«Հրապարակ». Ստացվում է, որ նախկին նախագահները 30 տարի ամբողջ աշխարհին էշի՞ տեղ են դրել

«Հրապարակ». Ստացվում է, որ նախկին նախագահները 30 տարի ամբողջ աշխարհին էշի՞ տեղ են դրել

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, հետեւաբար՝ Ադրբեջանին հնարավորություն է տվել Արցախում անել այն, ինչ ուզում է, կրկին շառը գցեց նախկինների վրա, բայց այս անգամ 1991 թվականի նախկինների՝ ասելով, որ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ այն վերապահումները, որոնք Հայաստանն արել է հռչակագիրը վավերացնելիս, որեւէ բան չեն փոխել Արցախի հարցի բանակցային գործընթացում։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանին հարցրինք` իրո՞ք վերապահումները, որոնք արել է Հայաստանի Գերագույն խորհուրդը, որեւէ բան չեն փոխել բանակցություններում, եւ իրո՞ք Հայաստանն այդ հռչակագրով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ «Խորհրդային Միության փլուզումը, Ալմա-Աթայի հռչակագրի գնահատումը շատ սիրողական մակարդակով է տեղի ունենում։ Երբ Գերագույն խորհուրդը վավերացնում էր Ալմա-Աթայի պայմանագիրը, արել են վերապահումներ, դրանցից մեկն էլ հենց վերաբերել է ԽՍՀՄ տարածքից պոտենցիալ անկախացող միավորներին, ինչպիսին, օրինակ, ազգային փոքրամասնությունների ավտոնոմ շրջաններն են։ Մենք պետք է դիտարկենք, որ 1994-ից մինչեւ 2018 թվականը բանակցային գործընթաց է եղել, որի շրջանակներում Արցախն ուղղակիորեն չէր համարվում Ադրբեջանի մաս: Նույն՝ Մադրիդյան սկզբունքները, նույն` Կազանի փաստաթուղթը, մինչ այդ եղած կարգավորման բոլոր ծրագրերի շրջանակներում Արցախի կարգավիճակի հետ կապված ինչ-որ հարցադրումներ են եղել։ Եթե Արցախը միջազգային իրավական որեւէ կարգավիճակ էր ստանում, նշանակում է, որ դրանք Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ քննարկումներ չէին, հակառակ դեպքում 30 տարի ոչ մի քննարկում չէր լինի, համանախագահողները որեւէ քննարկում չէին տանի, չէին լինի Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Իլհամ Ալիեւը չէր ասի, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ դրանից բխող շատ ուրիշ բաներ։ Եթե ամեն ինչ այդքան պրիմիտիվ էր, եւ Հայաստանը ճանաչել էր Արցախն Ադրբեջանի կազմում, 1991 թվականին, ապա այսքան ժամանակ քննարկումներ չէին լինի։ Նույն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումները, որոնց Ադրբեջանը շատ է սիրում հղում անել, այդ որոշումներում օգտագործվում է, օրինակ, «օկուպացիա» տերմինը` հայկական ուժերի կողմից, ինչը բնորոշ է միջպետական հարաբերություններին, այլ ոչ թե ներպետական հարաբերություններին։ Այսինքն՝ բազմաթիվ արգումենտներ կան, խնդիրն այն է, թե ինչ արգումենտ ենք ուզում օգտագործել, ուզո՞ւմ ենք օգտագործել այն արգումենտները, որոնք մեզ ավելի լավ դիրք են տալիս, թե՞ ասում ենք՝ ամեն ինչ որոշված է, մենք դիրքորոշում չունենք, 1991-ին ինչ-որ մեկն ինչ-որ ուրիշ բան է արել, թե՞ մենք ուզում ենք հիմնավորել մեր պահանջները կամ մեր դիրքորոշումը»,- պատասխանեց Օրբելյանը։

Անդրադառնալով բուն հռչակագրին՝ Օրբելյանն ասաց, որ այնտեղ որեւէ տող չկա Ադրբեջանի տարածքի չափի մասին․ «Ալմա-Աթայի հռչակագրի տեքստում կա՞ որեւէ տեղ, որ, օրինակ, Խորհրդային Միության վարչական սահմաններն ընդունում ենք որպես մեր նոր պետական սահմաններ․․․, չկա, իսկ թե այդ հռչակագրի սկզբունքների մեջ տարածքային ամբողջականության մասին խոսք կա՞, թե՞ չկա, դա էական չէ, որովհետեւ միջազգային իրավունքն ինքնին ճանաչում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ արգելվում է ուժի օգտագործումը որեւէ պետության տարածքի նկատմամբ, ինչը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ: Հետեւաբար, Ալմա-Աթայի հռչակագրի տեքստից որեւէ կերպ չի կարելի բխեցնել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է։ Ես դեռ վերապահումներին չեմ անդրադառնում, այլ՝ բուն տեքստին։ Բացեք հռչակագիրը եւ տեսեք, թե որտեղ է գրված, որ Հայաստանն Արցախը համարում է Ադրբեջանի մաս, որտեղ է գրված, որ Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր է։ Այսինքն՝ ստացվում է, որ նախկին 3 նախագահները նախորդ 30 տարում կարողացել են ամբողջ աշխարհին էշի տեղ դնել՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը հաստատ գիտեր մի բան, մենք էլ գիտեինք մի ուրիշ բան ու բանակցում էինք»։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փորձում է Ալմա-Աթայի հռչակագրով իր վրայից գցե՞լ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պատասխանատվությունը՝ ասելով, որ, դե, նախկինում արդեն հանձնել էին, ես ի՞նչ անեի։ Օրբելյանի կարծիքով՝ Փաշինյանը դա դիտավորյալ է անում․ «Ես մոտեցում ունեմ, որ ինքը փորձ է կատարում դրա միջոցով Հայաստանի ապագա բանակցային հնարավորությունները վերացնել` այն տարբերակով, որ դե 1991 թվականից ենք ճանաչել, նոր չեմ ճանաչում։ Ես բազմիցս պնդել եմ, որ հիմք ունեմ այս ամբողջ գործընթացը գնահատել, որ սա ոչ թե սխալների, անփորձության, վատ քաղաքականության արդյունք է, այլ դիտավորություն կա սրա մեջ, ապա ես հիմք ունեմ ենթադրելու, որ այս գործընթացը պայմանավորված է «գործատուների» հետ որոշակի պայմանավորվածություններով, իսկ գործատուները Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ պետություններն են, որոնք ունեն շահեր»: