն էլ՝ թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Շահնազարյանը, արժանի թեկնածուներ են եւ արժանի կերպով ընտրվել են այդ հանձնաժողովի անդամ, մինչ այդ էլ պաշտոնավարում էին այդ նույն հանձնաժողովում»,- պատասխանեց Հարությունյանը։

Թե՛ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը եւ թե՛ արդարադատության նախարարությունը օժտված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությամբ։ Հարությունյանին հարցրինք, թե սկզբունքների ու գործելաոճի ինչպիսի՞ տարբերություններ կան, եթե այդ երկու սուբյեկտները համեմատենք միմյանց հետո։ «Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ միակ լեգիտիմ մարմինը, որը դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ կարող է հարուցել, դա հենց դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովն է։ Արդարադատության նախարարությունը թե՛ միջազգային չափանիշներով, թե՛ եվրոպական, իրավասու չէ դատավորների վերաբերյալ վարույթներ հարուցելու, դրանք առնվազն խնդրահարույց են, եւ դա նորություն չէ, դա միջազգային չափանիշներով վաղուց ամրագրված է, միջազգային զեկույցներում էլ Հայաստանին այդ մասին միջազգային կազմակերպությունները՝ թե՛ GRECO-ն, թե՛ Վենետիկի հանձնաժողովը, համապատասխան ազդակները համապատասխան բանաձեւերով հասցրել են»,- պատասխանեց Հարությունյանը։
Նրան հարցրինք՝ համաձա՞յն է այն գնահատականի հետ, որ Կարեն Անդրեասյանը միայնակ է մնացել դատական համակարգի դեմ եւ տանուլ է տալիս հայտարարված պատերազմը։ «Ես այդպիսի ընդհանրական գնահատական չեմ տա, դժվար էլ է նման բան պնդելն ու ասելը»,- պատասխանեց Հարությունյանը։ Իսկ իշխանություններին հաջողվո՞ւմ է անել այն, ինչ ուզում էին անել դատական համակարգում՝ հարցրինք դատավորին․ «Միշտ էլ մի մասը հաջողվել է, մի մասը չի հաջողվել, իմ կարծիքը, ամեն դեպքում, այս ամենի վերաբերյալ անփոփոխ է, որոշ դեպքերում հաջողվում է, որոշ դեպքերում՝ ոչ»։